Մենք, մի խումբ զինակից և գաղափարակից ընկերների հետ միասին, նախաձեռնել ենք ձևավորել կամավորականների, աշխարհազորայինների և պահեստազորի զինվորականների միավորում։ Միավորելու ենք բոլոր այն ազատամարտիկներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել հայրենիքի պաշտպանության գործում, սկսած՝ Արցախյան առաջին ազատամարտից, մինչ քառօրյա ու 44-օրյա պատերազմներ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, քաղաքական գործիչ Ալբերտ Բազեյանը՝ հավելելով, որ հուլիսի 25-ին կկայանա հիմնադիր-համագումարը ։
Նրա խոսքով, այս միավորումը կանգնելու է զինվորի կողքին, պաշտպանելու է հայրենիքն ու ազատագրելու է բռնազավթված տարածքները։ «Մեր երկրորդ խնդիրն է լինելու մեր օրինակով նպաստել, որ առողջ քաղաքական ուժերը միավորվեն, ստեղծեն միասնական համահայկական դաշինք։ Մենք էլ կհամագործակցենք այդ դաշինքի հետ, կայցելենք մարզեր, տեղերում կբացենք մասնաճյուղեր, ու մի գեղեցիկ օր՝ համագործակցելով համազգային միացյալ դաշինքի հետ, կոչ ենք անելու ոտքի հանել մեր ժողովրդին՝ անհնազանդություն այսօրվա իշխանությանը և պարտադրելու ենք այս իշխանության հեռացումը, գործող Ազգային ժողովի լուծարում: Կձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը կնախապատրաստի արդար արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նոր ԱԺ-ն որևէ մեկին կընտրի երկրի վարչապետ: Երբեմն հարց են տալիս՝ Եթե Փաշինյանը չէ, բա ո՞վ․ Քոչարյա՞նը, Սե՞րժը, Տեր-Պետրոսյա՞նը։ Ոչ, ոչ նա, ոչ, ոչ էլ նա։ Հայ ժողովրդի մեջ կգտնվեն 100-ից ավելի մարդիկ, որոնք ավելի լավ կղեկավարեն մեր երկիրը, կլինեն ավելի կրթված ու հայրենասեր, քանի Փաշինյանն է»,- նշեց Բազեյանը:
Նա համաձայնեց լրագրողի դիտարկմանը, թե ուշացած է այս նախաձեռնությունը, միաժամանակ տեղեկացրեց, թե ավելի վաղ է փորձել համախմբել քաղաքական տարբեր ուղղություններին, սակայն չի հաջողել:
«Մենք հավակնում ենք դառնալ այն ուժը, որը ոտքը կխփի գետնին ու կհամախմբի բոլոր քաղաքական ուժերին ՝ անկախ ամբիցիաներից: Այս միավորումը ստեղծվում է նաև, որպեսզի սատար կանգնենք Արցախի ժողովրդին։ Մենք անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք զինված սատարում իրականացնել»,-գործընկերոջը հավելեց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը։
Կարդացեք նաև
Կամավորների, աշխարհազորի և պահեստազորի զինվորականների միավորում շարժումը նախաձեռնել են չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանը, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանն ու այլք:
Վարդան Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ իրենք անհրաժեշտ են համարել ձևավորել այնպիսի ուժ, որը սեփական օրինակով ցույց կտա միասնականություն և հիմա ձեռնամուխ են լինելու ազգային միասնականության վերականգնման գործին։
«Պատերազմը շարունակվում է, այն չի ավարտվել նոյեմբերի 9-ի ստորագրությամբ։ Այժմ շատ ագրեսիվ ինֆորմացիոն պատերազմ է շարունակվում, դիվանագիտական պատերազմ է շարունակվում։ Այո, մենք գտնվում ենք պատերազմական վիճակում։ Նոյեմբերի 9-ից հետո հասարակությունը հայտնվեց շոկի մեջ, որին էլ հաջորդեց ինֆորմացիոն ահաբեկչություն հասարակության նկատմամբ։ Այդ ժամանակահատվածում մենք զրոյացանք որպես ժողովուրդ, կորցրինք հաստատությունները, կառուցվածքները, վստահությունը, մեր մեջ մեծացան ատելությունն ու չարությունը»,- նշեց Ռազմիկ Մարտիրոսյանը։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