Լրահոս
Օրվա լրահոսը

Կապույտից ծնված լույսը

Հուլիս 22,2023 12:00

Դիլիջանցի քանդակագործ Վարազդատ Ամյանի հիշատակին

Դիլիջանի Երկրագիտական թանգարան-պատկերասրահում շատ եմ սիրում լինել արվեստագետ, ազգագրագետ, ՀՍՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ Սերիկ Դավթյանի քանդակի մոտ: Հեղինակը դիլիջանցի քանդակագործ, նկարիչ Վարազդատ Ամյանն է: Այդ աշխատանքը մի տեսակ տարօրինակ ձգողականություն ու առեղծվածային խորհուրդ, զարմանալի հանդարտություն ունի, գոնե ինձ համար: Այն խորհել է տալիս, խոսում իր լռությամբ ու միշտ գրավել է ինձ՝ առանձնակի հետաքրքրություն առաջացնելով:

Ամեն անգամ թանգարան-պատկերասրահում լինելիս՝ իջնում եմ այն սրահը, որտեղ Սերիկի նյութերի հետ այն ցուցադրվում է: Քանդակին մոտենալիս միշտ հուզվում եմ, կարծես կենդանի Սերիկն է առջեւս ու ասում. «Բարեւ, իմ Սերիկ…»: Թվում է, որ ինձ հարազատ այս կինը լսում է, տեսնում եւ զգում: Պարտադիր հնչում է թանգարանի տնօրենի, գեղանկարիչ Արման Բադեյանի հարցը. «Սերիկին տեսա՞ր, բարեւեցի՞ր…»:

Կարդացեք նաև
Խղճի պարտք…

Ես շատ եմ նայել այդ քանդակին, ուսումնասիրել: Շատ եմ զրուցել Արմանի ու դիլիջանցի գեղանկարիչ Համլետ Ասատրյանի հետ, որ քանդակագործի մտերիմ ընկերն է եղել: Հետաքրքիր էր, թե ինչ զգացում ու միտք է դրդել նրան քանդակել հենց Սերիկին:

Երկար ժամանակ ուզում էի հասկանալ ոչ միայն Սերիկի դիմաքանդակը, այլեւ հենց իրեն՝ քանդակագործին, նրա ներաշխարհը, ստեղծագործական մղումն ու միտքը, երեւակայությունը, նույնիսկ ապրած կյանքն ու փնտրտուքները:

Զարմանալի է, որ մահից հետո նույնպես կարող ես բացահայտել մարդուն եւ արվեստագետին, չճանաչելով նրան՝ զգալ աշխատանքը, զգալ գործով, թողած ստեղծագործություններով ու մտերիմների հուշերով, ինչ-որ տեղ ճանաչել քո տեսանկյունով: Ու մի ակնթարթ սկսում ես հասկանալ, որ հարազատ զգալով այդ աշխարհը՝ ճանաչում ես նրան: Մարդը, արվեստագետը թողել է իր հետագիծը՝ հեռացող ասուպի նման:

Համլետ Ասատրյանի պատմություններն ու հուշերն ընկերոջ մասին շատ են: Միասին են սովորել, երկուսն էլ դիլիջանցի են, ապրել են մի հարկի տակ, հաց կիսել: Սիրելի Վարպետը անցյալի այդ տարիներից նրան հիշում է համարձակ ու տղայական: Անդադրում պրպտող ու փնտրող, ամեն ինչով հետաքրքրվող, ամեն ինչի մեջ գեղեցիկը տեսնող ու զգացող…

Մարդը հետաքրքիր է ոչ միայն իր արվեստով, այլ ապրած կյանքով, դրա հանդեպ իր յուրօրինակ մոտեցմամբ: Աշխարհիկ կյանքում շարունակ իրենը որոնելով ու այն արվեստում ապրեցնող: Վարազդատ Ամյանը տարիներ շարունակ ղեկավարել է Դիլիջանի նկարչական դպրոցը, եղել դրա հիմնադիր տնօրենը: Բազմակողմանի զարգացած եւ շնորհալի քանդակագործ էր, նաեւ հիանալի նկարիչ-ձեւավորող: Նա շատ բան է արել իր ծննդավայրի համար: Այսօր էլ Դիլիջանում նրան հիշեցնող շատ նվիրական հիշատակներ կան:

