Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվաբնակ գործարարին գաղտնալսելու գործն էլ փակեցին

Հուլիս 22,2023 12:30

Այս տարվա հունիսին «հանցագործության մասին հաղորդումով» վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին էր դիմել մոսկվաբնակ գործարար Վարդան Խառատյանը («Գործարարի տանը գաղտնալսող սարք էր տեղադրել, հավաքել ապօրինի տեղեկություններ», «Առավոտ» օրաթերթ, 23.06.2023թ):

Խառատյանն ահազանգել էր իր նկատմամբ կատարված մահափորձերի, իրավապահ մարմինների անգործության, երկու տարբեր քրեական գործերով դատական նիստերի անհարկի ձգձգումների մասին:

Քրեական գործով անջատված մասով Մեսրոպ Սիմոնյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է 2022թ. փետրվարի 22-ից: 14890220 քրեական գործի մեղադրական եզրակացության համառոտ մասի համաձայն. «Մեսրոպ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գումարային խնդիրներ ունենալով իր ծանոթ Վարդան Խառատյանի հետ եւ բնակվելով վերջինիս պատկանող՝ Երեւան քաղաքի Թավրիզյան փողոցի նրա տանը, ցանկանալով տեղեկանալ վերջինիս տանը կատարվող խոսակցություններին եւ ապօրինի հավաքել դրանց վերաբերյալ տեղեկություններ, 2019 թվականի ապրիլ ամսին՝ քննությամբ չպարզված օրը, նշված տանը տեղադրել է գաղտնալսող սարք եւ առանց Վարդան Խառատյանի համաձայնության ու գիտության՝ մինչեւ 2020 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում՝ քննությամբ չպարզված օրը, նրա վերաբերյալ ապօրինի հավաքել է անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ՝ խախտելով վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը»: Այդ գործով նրա նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Այս տարվա փետրվարի 23-ին որոշում է ընդունվել հետախուզում հայտարարելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին: Մեղադրողն է միջնորդություն ներկայացրել: Դատարանն արձանագրել է, որ ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ ամբաստանյալ Մ. Սիմոնյանին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք դրական արդյունք չեն տվել: Ըստ դատարանի՝ «նա թաքնվում է դատից եւ նրան հայտնաբերելու նպատակով անհրաժեշտ է վերջինիս նկատմամբ հայտարարել հետախուզում, իսկ քրեական գործի վարույթը կասեցնել` մինչեւ նրան հայտնաբերելը»: Մարտի 13-ին վարույթը վերսկսվել է, Սիմոնյանը ներկայացել է դատարան, պարտավորվել առաջին իսկ կանչի դեպքում ներկայանալ դատարան…

Վ. Խառատյանն «Առավոտին» երեկ ասաց, որ երեք տարվա մեջ մի նիստ է հազիվ դատարանն ի վիճակի եղել կայացնել, նա ասում է, երբ խոսքը տուժողին ծանուցելու մասին է, ապա դատարանը սպառնում էր բերման ենթարկել, իսկ ամբաստանյալի, մնացյալի դեպքում ասես նման բան չկա:

Այս գործով ուշագրավ զարգացումներ տեղի ունեցան, որի մասին կտեղեկացնենք ավելի մանրամասն «Առավոտի» առաջիկա համարում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31