Լրահոս
Օրվա լրահոսը

Հակարիի կամրջով երթեւեկություն չկա ոչ մի ուղղությամբ

Հուլիս 21,2023 21:07

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ, ծնունդով արցախցի Մարգարիտա Քարամյանի եւ լրագրող Արմինե Մարտիրոսյանի հրավերով, որը նույնպես Արցախից է, այսօր հայաստանյան եւ Հայաստանում աշխատող այլ երկրների լրագրողների մի խումբ մեկնեց Հակարիի կամուրջ։

Տիկին Մարգարիտան եւ Արմինեն Արցախի տոտալ շրջափակման պայմաններում արդեն յոթ ամիս է զրկված են իրենց հարազատներին եւ ընտանիքի անդամներին տեսնելու հնարավորությունից։

Ադրբեջանական մամուլը տեղեկատվական դաշտի վակուումը լցնում է կեղծ լուրերով, թե իբր Լաչինի միջանցքը շրջանցող Հակարիի կամրջով անցնող ճանապարհով Հայաստանի քաղաքացիական անձինք, ինչպես նաեւ հումանիտար ապրանքներն ու բեռները անխափան անցնում են Հայաստանից Արցախ եւ հակառակ ուղղությամբ։ Մենք այսօր մեկնեցինք Հակարիի կամուրջ՝ աշխարհին ցույց տալու, որ նախ՝ Հակարիի կամրջին անցակետ դնելը Ադրբեջանի կողմից ապօրինի էր, որովհետեւ այդ շրջանցող ճանապարհը Լաչինի միջանցքի մեկ հատվածն է միայն, իսկ միջանցքով երկկողմ երթեւեկությունը պետք է լինի ազատ, անարգել եւ ոչ մի անցակետ չպետք է տեղադրված լիներ, ապա նաեւ՝ որ երկկողմանի երթեւեկության մասին Ադրբեջանի տարածած լուրերը բացարձակապես կեղծ են եւ սուտ։

Մենք Հայաստանի ԱԱԾ-ից ստացած թույլտվությամբ հասանք գրեթե Արցախի հետ Հայաստանի սահման, որտեղ դրված է արգելափակոց եւ այնտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի  սահմանապահ ուժերը։ Սակայն արգելափակոցից այնկողմ անցնել մեզ չթույլատրեցին՝ անվտանգային խնդիրների պատճառով ու նաեւ մեկնաբանեցին, որ արգելափակոցից այն կողմ չեզոք տարածք է, որը գտնվում է ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո։ Ավելի քան երեք ժամ սպասեցինք արգելափակոցի մոտ, սակայն ռուս խաղաղապահների հետ կապ հաստատել, նրանց ուղեկցությամբ Ստեփանակերտ ճանապարհը շարունակել, չկարողացանք։ Հետաքրքիր էր նաեւ, որ ավելի քան երեք ժամվա ընթացքում Հակարիի կամրջի այդ նոր ճանապարհով դեպի Արցախ եւ Արցախից դեպի Հայաստան ոչ մի մեքենա՝ լինի մարդատար, Կարմիր խաչի կամ ռուսական խաղաղապահ ուժերի, չանցավ։ Մենք ականատես եղանք, որ ըստ էության այդ նոր ճանապարհը փակ է եւ չի աշխատում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31