Ինձ շարունակ մի բան էր գրավում՝ Վարազդատ Ամյանի ծաղկանկարների կոմպոզիցիաների կապույտը… Դա սովորական կապույտ չէ, դրանում մի սուր նյարդ կա, ձգող լար, դա ուրի՜շ մի կապույտ է, կտրող կապույտ, որի նմանը չգտա իմ տեսած որեւէ մի կապույտում: Ես այն կանվանեմ ամյանական կապույտ: Նրա ծաղիկները չափից ավելի կապույտ են ու դիլիջանյան… Երեւի այդպես է քանդակագործը զգացել, ընկալել ու արտահայտվել…

Սերիկն էլ սիրում էր կապույտը, կապույտը սիրում եմ ես… Ու դարձյալ դադար չտվող միտքը. «Այս աշխարհում ո՞վ Սերը ներկեց կապույտ, լաջվարդ երկնքից առաջինն ո՞վ կապույտ շրշուն շորեր կարեց ու տեսավ սիրո կապույտից ծնվող Դիլիջանի լույսի սրսուռ ու թախծոտ մեղրածորը… Սիրո կապույտից ծնված լույսն ու կապուտաչյա մանուշակ ծաղիկը… Անսահման կապույտ է թվում ինձ Վարազդատ քանդակագործի աշխարհը, անսահման բարի ու անվերջ… Ի՞նչն է պատճառը, որ դիլիջանյան այդ կապույտն ապրում է, չի մեռնում, չի տարրալուծվում, հավերժանում է…»:

…Ուզում եմ նորից դիպչել քանդակին ու խելակորույս հարազատ մի ճանապարհ, որի անունը Սերիկի անցյալ ու պատմություն է, ինձ տանում է Դիլիջան, այն վայրը, ուր Սերիկի ու մեծերիս ծննդավայրն է եւ հիշատակները: Ճանապարհն այդ մերթ լայն է, մերթ լուսավոր, մերթ ստիպում է անցնել անանցանելին… Ամեն դեպքում, ես հաղթահարելու եմ: Սերիկն էլ այդպես կվարվեր: Ես պետք է վերապրեմ, ունենամ նրա կյանքի ամեն պատառիկ, ամեն մի հնամենի զրույց ու պատմություն, որպես գտնված մի մարգարտահատիկ: Ի վերջո, պիտի գտնեմ նրա ժանյակահյուս կյանքի հեքիաթային կապույտ ծաղիկը…

Սերիկ Դավթյանի դիմաքանդակը ստեղծվել է 1974-75թթ. ընթացքում, նրա կենդանության ժամանակ: Սակայն թանգարանին է հանձնվել 1988թ., երբ լրանում է Սերիկի մահվան 10 տարին: Երկար ժամանակ աշխատանքը դրված է եղել Դիլիջանի նկարչական դպրոցում: Այդ ստեղծագործությունը կարծես ինքնատիպ մի խոստովանություն է, տուրք, հարգանք այն կնոջ նկատմամբ, որը Դիլիջանին ամենաշատն է նվիրվել, որը Դիլիջանը շատ է սիրել, ապրել Դիլիջանով ու ինչպես սիրել են ասել Սերիկի մասին՝ կին, որ շատ նման է եղել իր հմայիչ ծննդավայրին:

Ընդունված է կարծել, որ արվեստը չի սիրում այն աստիճանի ճշգրիտ կոնկրետություն, որ դիմաքանդակին նայելիս հնարավոր լինի որոշել քանդակված անձի նեղ մասնագիտությունը: Ամյանի քանդակած Սերիկը հենց դրա մասին է վկայում: Մենք տեսնում ենք հոգեկան լիություն ունեցող, առաջացած տարիքի, մտածող ու խոհուն կնոջ: Քանդակագործին հաջողվել է այդ գործում արտահայտել Սերիկի բնավորության խստությունը՝ միախառնված բարությանը, նույնիսկ մի ակնթարթ մեղմ հայացքով նայող: Դժվար է որոշել՝ այստեղ ո՞վ է Սերիկը, ժանյակագործուհի, մանկավարժ ու գիտնական, թե՞ հասարակական-պետական գործիչ:

