«2022թ օգոստոսի 22-ին տվյալ պահին որեւէ պետական պաշտոն չզբաղեցնող, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ, Հայբիզնեսբանկի վարչության անդամ, նախին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած աղետի փլատակների վրա կանգնած հայտարարում էր, որ ինքը քաղաքապետի թեկնածու է ՔՊ-ի կողմից: Նախ ասեմ, որ նա չի կարող լինել Երևանի քաղաքապետի թեկնածու, որովհետեւ ընտրությունները Երևանի ավագանու ընտրություններն են, ավագանին պետք է ընտրի քաղաքապետ, երկրորդ, այդ ժամանակ ընտրության օր հայտարարված չէր, ընտրությունների մասին խոսք չկար, դեռ մի տարուց ավել ժամանակ կար, եւ որեւէ քաղաքական որոշում չէր կայացվել: Այսինքն` նա ինքնահռչակ է, բայց պարզ է, որ դա ինքնուրույն չի արել, այլ արել է առնվազն Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնությամբ»,- «Իշխանազավթում տեղական ընտրություններով 2018-2023 թվականներ» թեմայով ասուլիսում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
«2022 թ սեպտեմբերի 23-ին այդ հայտարարությունից ընդամենը մեկ ամիս հետո Երևանի ավագանին արտահերթ նիստում ավագանու անդամ չհանդիսացող Տիգրան Ավինյանին ընտրում է Երեւանի քաղաքապետի տեղակալ: Եվ այդ որոշումից կարճ ժամանակ անց՝ 2023թ մարտի 17-ին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անակնկալ հայտարարում է իր հրաժարականի մասին, երբ Երեւան քաղաքի կյանքում որեւէ սկանդալային պատմություն, ձախողում, ոչինչ տեղի չէր ունեցել: Քաղաքապետի հրաժարականից անմիջապես հետո նա նշանակվում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական:
Դա նշանակում է, որ նրա որոշումը համաձայնեցված է եղել, եւ նա պաշտոնի է անցնում կառավարությունում: Փաստացի քաղաքի ղեկավարումը ստանձնում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, չնայած որ քաղաքապետն ունի առաջին տեղակալ, որը ավագանու անդամ է, եւ քաղաքապետի հրաժարականից հետո մինչ օրս ամեն երկուշաբթի բոլոր գործակարգավարական նիստերն անցկացնում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, բոլոր հանրային միջոցառումներին մասնակցում է 4-5 փոխքաղաքապետերից միայն Տիգրան Ավինյանը:
Փաստորեն, ակնհայտ իրականացվում է գործընթաց՝ Երեւան քաղաքում իշխանազավթումն իրականացնելու եւ կազմակերպելու համար: Եվ հիմա Երեւանը ղեկավարում է մի մարդ, որը թեկուզ մեկ երեւանցու վստահության չի արժանացել: Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո, ինչպես Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքում էր, օրենքը սահմանում է, որ ավագանին պետք է իր կազմից ընտրի ավագանու ղեկավար, մինչդեռ մինչ օրս Երեւանի ավագանին նման բան չի արել»,-փաստեց Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով գործող իշխանության քայլերին:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, իսկ Երեւան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից իշխանությունները հրաժարվեցին, որովհետեւ այդ դեպքում ընտրությունները կկայանային հուլիս-օգոստոս ամիսներին, եւ իրենք հնարավորություն չէին ունենա լիարժեք օգտագործելու վարչական ռեսուրսը՝ ուսումնակրթական հաստատությունների արձակուրդում գտնվելու պատճառով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