Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ կոնկրետ Լաչինի միջանցքի հետ կապված միջազգային հանրությունը՝ ավելի կոնկրետ Արեւմուտքը, մեծ հաշվով մեղավորություն չունի, քանի որ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով Լաչինի միջանցքի վերահսկողությունը տրվել է ռուսական կողմին։
«Արցախի նախագահի՝ նստացույց անելն անհասկանալի է։ Նախագահն ակտիվիստ չէ, այլ պետք է կոնկրետ, հստակ քայլեր ձեռնարկի խնդիրները լուծելու համար»,- «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Արցախում տեղի ունեցող զարգացումները, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գործողությունները, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։ Հետաքրքրվեցինք՝ Արցախի եւ ՀՀ իշխանությունների միջեւ գործողությունների փոխհամաձայնեցում նկատո՞ւմ է, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Այո, շատ հարցերում նրանք խորհրդակցում են միմյանց հետ։ Կարծում եմ՝ լուրջ տարաձայնություններ, հակասություններ չկան։ Կարող է առանձին հարցերի շուրջ անհամաձայնություններ լինեն, բայց կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը բավականին համաձայնեցված գործողություններ են անում, եւ միմյանց հետ կապ, երկխոսություն կա»։
Արցախում տեղի ունեցողը Արմեն Վարդանյանը համաժողովրդական շարժում է համարում. «Արցախում բոլորը միասնական են թոթափելու, այդ խնդիրները լուծելու համար, բայց նաեւ պետք է հասկանանք՝ այս փուլում մենք պետք է այս ծանր բեռը միասին տանենք, որ իրավիճակը շտկենք։ Այսպիսի իրավիճակ է եղել նաեւ 1990-ականներին, երբ ՀՀ-ն ու Արցախը նույնպես կտրված էին իրարից։ Այն ժամանակ շատ բարդ իրավիճակ էր, բայց կարողացանք լուծել։ Հիմա պետք է համազգային միասնություն լինի, որպեսզի կարողանանք այս խնդիրների տակից դուրս գալ»։
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանում մարդիկ անտարբեր չեն Արցախի խնդիրների նկատմամբ. «Հայաստանում էլ շատ լուրջ մտահոգություններ կան, ՀՀ-ում էլ շարժումներ են ձեւավորվել՝ ի պաշտպանություն Արցախի»։
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը՝ շատերը կարծում են, որ միջազգային տարբեր կազմակերպությունների, դեսպանատների առաջ Արցախի հարցով պահանջներ դնելուց առաջ պետք է նախեւառաջ, ՀՀ իշխանություններին այդ պահանջները ներկայացնեն, որոնք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արմեն Վարդանյանն արձագանքեց. «Տարածքային ամբողջականության հետ կապ չունի, կոնկրետ Լաչինի միջանցքի շրջափակումն է։ Ուղղակի Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանն այս պահին պատրաստ չէ լայնածավալ պատերազմի եւ անընդհատ նեղացնում է մեր շուրջ փրկօղակը։ Ցավոք, 2021-ից հետո, երբ նախ իրենք փակեցին Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածը, տեսան՝ որեւէ դիմադրություն չկա, հետո էլի մի քանի գործողություններ ձեռնարկեցին. հայկական կողմից էլի դիմադրություն չկար, նրանց ձեռքերն ազատվեցին։ Ցավոք, իրենք մեր թուլությունն արդեն գիտեն, որ պատրաստ չենք հակահարված տալ։ Եվ այսպես օգտվելով առիթից՝ իրենք նման գործողությունների են գնում»։
