Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան․ «Պահանջում ենք ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրից ապահովել Արցախում ապրող բնակիչների պարենային ապահովումը»

Հուլիս 21,2023 21:35

Ի աջակցություն Արցախի հրավիրված հանրահավաքում Լարիսա Ալավերդյանը կոչ անելով միջազգային կառույցներին, հայտարարեց՝ պահանջում ենք, որ պատժեն Ադրբեջանի նախագահին, պաշտպանության նախարարին, արտգործնախարարին:

«Այստեղ գտնվում են նրանք, ովքեր սիրտ ունեն, խելք ունեն, հոգի ունեն, ովքեր հասկանում են, որ չկա առանձին Արցախի հարց, չկա առանձին Հայաստանի հարց։ Խոսքը հայության  գոյատեւման, զարգացման, եւ հեռու մեզանից, նսեմացման մասին է», -այսօր Մյասնիկյան արձանի մոտ ի աջակցություն Արցախի հրավիրված հանրահավաքում ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա ասաց, որ այսօր բոլորը հարցնում են՝ բա ի՞նչ է լինելու․«Կոչ եմ անում որեւէ մեկը դա չհարցնի։  Լինելու է այն , ինչին մենք ազգովի արժանի ենք։ Ամեն մեկի մասնակցությունը ցույց է տալու, թե ինչ է լինելու»։

Ալավերդյանն ասաց՝   մի խումբ մարդկանցով կարողացել են բոլոր կարեւոր  սուբյեկտների՝ դեսպանատների, ՄԱԿ- ի, ԵՄ ներկայացուցչության մոտ հստակեցնել մեր պահանջը․«Եւ երբ ասում են՝ բա ի՞նչ անեն իրենք, չէ, որ այսօրվա վարչակազմը հրաժարվել է․․․ուզում եմ ասել, որ որեւէ մեկ միջազգային սուբյեկտ կամ պետություն իրավունք չունի 120 հազար մարդու հանձնել մարդակեր, ցեղասպան ադրբեջանական քաղաքականությանը»։
Ալավերդյանի խոսքով՝ միջազգային իրավունքը խոսում է այն մասին, որ անկախ նրանից, թե որտեղ է մարդն ապրում, ճանաչված պետությունում, թե՝ չճանաչված, մարդու իրավունքների պաշտպանությունը սրբություն է․« Մենք պահանջում ենք ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրից ու նրա ղեկավարից ապահովել բոլոր իրենց հայտնի մեթոդներով Արցախում ապրող բնակիչների պարենային ապահովումը։ Այդ կազմակերպությունը հրաշալի փորձ ունի, նրանք տարբեր երկրներում օդից ուղղակի նետել են ներքեւ պարենը»։

Ալավերդյանն իր ելույթում դիմելով միջազգային կազմակերպություններին հանրության անունից պահանջեց ճնշում գործադրել Ադրբեջանի վրա․«Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը։ Մենք պահանջում ենք անվտանգության խորհուրդը հատուկ որոշումով հստակեցնի պահանջն Ադրբեջանից, որ կատարի   իր պարտականությունը՝ բացի կյանքի ճանապարհը։ Հակառակ պարագայում նույն որոշմամբ հստակեցվի՝ թե ինչ պատժամիջոցներ են կիրառվելու նախ եւ առաջ Ադրբեջանի ղեկավարների հանդեպ։ Մենք պահանջում ենք, որ պատժեն Ադրբեջանի նախագահին, պաշտպանության նախարարին, արտգործնախարարին, որոնք ոչ միայն ոգեւորում են մարդու իրավունքների ոտնահարումը, այլ պարզապես հակադրվում են միջազգային մարդասիրական իրավունքին, մարդու իրավունքներին»։

Մանրամասն՝ շուտով տեսանյութում   

Հանրահավաքի նախաձեռնող խումբը պահանջ ներկայացրեց ՀՀ կառավարությանը՝ հրաժարվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու գաղափարից, վերջ տալ նմանօրինակ հայտարարություններին, ընդունել, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությունները Ադրբեջանին դարձրել են էլ ավելի սանձարձակ, նպաստել են Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը եւ միջազգային հանրության պասիվ արձագանքին, ուստի օր առաջ դադարեցնել նման հայտարարություններն ու գործողությունները։ Նրանք նաեւ պահանջեցին Արցախին առնչվող բանակցություններում արտահայտել բացառապես Արցախի ժողովրդի կամքը, ներկայացնել, որ Արցախն ու Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում, պահանջեցին ՀՀ կառավարությունից պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը։

Հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա ՝ ո՛չ «Արցախի բռնակցմանը» կոչերով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31