Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ուղերձներ է Ալիևը հղում օկուպացված Շուշիից

Հուլիս 21,2023 22:20

Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն այսօր ավելի քան չորս ժամանոց ելույթ ունեցավ օկուպացված Շուշիում՝ տարբեր երկրների ժամանակ միջազգային լրագրողների հետ: Նրանք մեծամբ մասամբ Թուրքիայից էին, Ռուսաստանից, Իրանից, Արաբական երկրներից, կային նաև իտալական ու ամերիկյան լրատվականների ներկայացուցիչները:

Լրագրողների մեծ մասը հայտնի ադրբեջանամետներ էին, որոնք իրենց խոսքը սկսում էին Ալիևին գովելով և նրան «հաղթող» կոչելով: Սա, իհարկե, որևէ կապ չունի լրագրության հետ: Ալիևը փորձում էր ցույց տալ, որ ամեն ինչ հիասքանչ է և որևէ խնդիր չկա Լեռնային Ղարաբաղում: Մինչ 120,000 հայ սովի է մատնված և բլոկադայի, Ալիևը հեգնում էր, որ նրանք են բարիկադներ դրել և չեն ուզում Ակնայից օգնություն ընդունել: Նա հեգնանքով էր հիշում այն փաստը, երբ Շուշիում Արցախի խորհրդարանի շենքն էր կառուցվում և վերհիշեց, որ դա կոչել է «շեյթանական» (սատանայական) կառույց:

Թեև Ալիևի բոլոր ջանքերին ներկայանալու կառուցողական իմիջի մեջ, սակայն մի քանի հայտարարություններ կրկին անգամ ապացուցին, որ Ադրբեջանի ղեկավարը չի հրաժարվել ո՛չ հայատյացության քարոզից, ո՛չ էլ իր ռազմատենչ ծրագրերից:

Մասնավորապես, Ալիևն իր խոսքում նշում էր, որ իբր հայերը Ղարաբաղում այնպիսի բաներ են արել, որ նորմալ մարդը դա չի կարող հասկանալ: «Հոգեբաններ, նույնիսկ հոգեբույժներ են պետք նրանց հասկանալու համար…»,–ասել էր Ալիևը:

Որոշ ուշագրավ հայտարարություններ հնչեցին բանակցային գործընթացի նախկին ու ներկա փուլերի մասին:

«Միջազգային դերակատարներից ոչ մեկը, որը հիմա ասում է Ղարաբաղն Ադրբեջան է, երբեք չեն ասել դա նախկինում, երբեք: Երբ խոսքը Ադրբեջանի մասին էր, նրանք ասում էին, որ մենք պետք է ընդունենք ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության հետ միասին: Հիմա իրավիճակն այլ է… ԵԱՀԿ ՄԽ–ն ասում էր, որ պետք է միասին աշխատել, առևտուր անել միասին, իսկ խնդրի լուծումը թողնել ապագային: Մենք ամեն ինչ անում էինք, որ Հայաստանի դեմ սանկցիաներ կիրառվեն, բայց ապարդյուն: Մենք խնդիրները լուծեցինք մարտի դաշտում»,–ասել էր Ալիևը՝ հօդս ցնդեցնելով իշխանական այն թեզը, թե ՀՀ նախկին իշխանությունները ճանաչել են Արցախն Ադրբեջանի մաս:

Անդրադառնալով ներկա բանակցային գործընթացին Բաքվի բռնապետը նշել էր. «Հայկական կողմն ասում է, որ ճանաչում են մեր տարածքային ամբողջականությունը, բայց հայ փոքրամասնության մասին դրույթը պետք է լինի «Խաղաղության պայմանագրում»: Մենք համաձայն չենք այդ կետի հետ: Պետք է խոսենք երկու երկրներում փոքրամասնությունների իրավունքների մասին, ադրբեջանցիների իրավունքների մասին Զանգեզուրում ու Գոյչայում: Հուսանք՝ կգանք համաձայնության»:

