Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

47 տարեկանում բուհ ավարտած ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը քվեարկել է իր օգտին. Էդգար Ղազարյան

Հուլիս 21,2023 13:44

«Ասուլիսի հիմնական շարժառիթը եւ արդիականությունը պայմանավորված է 2023թ սեպտեմբերի 17-ին հայտարարված Երեւան համայնքի ավագանու ընտրություններով: Եվ ես լինելով ՏԻՄ փորձագետ՝ որոշեցի մեր հանրությանը ներկայացնել մանրամասն տեղեկատվություն 2018 թվականից ի վեր, այսինքն՝ Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո Հայաստանում անցկացված ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ, որպեսզի եւ քաղաքական ուժերը, եւ լրագրողները, եւ մեր քաղաքացիները Երեւանի ավագանու ընտրություններից առաջ ունենան հստակ պատկերացում այս իշխանությունների կողմից վարվող քաղաքականության եւ տեղական իշխանությունների ու ընտրությունների հանդեպ իրենց ունեցած վերաբերմունքի մասին» ,-նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ «Իշխանազավթում տեղական ընտրություններով 2018-2023 թվականներ» թեմայով ասուլիսում:

Նա հայտնեց, որ վերլուծությունն իրականացվել է բացառապես փորձագիտական մակարդակով եւ ինքն էլ հավակնություններ չունի մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին. «Չեմ մասնակցելու այդ ընտրություններին ոչ որպես թեկնածու, ոչ որպես դիտորդ, ոչ որպես ընտրական հանձնաժողովի անդամ, ոչ էլ որպես ընտրող, քանի որ Ջերմուկ համայնքի բնակիչ եմ եւ Երեւանի ընտրություններին որեւէ ձեւով չեմ մասնակցելու»:

Էդգար Ղազարյանն ասաց, որ Տեղական ինքնակառավարումը իր թեկնածուական ատենախոսության, գիտական հրապարակումների հիմնական թեման է, ինքը նաեւ աշխատել է կառավարության Տարածքային կառավարման տեղական ինքնակառավարման վարչությունում, մի շարք միջազգային կազմակերպություններում եղել է փորձագետ, եղել Վայոց Ձորի մարզպետ:

Նրա խոսքով, տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կարեւոր ինստիտուտներից է, որը պետական իշխանության համակարգի մաս չի կազմում, այսինքն՝ ըստ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների, ՏԻՄ-երը գործում են ինքնուրույն, օրենքի շրջանակներում, սեփական պատասխանատվությամբ եւ հաշվետու են բացառապես համայնքի բնակիչներին, հետեւաբար կենտրոնական իշխանության գործունեությունը պետք է որեւէ առնչություն չունենա ՏԻՄ-երի եւ նրանց գործունեության հետ:

«Մինչեւ 2018թ, այս պահին իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գրեթե մասնակցություն չի ունեցել ՏԻՄ ընտրություններին: Արձանագրված դեպքերն են՝ 2016թ սեպտեմբերի 26-ին կուսակցության հիմնադիր անդամներից Գարիկ Սարգսյանը ընտրվել է Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավար, իսակ 2013-ին ՔՊ-ն որեւէ ձեւաչափով չի մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: 2017թ. Երեւանի ավագանու ընտրություններում ՔՊ-ն մասնակցել է ԵԼՔ կուսակցությունների դաշինքով, որի համամասնական ցուցակը գլխավորել է Նիկոլ Փաշինյանը, իսկ դաշինքը ստացել է ոչ էական թվով ձայներ»,-հիշեցրեց Էդգար Ղազարյանը:

Նա անդրադարձավ նաեւ ԿԸՀ-ին . «2018-2022թթ բոլոր ընտրությունները կազմակերպել է Տիգրան Մուկուչյանի գլխավորած Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: 2018թ իշխանափոխությունից հետո որեւէ մեկը չի պահանջել եւ տեղի չի ունեցել Տիգրան Մուկուչյանի հրաժարական, հանձնաժողովի կազմում փոփոխություն: Տիգրան Մուկուչյանն այն անձնավորությունն է, որի անվան հետ կապվում են նախորդ՝ մինչեւ 2018թ ընտրությունները՝ վիճարկելով եւ անվստահություն ունենալով դրանց օրինականության, կազմակերպվածության եւ այլնի հետ կապված: Ընդ որում` հիմնական թիրախավորումը եղել է այսօր գործող իշխանությունների կողմից: Եվ ստացվում է, եթե Տիգրան Մուկուչյանն ընտրություններ էր կազմակերպում նախկինների համար, ապա դրանք կեղծ էին, ոչ լեգիտիմ, անօրինական, իսկ եթե ընտրություններ է կազմակերպում այս իշխանությունների համար, ապա դրանք օրինական են:

Տիգրան Մուկուչյանի լիազորությունները դադարեցվել են միայն օրենքով սահմանված՝ լիազորությունների փաստացի ժամկետով պայմանավորված: Տիգրան Մուկուչյանից հետո ԿԸՀ-ի ղեկավարումը 2022թ ստանձնել է Վահագն Հովակիմյանը: Վահագն Հովակիմյանի կենսագրությունը շատ հետաքրքիր է. մինչեւ 2018թ իրադարձությունները նա ինչ-որ տեղ սովորել է, բայց չի ավարտել… Միակ ուսումնական հաստատությունը, որը Վահագն Հովակիմյանն ավարտել է 47 տարեկան հասակում 2021թ, եղել է նրա՝ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ: Նա ավարտել է Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բակալավրիատը: Նրա աշխատանքային գործունեությունը ուղիղ կապված է Նիկոլ Փաշինյանի հետ…Ընդ որում, ԿԸՀ նախագահ ընտրվելիս Վահագն Հովակիմյանը եղել է ԱԺ պատգամավոր, եւ ինքը քվեարկել է իր օգտին, եւ իր քվեն վճռորոշ է եղել իր ընտրվելու համար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31