Անշուշտ, Սերիկի դիմաքանդակը ծնվել է խոր հարգանքից ու ակնածանքի մի զգացումից, որից քանդակագործը ոգեշնչվել է: Վարազդատ Ամյանն ուզել է կերտել հատկապես այն ժայռեղեն Սերիկի դեմքը (այդպես եմ անվանում Սերիկին առաջացած տարիքում), որի խորշոմներում, ամեն մկանում եւ ակոսում` իր ապրած կյանքն է, անցած ճանապարհը: Արվեստագետը քանդակել է մի կնոջ՝ ում ճանաչել է, ումով հիացել ու չի մոռացել երկար տարիներ: Չի մոռացել, քանի որ՝ տպավորությունները եղել են ուժեղ դրոշմված ու անջնջելի: Դրանում վարպետ-քանդակագործի դավանած ստեղծագործական արժեքն ու միտքն է, դատողությունն ու հոգեբանական վերլուծությունը, արտահայտման կարողությունը: Նա թափանցել է Սերիկի հոգու խորքը, այն արտահայտելով նյութի վրա: Ստեղծագործությունը խիստ տպավորիչ է:

Ձեռքով դիպչում եմ Սերիկի այտին, շոյում. այն կարծես լույս եւ ուժ է հաղորդում: Մենք մտովի զրույց ունենք, որ թվում է հավերժաբար կերկարի: Շատ հարցեր ունեմ Սերիկին: Նա գիտի, հասկանում է նույնիսկ լռությունս, չասվածն ու մտածածը, սակայն լռում է մի քարեղեն լռությամբ:

Այս գործում վարպետ-քանդակագործի տաղանդավոր ձեռքի արարման շնորհն է, որը ոգեղենացել ու նյութականացել է քանդակի վրա հավերժորեն թողնելով իր մատնահետքերը: Քանդակը խոսում է, պատմում, դրանից իմաստություն է ճառագում: Կարծես լսում եմ Սերիկի ձայնը: Ուզում եմ զգալ քանդակագործի արարող ձեռքը, նրա մատնահետքերը: Մի պահ հիշում եմ Ավետիք Իսահակյանի իմաստուն խոսքը. «Մեծ մտքերը լռության ու մենակության մեջ են ծնվում, մեծ զգացմունքները լռության ու խորհրդավորության մեջ են վառվում»:

Առաջին հայացքից այն տպավորությունն է, որ քանդակը նման չէ իսկական Սերիկին, քանի որ նրան հիշում են երիտասարդ, գեղեցիկ ու պայծառություն ճառագող անսպառ հմայքով: Բայց նկատենք, այստեղ տարիքն առած ու կյանքի փորձություն, տառապանք ապրած ու աքսոր տեսած իմաստուն Սերիկն է: Քանդակը կենդանի արտահայտչականությամբ է: Այն խաղաղություն ու հանգստություն է հաղորդում: Շատ եմ նայել քանդակի աչքերի խորությանը: Դրանք պատմում են Սերիկի կյանքի հեռավոր թախիծի, հոգեկան ու ֆիզիկական տանջանքի մասին, դրանք իմ ճանաչած կնոջ խելացի աչքերն ու միտքն են, որ տեսել եմ հարյուրավոր լուսանկարներում:

Շատ երկար ու տարբեր ժամանակներում եմ դիտել ամյանական Սերիկին: Այն փոփոխվող տրամադրությամբ է, տարբեր կողմերից թվում է տարբեր եւ նույնիսկ դիտվում է տարբեր տրամադրության ու բնավորության հաջորդական փոփոխությամբ, բայց վերջում պարուրում է այն զգացումը, որ ո՛չ՝ սա հաստատուն Սերիկն է, միշտ վստահ ու քնքուշ, միշտ զգաստ, միշտ նույնը, ինչպես իր անփոփոխ բնավորությունն էր: Նա տասնամյակներով նույնիսկ սանրվածքը չփոխեց: Նայում ու տեսնում ես կանացի ներքին հպարտությունը, հոգու փխրունությունն ու բնավորության հաստատուն գծերը, հանդարտ ու վեհ, ազնվական արժանապատվությունը, հավատարմությունը՝ իրեն, մարդուն, աշխարհին, մաքուրին ու գեղեցիկին…

