«Դիտեցի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած ռեպորտաժը, որում
- ՀԿ-ի լրագրողը զանգահարել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և քաղաքական գործիչ հանդիսացող անձանց՝ համայնքապետի տեղակալի, բնակավայրերի վարչական ղեկավարների և ներկայանում էր իմ օգնական։
- Լրագրողը քաղաքական գործիչներից հարցնում էր՝ արդյո՞ք նրանք պատրաստել են ընտրողների ցուցակները։ Հեռախոսի մյուս կողմի մարդիկ զարմանում էին ցուցակ բառը լսելիս և ասում որ տեղյակ չեն ոչ մի «ցուցակագրումից»։
- Լրագրողը չստանալով իր համար ցանկալի պատասխանը ցուցակների մասով՝ վերաձևակերպում էր հարցը և հարցնում , թե արդյո՞ք նրանք զրուցել են Երևանում գրանցվածների հետ և ասել, որ «լավ կլինի Ավինյանին ընտրել», քաղաքական գործիչների մի մասն էլ պատասխանում էր, որ այո, զրուցել է։ Նույնիսկ լրագրողի ճշտող հարցին, թե արդյո՞ք «նորմալ սպառնացել է» , գյուղապետը պատասխանում է, որ իր նշած մարդիկ քաղաքական հստակ դիրքորոշում ունեն, ու որ եթե նույնիսկ ինքը այլ ուժի քարոզ անի, իրեն այլևս չեն ընդունի։
- Ոչ մի զանգում չկա գեթ մի հաստատման նշույլ, որ ես կամ ինչ-որ ուրիշ մեկը մեր թիմակից քաղաքական գործիչներին ցուցում է տվել «ցուցակագրել և վարչական ռեսուրս կիրառել», բայց չգիտես որտեղից լրագրողը ծնում է այդ միտքը և որպես փաստ հրամցնում հանրությանը։
- «Հետաքննող լրագրության» պարզած ու հաստատած միակ հանգամանքն այն է, որ Սպիտակ համայնքում մեր թիմակից քաղաքական գործիչները կոչ են արել ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ինչը թե’ օրինական է, թե’ բարոյական է, թե’ տրամաբանական է ու թե’ քաղաքական է։ Ավելին ասեմ՝ մեր կուսակցության ամենատարբեր համայնքների բնակիչ անդամներ պարբերաբար մասնակցում են իրենց համայնքներից դուրս ՏԻՄ ընտրությունների մեր քարոզարշավներին և մենք էլ ողջունում ենք քաղաքական պրոցեսներում քաղաքական ներգրավվածությունը։
Այսպիսով պետք է փաստել, որ ԻՔՄ-ն չի ներկայացրել վարչական ռեսուրսի կիրառման գեթ մեկ փաստ, հենց իր հրապարակած տեսանյութում հերքվում է իմ կամ մեկ ուրիշի կողմից ցուցակ կազմելու «հանձնարարարականը»։ Այն ինչը փաստվում է տեսանյութով ոչ մի հետաքննության կարիք չուներ և չունի, բաց և թափանցիկ պրոցես է. մեր կուսակցության տարբեր համայնքների անդամները մասնակցում են և մասնակցելու են Երևանի ավագանու ընտրությունների մեր քարոզարշավին, նրանք դա անելու են և անում են բացառապես քաղաքական գործունեության և քաղաքական տրամաբանության շրջանակներում։ Եթե ԻՔՄ-ն զանգեր, ներկայանար որպես լրագրող ու հարցներ մեր թիմակիցներին քարոզարշավին մասնակցելու մասին, կստանար ազնիվ դրական պատասխան։
Եվ, իհարկե, պատրաստվում ենք դատի տալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և իմ բարի համբավն արատավորելու համար։ Կհանդիպենք դատարանում»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյան
Կարդացեք նաև