ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի թիմը մասնակցել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին և վերադարձել 1 ոսկե և 1 արծաթե մեդալներով:
Այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի պատվիրակությանը՝ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Ստեփանյանի գլխավորությամբ:
«Ուրախ եմ, որ կարողացել եք պատշաճ ներկայացնել մեր երկիրը և վերադառնալ մեդալներով: Պետությունն ամեն ինչ անելու է, որպեսզի լավ պայմաններ ստեղծվեն ձեզ համար, և մյուս խաղերին ավելի մեծ թիմով ավելի մեծ արդյունքներ գրանցեք»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ ողջունելով ներկաներին:
«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ թե՛ պետական աջակցությունը, թե՛ հանդիպումների միջոցով խրախուսանքը երեխաների համար կարևոր իրադարձություն են և շատ են ոգևորում նրանց:
Կարդացեք նաև
Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին մասնակցել է 174 պատվիրակություն՝ 7000 մասնակցով: Հայ մարզիկները մասնակցել են երկու մարզաձևերով՝ աթլետիկա և լող։ Հանդիպմանը մարզիկներն իրենք են ներկայացրել իրենց գրանցած արդյունքները: Աննա Դավթյանը աթլետիկա մարզաձևի հեռացատկ վարժությունում նվաճել է ոսկե մեդալ, իսկ Ռոբերտ Պետրոսյանը լող մարզաձևում՝ արծաթե մեդալ:
Գրանցած ընդհանուր արդյունքներն են.
Աթլետիկա մարզաձևից՝
- Աննա Դավթյան, հեռացատկ՝ 1-ին հորիզոնական,
- Գևորգ Մանուկյան, հեռացատկ՝ 7-րդ հորիզոնական,
- Աննա Դավթյան, վազք 100 մ՝ 7-րդ հորիզոնական,
- Գևորգ Մանուկյան, վազք 100 մ՝ 6-րդ հորիզոնական:
Լող մարզաձևից՝
- Ռոբերտ Պետրոսյան, 50 մ ազատ ոճ՝ 2-րդ հորիզոնական,
- Տիգրան Գևորգյան, 25 մ ազատ ոճ՝ 4-րդ հորիզոնական:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