Խոհական արտաքինով այդ պորտրեն՝ միտք ու տրամադրություն է հաղորդում: Դրանում չընկճվող ոգի կա, թույլ ժպիտ, նույնիսկ թախիծի զգացում: Այն ներդաշնակ է Սերիկի մոնումենտալ արտաքինին, նրա ազդեցիկ կերպարին: Ամյանը շնչավորել, կենդանացրել է Սերիկին: Բազմաթիվ անգամ փորձել եմ հասկանալ քանդակագործի ստեղծագործական միտքը: Նա հասել է իր նպատակին. Սերիկն այնպիսին է, որպիսին եղել է կենդանության օրոք: Քանդակի Սերիկը մի յուրօրինակ հմայք ունի, այն նույնը, որն ունեցել է կյանքում: Այստեղ միայն ժանյակագործուհի Սերիկը չէ: Դա հավաքական Սերիկն է՝ կյանքի ողջ գործունեությամբ ու ապրածով: Ահա այստեղ է, որ կարող եմ ասել, որ նրան արարող արվեստագետը հասել է կատարելության ու ստեղծագործական նպատակի՝ թափանցելով Սերիկի հոգու աշխարհ, արարել նրան՝ պարզ, կենդանի, արտահայտիչ: Ամյան քանդակագործը ճիշտ է տեսել ու հասկացել պատկառանք ու հարգանք ներշնչող Սերիկին, իր նման կապույտ ծաղիկների սիրահար Սերիկին… Ու շարունակ պտտվող մի հարց. «Տեսնես ի՞նչ են զրուցել քանդակագործն ու Սերիկը, ի՞նչ հարցեր է տվել ստեղծագործական ընթացքում»: Շատ կուզենայի ժամանակի փոշոտ ու ծանր վարագույրը հետ գնար, լսեի այդ զրույցը, նրանց ձայնը:

Ինձ խորապես տպավորում է ամյանական Սերիկի պորտրետային դիմաքանդակը, որում ես միշտ զգում ու տեսնում եմ նաեւ Վարազդատ Ամյանի բնավորությունը, նրա ստեղծագործական եւ կյանքը սիրելու ջղային նյարդն ու գեղեցիկի փնտրտուքն ամեն ինչում: Նա ապրել է այդպես: Արվեստի այս գործի ծանրության խորքում թաքնված է մի տաղանդավոր արվեստագետ կնոջ կյանք ու կենսագրություն, մի հմայիչ Սերիկ, իր արարիչ ձեռքերով անձեռակերտ ժանյակներ ու բյուրանուն ծաղիկներով փնջեր հյուսած Սերիկ: Այս քանդակի մոտ Սերիկին զգում եմ այնպես, ինչպես իմ սրտի զարկը, ում հետ զրուցում եմ անվերջ ու անվերջ, լսում նրա լռության արձագանքը, նրանում փնտրում՝ կարոտ, սեր, տառապանք, ներքին այրում, իմաստություն ու խրատ:

Հրաժեշտ տալիս միշտ շրջվում եմ դեպի քանդակը, մեկ անգամ կրկին հեռվից նայելով: Ինձ թվում է, թե Դիլիջանի ճանապարհի ծաղկոտ եզրին Սերիկն է կանգնած, ժպիտը դեմքին եւ ձեռքին իր սիրած կապույտ մանուշակների փունջը:

Ու գիտեմ, նա նորից սպասելու է ինձ: Նա՝ Սերիկը, ով ինձ համար խղճի ու ճակատագրի խորհրդանիշ է:

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Սերիկ Դավթյանի կենսագիր

«Առավոտ» օրաթերթ
21.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31