«2023 թ մայիսի 18-ին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Հանրային հեռուստաընկերությամբ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել է. «Կուսակցության կանոնադրության օրենսդրությանը չհամապատասխանելու դեպքում՝ ԿԸՀ-ն կարող է չգրանցել վերջինիս՝ ընտրություններին մասնակցելու դիմումը: Ես չգիտեմ ընտրական եւ իրավական համակարգի վերաբերյալ ինչ գիտելիքներ է ստացել Վահագն Հովակիմյանը՝ Մովսես Խորենացու անվան համալսարանի հեռակա բակալավրիատում, բայց եթե կուսակցության գործունեությունը կարգավորվում է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքով, եւ կուսակցության ստեղծման նպատակներից մեկն էլ ընտրություններին մասնակցելն է, ապա միակ մարմինը, որ կարող է կուսակցության գործունեության սահմանափակում դնել, դա Սահմանադրական դատարանն է:
Բայց մեկ էլ պարզվում է, որ Վահագն Հովակիմյանը կարող է հանկարծ ՀՅԴ-ին թույլ չտալ մասնակցել ընտրություններին, որովհետեւ ասի՝ ձեր անվան մեջ Յեղափոխական բառը այլ ուղղագրությամբ է գրված, ու ենթադրենք դա կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի կուսակցությունը չգրանցվի»,- «Իշխանազավթում տեղական ընտրություններով 2018-2023 թվականներ» թեմայով ասուլիսում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի կարևոր դերակատար էլ ԿԸՀ անփոխարինելի քարտուղար Արմեն Սմբատյանն է: Նա նախորդ անգամ հանձնաժողովում ներկայացված է եղել որպես ՀՀԿ անդամ, իսկ 2022թ ԿԸՀ անդամ է ընտրվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից:
Սա նշանակում է, որ բոլոր այն գործիչները՝ նախկին Հանրապետականները, որոնք բարեհաճ են ծառայել Նիկոլ Փաշինյանին ու նրա ռեժիմին, շատ հանգիստ տեղ են գտնում նոր իշխանության համակարգում: Օրինակները բազմաթիվ են, պարոն Սմբատյանի դեպքը դրանցից մեկն է:
Կարդացեք նաև
Փաստորեն, այս Կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ քաղաքական մարմնից, այլեւս լեգիտիմ ընտրությունների սպասելիքներ խելամիտ մարդիկ կարծում եմ, որ չպետք է ունենան»,-ընդգծեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