Ակնհայտ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, կորցրել են բանակցելու ու Ալիևին որևէ բան պարտադրելու հնարավորությունը: Անհեռատեսորեն հրաժարվելով ինքնորոշման իրավունքի՝ միջազգայնորեն ամրագրված դրույթից՝ Փաշինյանի կառավարությունը շրջանառության մեջ դրեց «իրավունքներ և անվտանգություն» ոչինչ չասող տերմինը, որն Ալիևը խորամանկորեն փորձում է ուղղել հենց Հայաստանի դեմ:

Հայաստանի հանդեպ տարածքային հավակնություններ ևս արտահայտվեցին: «Քանի որ Զանգեզուր միջանցքը ոչ մեկը չի չեղարկել և այդ պրոյեկտը եղել ու մնում է օրակարգում, քանի դեռ չի իրագործվել, դա «կոնեկտիվության» (տրանսպորտային հաղորդակցման) մեծ պոտենցիալ ունի…»:

«Խաղաղության պայմանագրի» թեմայի վերաբերյալ Ալիևը նշել էր. «Թող ղարաբաղյան երկրորդ պատերազմը նրանց դաս լինի, նստենք մտածեն, թե ոնց են ապրելու այս տարածաշրջանում այսքանից հետո…Խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել, բայց որպեսզի հանրությունները հաշտվեն, հայերը պետք է իրենց գործած հանցանքները խոստովանեն»,–սա ասում է մի ղեկավար, ով մոտ երեք տարի առաջ պատերազմ սանձազերծեց Արցախում, որն ուղեկցվում էր բազմաթիվ պատերազմական հանցագործություններով: Ալիևը տասնամյակներով է ատելություն քարոզել էթնիկ հայի դեմ, ինչի վառ ապացույցը հային սպանած մարդասպան Սաֆարովի հերոսացումն էր:

Ալիևը հեգնանքով անդրադարձավ Արցախում ընթացող ակցիաներին, ասելով, որ դա շոու է: «Նրանք գերի են վերցրել այնտեղ ապրող հայերին…»,–ցինիկաբար նշել էր Բաքվի բռնապետը:

Ի վերջո, Ալիևի ելույթից հատկանշական է հատկապես այս ուղերձը. «Որքան կարող ենք ակնարկներ ու ուղերձներ հղել՝ և՛ Փառուխի դեպքերը, և հայ–ադրբեջանական սահմանի իրադարձությունները 2021 թ. մայիսին և 2022 թ. սեպտեմբերի դեպքերը և անցակետի տեղադրումը: Դե քանի անգամ մենք կարող ենք նրանց ուղերձներ տալ, մի՞թե այդքան անհասկացող են»:

Սրանով Ալիևը ևս մեկ անգամ փաստեց, որ ինքը ագրեսիվ քայլերի է գնում շարունակաբար ու նպատակային, բայց հիրավի՝ Հայաստանի իշխանությունները սա հասկանալու ու համարժեք գործելու փոխարեն, սեփական ժողովրդին խորհուրդ են տալիս կամաց շնչել ու թույլ արտաշնչել, որպեսզի Ադրբեջանին չբարկացնենք:

Փաստացի, Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն այսօր դարձել են իրենց իսկ քարոզչության գերին: Ադրբեջանը կոչ է անում չկառուցել գործարան Երասխում, իշխանական քարոզչության համաձայն, պետք է ականջալուր լինել այդ կոչին, որ Ադրբեջանը չբարկանա ու չհարձակվի: Փաստացի ինքնորոշման իրավունքից հրաժարումը ու մեր կողմից արվող շարունակական զիջումները հանգեցրին նրան, որ Ադրբեջանն այսօր ուղիղ միջամտում է ՀՀ ներքին գործերին:

Ալիևի ուղերձից մի բան պետք է հասկանալ՝ նա որևէ կետում կանգ չի առնելու, իսկ ագրեսիայի դիմաց զիջումների գնալը բերում է բացառապես նոր ագրեսիաների ու զիջումների: Չզիջելու ու այս ամենը կանխելու համար պետք է աշխատել, հետևողականորեն և ըստ պետական շահերի, ինչը, ցավոք, այսօր չենք տեսնում իշխանությունների կողմից:

 

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31