Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես էր հնարավոր թույլ տալ, որ այդ ձևակերպումը հայտնվի Շառլ Միշելի հայտարարության տեքստում». Լաչինի միջանցքի մասով ի՞նչ է առաջարկվել բանակցային փաստաթղթերում. «Ազատություն»

Հուլիս 21,2023 13:54

«Ազատություն». Ղարաբաղյան բանակցությունների ողջ ընթացքում Լաչինի միջանցքը մշտապես շատ կարևոր կետ է եղել: Դրա կարգավիճակի, լայնության, վերահսկողության վերաբերյալ հարցերը մշտապես եղել են քննարկման առարկա և տեղ գտել ներկայացված բոլոր առաջարկներում:

1997թ. Փաթեթային. Լաչինի միջանցքը՝ վարձակալությամբ ԵԱՀԿ-ին:

1997 թ. Փուլային. «ԼՂ ուժերը բերվում են ԼՂԻՄ 1988թ. սահմանագծից ներս՝ բացառությամբ Լաչինի շրջանի»:

1998 թ. Ընդհանուր պետություն. Լաչինը՝ ապառազմականացված գոտի, դրա օգտագործման հարցը՝ առանձին բանակցությունների առարկա:

2001 թ. Քի Վեսթ. Լաչինի միջանցքն ու Ղարաբաղը՝ Հայաստանի սուվերենության տակ:

2020 թ. Նոյեմբերի 9- ի հայտարարություն. 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցք:

2001 թվականի Քի Վեսթի առաջարկը հրապարակված չէ, բայց առկա տեղեկատվության համաձայն Ղարաբաղը Լաչինի միջանցքով հանդերձ Հայաստանին պիտի միացվեր, փոխարենը՝ Նախիջևանը՝ Մեղրիի մի մասով, իսկ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի պնդմամբ, հենց Մեղրիով պիտի միացվեր Ադրբեջանին:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 2021 թվականի իր ասուլիսի ժամանակ անդրադառնալով իր և Հեյդար Ալիևի քննարկած այս տարբերակին, ասում էր, որ Լաչինի միջանցքի լայնությունը հաշվարկվել էր գրադի խոցման հեռահարությամբ:

«Քի Ուեսթի պայմանագրով ենթադրվում էր, որ Ղարաբաղը միանում է Հայաստանին մի միջանցքով, որը ևս ունենալու է նույն կարգավիճակը։ Միջանցքի լայնությունն, անվտանգության տեսանկյունից, ես այն ժամանակ այսպես էի ձևակերպել՝ գրադի հեռահարության երկու կողմի վրա՝ 42 կմ միջանցքով», – հայտարարեց Քոչարյանը:
2007 թ. Մադրիդյան սկզբունքներ և դրա տարբերակներ. համաձայնեցված Լաչինի միջանցքը պետք է ԼՂ-ն կապի Հայաստանի հետ

Մադրիդյան սկզբունքներով Արցախի կարգավիճակի հարցն առաջարկվում էր թողնել ապագայում անցկացվելիք հանրաքվեին, իսկ Լաչինի միջանցքի մասով նշվում էր, որ մինչև Ղարաբաղի կարգավիճակի որոշումը այն պետք է գտնվեր Արցախի ժամանակավոր իշխանությունների վերահսկողության տակ, իսկ դրա լայնքը պետք է համաձայնեցվեր:
Մադրիդյան սկզբունքների հետագա բոլոր փոփոխություններում ու տարբերակներում ևս նախատեսված է եղել Միջանցք Հայաստանի և Արցախի միջև:

«Այնպիսի տպավորություն է, որ Աղդամի ճանապարհի բացումը առաջարկվում է որպես հնարավոր տարբերակ Լաչինին փոխարինելու համար», – հայտարարությամբ մտահոգություն է հայտնում քաղաքացիական հասարակությունը:
Հայտարարությունը ստորագրած Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն ասում է՝ այս քայլը Ադրբեջանի «ինտեգրացիոն քաղաքականության» մասն է:

Ըստ Գրիգորյանի՝ այժմ մտահոգիչ է ինչպես եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններում, այսպես կոչված, Աղդամի ճանապարհի հիշատակումը, այնպես էլ պաշտոնական Երևանի արձագանքի բացակայությունը նման հայտարարություններին:
«Եվրոպացի պաշտոնյաների այդ հայտարարությունները, որոնք լեգիտիմացնում են Ադրբեջանի դիրքորոշումներն, իհարկե, մտահոգիչ է, բայց նաև մտահոգիչ են Հայաստանի իշխանությունների անգործությունը։ Ես չեմ հասկանում, պարզապես, թե ինչպես էր հնարավոր բրյուսելյան բանակցություններում թույլ տալ, որպեսզի այդ ձևակերպումը հայտնվի Շառլ Միշելի հայտարարության տեքստի մեջ։ Պարզ է, որ այդ հայտարարությունը համաձայնեցված է կողմերի միջև։ Հայաստանի պատվիրակությունը կա՛մ չի հասկացել այդ ձևակերպման վտանգը, կա՛մ լծակներ չի ունեցել ազդելու, բայց առնվազն պոստ ֆակտում կարելի էր արձագանքել այս հայտարարությանը և, թեկուզ ԱԳՆ մակարդակով, նշել, որ Լաչինի միջանցքի հարցը ինչ-որ այլ ճանապահների հետ նույն հարթության մեջ դնելը խիստ վտանգավոր է և կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել գետնի վրա և բարդացնել հումանիտար ճգնաժամը», – եզրափակեց Գրիգորյանը։

Տաթևիկ ԼԱԶԱՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31