Արթուր Դավթյանն այսօր Մյասնիկյան արձանի մոտ հրավիրված հանրահավաքում ասաց՝ պետք է կանգնենք եւ մեր համազգային դիրքորոշումը հստակ արտահայտենք՝ Արցախի Հանրապետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում
Մյասնիկյանի արձանի մոտ մեկնարկել է հանրահավաք ՝ ի աջակցություն Արցախի։ Հանրահավաքին ներկա է նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, միացել է այս ցույցին, որպեսզի որպես քաղաքացի իր աջակցությունը հայտնի Արցախի ժողովրդին։
«Նրանք մաքառում են շրջափակման մեջ։ Ուզում եմ, որ Հայաստանի հանրապետությունից ակնհայտ հորդի այդ աջակցությունն արցախցիներին, որ իրենք իմանան՝ միայնակ չեն, որ իրենց արդարացի բոլոր պահանջները պահանջելու ու պահպանելու ենք՝ որպես մեկ ազգի ներկայացուցիչ»։
Դավթյանի ներկայացմամբ՝ Արցախում ստեղծված իրավիճակը մեկ օրվա , մեկ գործողության կամ մեկ անգործության հետեւանք չէ, եւ այսօր մեր խնդիրը քննադատական խոսք ասելը կամ պատճառները վերլուծելը չպետք է լինի․«Այսօր ուղղակի պետք է կանգնենք եւ մեր համազգային դիրքորոշումը հստակ արտահայտենք Հայաստանի եւ Արցախի բնակչությունը մեկ ազգ է, բոլոր հարցերում լինելու են կողք կողքի, եւ որ Արցախի Հանրապետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու զոհված զինծառայողների պահանջի մասին էլ Դավթյանն ասաց․«Երեք տարի ազգովի փնտրում ենք մեղավորներ եւ պատասխանատուներ, քննադատում են աջերը ձախերին, ձախերը՝ աջերին, սեւերը՝ սպիտակներին, սպիտակները՝ սեւերին։ Դրանով մեր խնդիրը լուծե՞լ են»։
Կարդացեք նաև
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին էլ Դավթյանն ասաց․«Աշխարհում չի գտնվի մի հայ, որը ուզենա Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Դիլեման դա է, ազգովի չենք ուզում, բայց գործով չենք տեսնում։ Դա նշանակում է, որ մենք միասնական չենք»։
Պաշտոնից ազատվելու մասին էլ Դավթյանն ասաց՝ գլխավոր դատախազի պաշտոնում իր պաշտոնավարման ժամկետը լրացել էր, ուստի չի շարունակել պաշտոնավարել․ «Կուլիսային ոչինչ չի եղել»։
Դիտարկմանը՝ լուրեր կային, որ Արցախում պետք է նշանակվեր գլխավոր դատախազ, Դավթյանը պատասխանեց՝ մշտապես պատրաստակամություն եմ հայտնել ե՛ւ հանրային ծառայության մեջ, ե՛ւ ցանկացած ձեւաչափով իմ ծառայությունները մատուցել․«Մատուցել ու մատուցում եմ։ Ինձ համար պաշտոնն էական չէր, ամենատարբեր քննարկումներն են եղել, հավատացնում եմ, Արցախի ժողովրդին ծառայելու համար միայն գլխավոր դատախազի կամ որեւէ այլ բարձր պաշտոնը չէ, որ կարեւոր է»։
Արդյոք այս իշխանությունից պաշտոնի առաջարկ ստացե՞լ է, այս հարցին ի պատասխան էլ Դավթյանն ասաց․«Այո, եղել են առաջարկներ, բայց չեմ ընդունել, ես այսօր ՀՀ պարզ քաղաքացի եմ»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
հիմա, ո՞նց կարելի է այսպիսի գարշելի արարած մը տեսնել այսպէս, հիմա էլ՝ այս «դիրքում», եւ որպէս ուղղակի հակազդեցութիւն, Փաշինյանի նկատմամբ գոնէ որոշ բարեացակամութիւն մը չունենալ…
Մ. Հայդուկ Շամլեան