Լրահոս
Օրվա լրահոսը

«Զատիկի» երեխաներն ահազանգել են նույնիսկ ոստիկանության ծառայողների կողմից բռնության դեպքերի մասին. Մշտադիտարկման խմբի ղեկավար

Հուլիս 21,2023 16:28

Մայիսին «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն կայացած 2-րդ այցի ընթացքում գրեթե նույն խնդիրներն արձանագրեցինք, ինչ առաջին այցի ժամանակ, այդ խնդիրները վերաբերվում էին ինչպես բռնություններին, այնպես էլ գերբնակեցմանը, շենքային ոչ հարմար ֆիզիկական պայմաններին, որոնք իրենց հերթին առաջացնում էին մի շարք խնդիրներ, այդ թվում՝ երեխաների միջանձնային հարաբերությունների լուրջ խնդիրների: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում կայացած «Ֆիզիկական և սեռական բռնություն՝ «Զատիկ» կենտրոնում. ինչո՞ւ հարուցված չեն քրեական գործեր» թեմայով քննարկմանն ասաց «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում մշտադիտարկում իրականացրած դիտորդական խմբի ղեկավար Մարիետա Թեմուրյանը:

Մարիետա Թեմուրյան

«Օրինակ՝ փոքր տարիքով տղաները նշել են, որ մեծ տարիքով տղաները կարող են խփել, եթե ասենք մեծերի քունը խանգարվի: Այս անգամ մեզ ահազանգել են նույնիսկ ոստիկանության ծառայողների կողմից վատ վերաբերմունքի մասին, նշել են, որ միայն մի դայակ է եղել, որ թույլ չի տվել բռնության դեպքեր կիրառվեն տվյալ ոստիկանի կողմից: Ոստիկանի անուն-ազգանուն չի ասվել, բայց կոնկրետ ոստիկանի է մատնանշվել, և հիմա նույնիսկ այդ միակ դայակը չի աշխատում այնտեղ, ենթադրում եմ, որ հիմա երեխաներն ավելի վատ վիճակում են: Մենք մինչ օրս ստանում ենք ահազանգներ լարված միջանձնային հարաբերությունների մասին, նույնիսկ գիտենք, որ ՊՈԱԿ-ի աշխատակիցները խրախուսում են երեխաներին, որ մշտադիտարկման ժամանակ իրական տեղեկատվություն չտրամադրեն, այլ այնպիսի տեղեկատվություն, որը հաճո է ՊՈԱԿ-ին:

Մենք կրկին անգամ արձանագրել են սեռական և վերարտադրողական առողջության հետ կապված իրազեկման բացը՝ հիգիենիկ պարագաների մասով: Թեև նախարարության կողմից մերժվում է այս բացը, բայց, թե՛ «Զատիկի», թե՛ այլ հաստատությունների բնակիչները բազմիցս բարձրաձայնում են այդ պարագաների վատ որակի մասին, որի պատճառով դեռահասները ոչ ցանկալի իրավիճակներում կարող են հայտնվել»,-նշեց Թեմուրյանը:

Անահիտ Խաչատրյան

Մարդու իրավունքների աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանի խոսքով, դիտորդական խմբի կողմից արձանագրված խնդիրները նույնական են Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցների կողմից բացահայտված խնդիրների հետ (վերջերս Մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց էր կատարել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն):

«Այն խնդիրները, որոնք վերաբերվում էին քրեաիրավական ասպեկտին, հրատապության սկզբունքով, համապատասխան գրությամբ հասցեագրվել են իրավապահ մարմիններին: Մենք հետևողական ենք լինելու բռնության դեպքերի նկատմամբ: Այս փուլում ավարտվում են «Զատիկի» հետ կապված մշտադիտարկման արդյունքները և վերլուծված-ամփոփված փաստաթուղթը կհասցեագրվի խնդրին առնչվող բոլոր գերատեսչություններին»,-տեղեկացրեց Խաչատրյանը:

Քննարկումը վարողը տեղեկացրեց, որ մասնակցության հրավեր էին ուղարկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, ՀՀ քննչական կոմիտե։, սակայն բոլոր 3 մարմիններից էլ մերժել են մասնակցության հրավերը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31