Այս պահին 14 600-ից ավելի քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը, և այս ցուցանիշն ամեն օր ավելանում է։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր` հուլիսի 21-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը։
«Շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով Կառավարությունը, սկսած հունվար ամսից, նախաձեռնել է ութ միջոցառում, որը անմիջականորեն ուղղված է կա՛մ աշխատատեղերի պահպանմանը, կա՛մ արդեն իսկ աշխատանքը կորցրած քաղաքացիների եկամուտների փոխհատուցմանը։ Այս ծրագրերից երեքը իրականացվել է Պետական եկամուտների կառավարման կոմիտեի միջոցով։ Վերջին ծրագիրն այս պահին ավարտին է հասցվում։ Երեք ծրագրերն էլ ուղղված են եղել տնտեսության առավելապես տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին որոշակի դրամական միջոցների փոխհատուցմանը, որպեսզի հնարավոր լինի վճարել վարձու աշխատողների աշխատավարձերը և նրանցից պահվող հարկերը։ Այս ծրագրի շրջանակներում բյուջեից տրամադրվել է ավելի քան 1 մլրդ 937 մլն դրամ գումար, որն ուղղվել է 4600-ից ավելի վարձու աշխատողների աշխատավարձերի և նրանցից պահվող հարկերի փոխհատուցմանը»,-ներկայացրել է Ա. Մուսայելյանը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով Արցախի տևական շրջափակման հետևանքով տնտեսությունում ձևավորված նոր իրողությունները, և քանի որ արդեն իսկ շատ ոլորտներում տնտեսավարող սուբյեկտներ հնարավորություն չունեն շարունակելու գործունեությունը, նշված ծրագրերը հիմնականում ութերորդ միջոցառմամբ փոխակերպվել են սոցիալական ուղղվածության, այսինքն՝ ուղղված են բոլոր չաշխատող անձանց, այդ թվում՝ անչափահասների և կենսաթոշակառուներին եկամուտների ապահովմանը։