Հիշեցրինք Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր հայտարարությամբ ողջունեց Ալիեւի պատրաստակամությունը հումանիտար օգնություն ուղարկել Աղդամով Արցախ։ Հարցրին՝ ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը. փոխանակ պատժամիջոցներ սահմանեն ագրեսոր Ադրբեջանի դեմ, նրա պատրաստակամությո՞ւնն են ողջունում, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ցավոք, եվրոպացի պաշտոնյաներն այլ տեսանկյունից են նայում հարցին՝ որպես հումանիտար ժեստի դրսեւորում, բարի կամքի դրսեւորում։ Բայց իրականում Ադրբեջանի նպատակն այլ է. փորձում է կտրել Արցախը Հայաստանից եւ փորձել այդ կերպ ինտեգրել Արցախին Ադրբեջանի կազմում։ Ցավոք, եվրոպական կողմը կամ չի հասկանում այդ պահերը, կամ էլ մատների արանքով է դրան նայում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակն է, որ ժամանակի ընթացքում ընդհանրապես Արցախ-Հայաստան կապը կտրվի»։ Մեր դիտարկմանը՝ գուցե մե՞նք չենք կարողանում հայկական օրակարգն առաջ մղել, քաղաքագետն այսպես արձագանքեց. «Կոնկրետ Լաչինի միջանցքի հետ կապված միջազգային հանրությունը՝ ավելի կոնկրետ Արեւմուտքը, մեծ հաշվով մեղավորություն չունի, քանի որ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով Լաչինի միջանցքի վերահսկողությունը տրվել է ռուսական կողմին։ Նրանք պիտի երաշխավորեին այդ միջանցքով ազատ ելումուտը։ Նաեւ Ադրբեջանն էր համապատասխան պարտավորություն վերցրել։ Բայց տեսնում ենք, որ Ռուսաստանը չի իրականացնում դա, եւ այստեղ Արեւմուտքը որեւէ կապ չունի։ Իհարկե, Արեւմուտքը պետք է հումանիտար նկատառումներից ելնելով՝ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, բայց իրավական կամ քաղաքական առումով Լաչինի միջանցքի շրջափակումը լիակատար կերպով ՌԴ-ի մեղավորությունն է առաջին հերթին, հետո Ադրբեջանի։ Մեծ հաշվով՝ այստեղ Արեւմուտքն անելիք չունի։ Իհարկե, մենք պետք է բախենք բոլոր հնարավոր դռները, այդ թվում նաեւ՝ արեւմտյան։ Եվ բոլոր հնարավոր ճանապարհներով հասնենք նրան, որ այդ միջանցքը բացվի»։
Փաստեցինք՝ ՌԴ-ից հնչող հայտարարություններում հիշեցում է կատարվում, որ եռակողմ հայտարարության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին որեւէ խոսք չկա։ Արմեն Վարդանյանն ասաց. «Ռուսաստանն ամեն կերպ փորձում է իր վրայից գցել պատասխանատվությունը, եւ դրա համար իրենք քայլեր չձեռնարկելով՝ ամեն անգամ տարբեր պատրվակներ են բերում։ Հիմա էլ ՀՀ իշխանություններին են մեղադրում Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար։ Եվ իրենց անգործությունը բարդում են հայկական կողմի վրա։ Ընդհանրապես մեր իրականության մեջ բոլորն էլ շատ լավ հասկանում են՝ ՌԴ-ն չի գնացել այնտեղ Արցախի ժողովրդին պաշտպանելու համար։ ՌԴ-ն իր զորքը, իր խաղաղապահներին է տեղակայում, որ լծակ ունենա Ադրբեջանի ու Հայաստանի վրա։ Ռուսական կողմը թքած ունի՝ այնտեղի բնակչությունը սովամահ կլինի, խնդիրներ կունենա, թե՝ ոչ։ Իրենց համար իրենց ոտքը պնդացնելն ու Արցախում խաղաղապահներ ունենալն է»։
Հարցին՝ ի՞նչ զարգացումների սպասել, նա ասաց. «Ես լավ կանխատեսումներ չունեմ, կարծում եմ, որ այս վիճակը բերելու է նոր պատերազմի կամ նոր բախումների։ Ադրբեջանն անընդհատ փրկօղակը մեր շուրջ սեղմում է, մեզ կարծես թե դիտավորյալ մղի պատերազմական գործողությունների կամ բախումների»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.07.2023