Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդունել իմպերատիվ որոշում` Արցախում խաղաղություն պարտադրելու գործուն միջոցներ ձեռնարկելով». Արցախի ԱԺ ուղերձը

Հուլիս 21,2023 11:16

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒՂԵՐՁԸ
ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ

2020թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, կոպտորեն խախտելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը, Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա ռազմական ագրեսիա, որը դադարեցվեց Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ։ Եռակողմ հայտարարությամբ սահմանված կարգով Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետությունում տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 5 տարի ժամկետով՝ հետագայում երկարաձգման հնարավորությամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանի Դաշնությունը, ըստ էության, իրացրել է ՄԱԿ-ի կանոնադրության 6-րդ գլխում սահմանված վեճերի խաղաղ կարգավորման դրույթները, մասնավորապես, 33-րդ հոդվածի 1-ին մասը, հակամարտության կողմերի միջև վեճի կարգավորումը տեղափոխելով «միջնորդության, համաձայնության և բանակցությունների» դաշտ, ինչը ձախողվել է Ադրբեջանի կողմից դրսևորվող շարունակական և լայնածավալ ագրեսիայի հետևանքով՝ հակամարտության ուղղակի և անուղղակի կողմերի ներգրավմամբ ստեղծելով տարածաշրջանային ճգնաժամ։ Մյուս կողմից` շարունակվում է անտեսվել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունն ու Արցախի ժողովրդի կամարտահայտությունը։ Արցախի ժողովուրդը, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու սկզբունքների, ինչպես նաև ԽՍՀՄ օրենսդրության համապատասխանությամբ, իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն, այնուհետև դեկտեմբերի 10-ին անցկացնելով Անկախության հանրաքվե։

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը օժտված չէ միջազգային մանդատով․ հանգամանք, որը կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտումների, տարածաշրջանի անվտանգության և կայունության շարունակական վտանգման համար։ Ասվածի փաստական ապացույցներն են Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարությամբ ամրագրված հրադադարի ռեժիմի ու միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները, այդ ամենի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանի որոշումներով, ԵԽԽՎ-ի բանաձևով արձանագրումները: Մասնավորապես Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի՝ արդեն յոթ ամսից ավել շարունակվող շրջափակումը, ենթակառուցվածքների խափանումը, քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացվող շարունակական ահաբեկումները, ազգային ատելության քարոզչությունը, հայկական եկեղե­ցիների, պատմամշակութային, կրոնական և այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման և վանդալիզմի արձանագրված բազմաթիվ դեպքերը: Նշված և այլ մեթոդներով Էթնիկ զտումների քաղաքականությունը մարդկության դեմ ուղղված հանցագործության բացահայտ դրսևորումներ են։

Հիմք ընդունելով այդ ամենը, ինչպես նաև ՄԱԿ-ի՝ գալիք սերունդներին պատերազմի, էթնիկ զտումների և ցեղասպանության արհավիրքից փրկելու վճռականությունն ու միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման պատասխանատվությունը՝

Արցախի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը, կոչ է անում.

Հայաստանի Հանրապետությանը՝

–  անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ։

Միջազգային հանրությանը՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրների՝

Հավատարիմ լինելով ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին գլխում սահմանված նպատակներին ու սկզբունքներին և առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխում սահմանված կարգով՝ ընդունել իմպերատիվ բնույթի որոշում (բանաձև)՝ ձեռնարկելով և սահմանելով Արցախում խաղաղություն պարտադրելու գործուն միջոցներ:

Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին պատերազմի արհավիրքից, վերահաստատելու հավատը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև մեծ ու փոքր ազգերի հավասար իրավունքների նկատմամբ, ուստի այդ կառույցներից ակնկալում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն միջազգային իրավունքի նորմերից բխող պարտավորությունների հանդեպ հարգանքը, ազատության պայմաններում խթանել Արցախի ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովումը:

ք․ Ստեփանակերտ

Արցախի Հանրապետության 

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31