Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոտնաթաթի ոլորում․ ինչ անել սկզբում՝ հետագայում ցավերից ու խնդիրներից խուսափելու համար

Հուլիս 21,2023 09:35

Պատահում է՝ մի փոքրիկ անզգույշ քայլը, սայթաքելը կամ կտրուկ շարժումը ոտնաթաթի ոլորման պատճառ է դառնում, և եթե անգամ թվում է, թե ոչ մի լուրջ բան չի եղել, այդ խնդիրը բավականին երկար է իր մասին հիշեցնում՝ ցավերի, շարժումների կաշկանդվածության տեսքով, իսկ անհրաժեշտ ուշադրության չարժանանալու դեպքում կարող է և բարդություններ առաջացնել։

Սրունք-թաթային հոդի կապանների գերձգումը կարող է հանգեցնել քրոնիկ խնդիրների, ինչպիսիք են հոդի անկայունությունն ու ցավը, դեգեներատիվ արթրիտը, հետագայում մարզումներին վերադառնալու անհնարինությունը։ Դրանից բացի, ոտնաթաթի ոլորումն անուշադրության մատնելու դեպքում կարող են չնկատվել ջլերի, կապանների, աճառի լուրջ վնասվածքները և անգամ կոտրվածքները։

Սրունք-թաթային հոդի կապանների գերձգումը ակտիվ կենսակերպ վարող մարդկանց, մարզիկների շրջանում տարածված խնդիր է, սակայն այն կարող է պատահել յուրաքանչյուրի հետ։

Ինչ անել, եթե ոլորվել է ոտնաթաթը

Սրունք-թաթային հոդի գերձգումից անմիջապես հետո պետք է կատարել այս պարզ քայլերը՝ բարդությունների և երկարաժամկետ խնդիրների վտանգը նվազագույնի հասցնելու համար։

  • Ապահովել վնասված ոտքի հանգիստը․ խուսափել ցանկացած գործողությունից, որը ոտնաթաթի շրջանում ցավ է առաջացնում՝ մինչև օրվա վերջ աշխատելով չքայլել։
  • Ոտնաթաթի վնասված հատվածում սառույց դնել՝ 15 րոպե պահելով, այնուհետև 15 րոպե ընդմիջում անելով և այդպես շարունակել օրական 3 անգամ, մինչև ցավն ու այտուցը կթեթևանան։ Սառույցը մաշկին դրվում է որևէ կտորով կամ սրբիչով փաթաթված վիճակում։
  • Օգտագործել կոմպրեսիոն թևք, էլաստիկ վիրակապ կամ կալանդ (բանդաժ)՝ այտուցը, կրկնակի վնասվածքները կանխարգելելու և վնասված հոդի կայունությունն ապահովելու համար։
  • Մինչև օրվա վերջ որքան հնարավոր է ոտնաթաթը մի փոքր բարձր պահել՝ մոտավորապես սրտի մակարդակում՝ այտուցն ու ցավերը նվազեցնելու համար։

Կախված ախտանշանների բարդությունից՝ 1-2 շաբաթ փորձեք կատարել հիշյալ քայլերը՝ հետևելով ցավի և այտուցի նվազեցմանը։

Եթե ցավը զգալի է, բժիշկը կարող է նշանակել հակաբորբոքային ցավազրկողներ, ինչպիսին իբուպրոֆենն է, ինչպես նաև տեղային ազդեցության քսուկներ և սպեղանիներ։

Ցավի թեթևանալուն զուգահեռ սկսեք փոքրիկ վարժություններ կատարել, որոնք ծանրաբեռնվածություն չեն պատճառում, օրինակ՝ փորձեք ոտնաթաթով տառեր նկարել կամ ոտնաթաթը աջ ու ձախ, ետ և առաջ շարժեք։

Հանգիստ վիճակում կատարված շարժումների այդ դիապազոնը կօգնի կանխարգելել շարժումների երկարաժամկետ կաշկանդվածությունը, նվազեցնել այտուցն ու կնպաստի ձգված կապանների ապաքինմանը։ Այդ վարժությունները կատարեք, եթե դրանք անցավ են, հակառակ դեպքում կարող եք խորացնել վնասվածքը։

Աստիճանաբար վերադարձեք ձեր սովորական առօրյա կենսագործունեությանը՝ քիչ-քիչ ավելացնելով քայլերի քանակը։

Եթե առաջին շաբաթից հետո վիճակի բարելավումն աննշան է կամ լիովին բացակայում է, ապա կրկին պետք է դիմել բժշկի օգնությանը։

Վերականգնման սկզբնական փուլից հետո հետագա բուժումը կախված է վնասվածքի աստիճանից։ Սակայն անգամ սովորական վնասվածքից հետո սպասելի է, որ ախտանշանները կարող են տևել 10-12 շաբաթ, մինչ կապանը լիովին կապաքինվի։

Ոտնաթաթը ոլորվելուց հետո ավելի խոցելու է դառնում հետագա վնասվածքների նկատմամբ, ուստի վերականգնման շրջանում օգտագործվող սեղմող թևքը կամ վիրակապը կարող են լրացուցիչ պաշտպանություն ապահովել։

Զգալի վնասվածքներն ավելի դանդաղ և երկար են վերականգնվում և կարող են պահանջել՝

  • Կարճաժամկետ անշարժացում,
  • ֆիզիոթերապիա,
  • վիրահատական միջամտություն։

Երբեմն ըստ անհրաժեշտության կատարվում է ռենտգեն, ՄՌՏ հետազոտություն՝ վնասվածքների ծանրության աստիճանն ախտորոշելու համար։

Վիրահատական միջամտության անհրաժեշտություն կարող է առաջանալ եթե կա սրունք-թաթային հոդի կողմնային մեկ կամ մի քանի կապանների պատռվածք, կապանների անատոմիական վերականգնման անհրաժեշտություն, ջլի մասնակի կամ ամբողջական պատռվածք, կոտրվածք կամ հոդաճառի վնասվածք։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ MAYO CLINIC

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31