Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցի կանայք հարկադրաբար հացադուլ են անում, իմ հացադուլը կամավոր է, ես իրենցից մեկն եմ»․ «Կանայք հանուն Արցախի» հացադուլը շարունակվում է

Հուլիս 21,2023 14:38

«Կանայք հանուն Արցախի» խորագրով մեկօրյա հացադուլը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ շարունակվում է։

Լուսանկարը՝ Սայիդա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Հացադուլին այսօր միացել են հինգ կանայք, նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Լուսանկարը՝ Սայիդա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

«Ես ունեմ մանկահասակ երեխա, որը կերակրվում է կրծքով։ Եվ ես՝ որպես մայր, հիմա պարտավոր եմ լինել իր կողքին ու ապահովել այն ջերմությամբ ու սիրով, որը պարտավոր է անել ցանկացած մայր։ Բայց այս պահին Արցախում իմ նման հազարավոր մայրեր կան, ովքեր չեն կարողանում ուղղակի կերակրել իրենց երեխային, որովհետեւ իրենք հնարավորություն չունեն սնվելու, որ երեխաներին կերակրեն, որովհետեւ իրենց երեխաների համար կաթնախառնուրդ էլ չկա, եւ իրենք հարկադրաբար հացադուլ են անում։ Իմ հացադուլը կամավոր է եւ ոչ թե հարկադրաբար, իմ հացադուլը գիտակցաբար է, որ ես նույնպես իրենցից մեկն եմ, կապ չունի, որ սնվելու ու կերակրելու հնարավորություն ունեմ։ Ես կիսում եմ իրենց ցավն ու հոգսը եւ միաժամանակ ի լուր աշխարհի բարձրաձայնում եմ, որ կան մայրեր, ովքեր չեն կարողանում ուղղակի սնվել ու սնել իրենց երեխաներին, իրենց երեխաները սովամահության եզրին են կանգնած»,- ասաց Սոֆյա Հոսեփյանը։

Լուսանկարը՝ Սայիդա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Նա նշեց, որ սա պետք է տեսնի աշխարհն ու աշխարհի մայրերը, որ ադրբեջանցիները սովի են մատնում նորածին երեխաներին ու իրենց մայրերին։

Անդրադառնալով միջազգային կառույցների արձագանքին՝ Սոֆյա Հովսեփյանն ասաց․ «Ցավալին այն է, որ ոչ մի արձագանք չկա անգամ ՄԱԿ-ի աշխատակիցների կողմից, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ աշխատում են այդ կառույցում։ Իրենք կարող են զուտ մոտենալ ու ասել՝ որպես մայր՝ կիսում եմ ձեր քայլը։ Որեւէ մեկը չի մոտենում, դուրս չի գալիս, տաքսին կանչում են դռների մոտ, որ արագ նստեն ու փախնեն։ Այդ ամենը մենք տեսնում ենք, գնահատում ենք, եւ դա չի անում օտարը, դա անում է հայ մայր կոչվածը, որն աշխատում է այդ կառույցում»։

Լուսանկարը՝ Անուշ Սեդրակյանի ֆեյսբուքյան էջից

Հացադուլին միացել է նաեւ մասնագիտությամբ մանկավարժ Աննան, որն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այս քայլով ուղերձ է հղում հանրությանը, որ անտարբերությանը վերջ տան եւ միանան հացադուլին։ «Կարծում եմ՝ երբ մենք երկարատեւ հացադուլի նստենք, դա արդյունք կտա։ Չենք կարող անտարբեր լինել տոտալ շրջափակման մեջ գտնվող Արցախի հանդեպ, 30 հազար երեխաների ու հղիների նկատմամբ, որոնք թերսնվում են։ Եվ այս պայմաններում ես համարում եմ, որ տանը նստելով՝ ոչինչ չի փոխվի։ Գոնե մի քայլ կարողանանք անել, միջազգային կառույցների աչքերը բացենք։ Մայրերի կողմից հացադուլի անցկացումը, կարծում եմ, կնպաստի, որ շատ միջազգային կառույցների աչքերը բացվեն։ Հատկապես, որ ՄԱԿ-ն ունի պարենի համաշխարհային ծրագիր, որով շատ աֆրիկյան երկրների օգնել են։ Հապա ի՞նչ է կատարվում հիմա, չենք կարողանո՞ւմ Արցախին օգնություն հասցնել, մեր կյանքի ճանապարհը բացել։ Չէ՞ որ անտարբերությունը չարիք է ծնում։ Սա շարունակական է լինելու, թեկուզ եթե մարդ չհավաքվի, մենք կլոր հետշրջան ենք անելու այնքան ժամանակ, մինչեւ պարեն տարվի Արցախ»,- ասաց նա։

Լուսանկարը՝ Սայիդա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31