Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դատարան չէր եկել, ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանը պնդեց, որ գա

Հուլիս 21,2023 16:17

«Այս քրեական գործի հարուցման առիթը նաեւ Սիսակ Գաբրիելյանի հաղորդումն է՝ հանցագործության մասին: Սա այն բացառիկ գործերից է, որ ամեն ինչ տեսանյութում երեւում է: Մենք կարեւորում ենք, որ տուժողը գա եւ իր ներկայությամբ հետազոտվի ապացույցը ու պարզվի, թե ո՞վ է այդտեղ խուլիգանություն անում իրականում. բոլորի համար էլ պարզ է լինելու: Մենք կարեւորում ենք, որ տուժողը գա, որ լուսաբանվի այդ նիստը եւ հանրության համար պարզաբանվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Մենք օգտվելու ենք հրապարակային դատավարության մեր իրավունքից, որպեսզի ամեն ինչ բոլորի համար պարզ դառնա: Այս գործն, իրականում, մեր դատական մարմինների հերթական ամոթն է, որը եկել ու հասել է դատարան»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը՝ խոսելով «ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ընդդեմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի» գործից:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ընդդեմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի» գործով նիստը:

Ըստ դատախազության ձեւակերպման՝ «Աշոտ Սիմոնյանը ստորացրել է Սիսակ Գաբրիելյանին»: Խոսքը 2020 թվականի դեկտեմբերին նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո իշխանության դեմ տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ եղած միջադեպի մասին է՝ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի եւ ցուցարարների միջև: Այս գործով ընդդիմադիր պատգամավորը մեղադրվում է իշխանական պատգամավորիn խոչընդոտելու մեջ: 2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի դիմաց բողոքի ցույց անող քաղաքացիները ձվեր էին նետել պատգամավորների ուղղությամբ։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են քաղաքացիները Սիսակ Գաբրիելյանի մեքենայի դիմացը փակել, երևում է նաև, որ Գաբրիելյանը բարկացած դուրս է գալիս մեքենայից, ու սկսվում է հրմշտոց, որի ընթացքում հնչում են փոխադարձ հայհոյանքներ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Գաբրիելյանը հարվածում ու քաշքշում քաղաքացիներից մեկին, հետո տվյալ քաղաքացին երևում է գետնին պառկած վիճակում։ Գաբրիելյանը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում խոսելով միջադեպի մասին, ասել է, թե ցույցի 3-4 մասնակիցներ ծաղրական ու խուլիգանական արտահայտություններ են արել, հարվածել իր մեքենային։ Անդրադառնալով գետնին ընկած քաղաքացուն՝ Գաբրիելյանը նշել է, որ գուցե այդ հատվածը սառած է եղել, ու այդ քաղաքացին ընկել է, ինքը չի կարող ասել, քանի որ խառնաշփոթ է եղել, քաղաքացիները եղել են 10-15 հոգով, իսկ ինքը՝ միայնակ։

Միջադեպից հետո 15 անձ բերման էր ենթարկվել ոստիկանություն, քրեական գործ էր հարուցել՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով. մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, և հարուցված գործի շրջանակներում Աշոտ Սիմոնյանը ձերբակալվել է:

Ամրամ Մակինյանը պնդում է, որ այս գործի պատվիրատուները խնդիր ունեին իրենց առջեւ դրված՝ բոլոր ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական գործեր հարուցելու: Պաշտպանը հեռու չի համարում այն օրը, երբ այս գործերը կբացահայտվեն: Պաշտպանի տպավորությամբ՝ դատարանի տրամադրվածությունը շատ խիստ է, իրենք էլ պնդելու են, որ տուժողը անպայման ներկայանա դատական նիստերին: Ամեն դեպքում, մեկ անգամ Սիսակ Գաբրիելյանը ներկայացել է նիստի:

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօրվա նիստին Սիսակ Գաբրիելյանը չէր ներկայացել, թեեւ ուղարկված ծանուցումը ստորագրված է: Սիսակ Գաբրիելյանը գրությամբ դատարանին պարզաբանել էր, որ ինքը հանրապետությունից բացակայել է, ծանուցումն իր օգնականն է ստացել ու նիստի մասին իրեն չի տեղեկացրել: Այդ պահին նա գտնվում էր Իջեւանում եւ չէր կարող դատարան գալ: Իսկ առհասարակ, չի խուսափում դատարան ներկայանալուց:

Մանրամասները՝ տեսանյութում

Աշոտ Սիմոնյանի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը միջնորդություն ներկայացրեց՝ նիստը հետաձգել եւ հաջորդ նիստին ապահովել տուժողի ներկայությունը: Դատարանը միջնորդությունը բավարարեց: Եթե հաջորդ՝ օգոստոսի 31-ին կայանալիք նիստին Սիսակ Գաբրիելյանը չներկայանա, դատարանը նրան բերման կենթարկի:

Պաշտպանական կողմը մեկ այլ միջնորդություն էլ ուներ՝ Աշոտ Սիմոնյանի վրայից հանել հանրապետությունից չբացակայելու արգելքը: Այդ միջնորդությունը նույնպես բավարարվեց. Աշոտ Սիմոնյանը մինչեւ օգոստոսի 31-ը կարող է հանրապետությունից բացակայել:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31