Ermenihaber. ԱՄՆ Կոնգրեսի վեց անդամներ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ պահանջելով, որ Թուրքիային F-16 վաճառելու և Անկարայի տրամադրության տակ եղած այդ կործանիչներն արդիականացնելու համաձայնագիրը պետք է ներառի որոշակի մեխանիզմ։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը շարունակում է դեմ լինել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն՝ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան հանել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում իր առարկությունը։
Կոնգրեսի անդամները պահանջել են, որ հնարավոր գործարքը «ներառի այդ զենքերը հետաձգելու կամ հետ վերցնելու մեխանիզմներ, եթե Թուրքիան քայլեր ձեռնարկի, որոնք վտանգ են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության շահերին կամ ՆԱՏՕ-ի անվտանգության ճարտարապետությանը»:
Շեշտվում է, որ նամակը հղվել ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի ու Շվեդիայի միջև կայացած բանակցություններից հետո։
Կարդացեք նաև
Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու մասին խոսակցությունները, վերսկսվեցին այն բանից հետո, երբ Թուրքիան համաձայնվեց Շվեդիայի ամդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Թուրքիայի քայլից հետո ԱՄՆ մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Ջո Բայդենը, հայտնել էին վարչակազմի պատրաստակամությունը՝ վաճառել Թուրքիային F-16 կործանիչներ, եթե այն ստանա ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը։
Այնուամենայնիվ, դեմոկրատ Մենենդեսը հայտարարել է, որ շարունակելու է օգտագործել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որպեսզի արգելափակի վաճառքը։
«Ես միշտ ասել եմ, որ Շվեդիայի վավերացումը, որը, բնականաբար, պետք է տեղի ունենա, այն պարտադիր պայմանը չէ, թե ինչու ես կվերացնեմ F-16-ների վաճառքի նկատմամբ արգելքը»,- ասել է սենատորը՝ նշելով, որ ավելի մեծ խնդիրներ կան։