ԱՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արցախում ստեղծված ծանր իրավիճակի պայմաններում տեղական իշխանությունները խոսքերից, կոչերից ու հայտարարություններից ժամ առաջ պետք է անցնեն հանրային պահանջներից բխող տեսլականների քննարկումներին, գործողություններին և քայլերին:
Ընդ որում, իշխանություններ ասելով՝ նկատի ունենք ոչ միայն հանրապետության նախագահին կամ պետական նախարարին, այլև՝ Սահմանադրության համաձայն երկրում ձևավորված իշխանության բոլոր երեք թևերին՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններին:
Անթույլատրելի ենք համարում մեր հանրապետության առջև ծառացած մարտահրավերների դիմակայումը բացառապես հասարակական-քաղաքական միավորումների, շարժումների, առավել ևս՝ ծանրագույն վիճակում հայտնված ժողովրդի ուսերին թողնելը:
Կարդացեք նաև
Վաղուց արդեն ժամանակն է ազդարարել Արցախյան գոյամարտի վճռական ու բեկումնային փուլի մասին: Ազդարարումը պետք է լինի ոչ միայն վերը նշված սուբյեկտների, այլև հենց հանրապետության իշխանությունների բոլոր երեք թևերի անհետաձգելի քննարկումների արդյունքում:
Անհրաժեշտ է մի կողմ թողնել քաղաքական հակոտնյա հայացքները, քաղաքական զսպվածության կանխավարկածով պայմանավորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց և աշխատողների՝ երկրում տեղի ունեցող գործընթացներին մասնակցության օրենսդրական սահմանափակումները: Արցախի ժողովրդի զգալի մասը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական մասնակցությամբ հիմնարկ-կազմակերպությունների ծառայողներ են, որոնց պասիվ կեցվածքը չի արտահայտում Արցախում վերջին օրերին թափ առած շարժումների ոգին ու տրամադրությունները:
Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ձևական սահմանափակումները՝ կապված հավաքների, ցույցերի, խոսքի և կարծիքի ազատության հետ: Այս պայմաններում յուրաքանչյուրի ողջամիտ և իրատեսական խոսքը, կարծիքն ու հանրության միասնությունն ամրապնդող բոլոր միջոցառումները խթան կարող են հանդիսանալ անելանելի թվացող վիճակից դուրս գալու ճանապարհների որոնման գործում:
Անթույլատրելի ենք համարում հատկապես երկրի օրենսդիր իշխանության պասիվ կեցվածքը: Այս օրերին ոչ թե ամենօրյա, այլև՝ ամենժամյա ռեժիմով պետք է աշխատի օրենսդիրը՝ ուշի-ուշով հետևելով հանրային հնչեղության պահանջներից բխող գործընթացներին՝ անհետաձգելի սկզբունքով իրավական ուժ հաղորդելով վերջիններիս:
Հայոց պատմության մեջ նոր էջ թևակոխած Արցախի ժողովուրդը, որին փաստացի միայնակ է թողել ոչ միայն միջազգային հանրությունը, այլընտրանք չունի, քան դիմելու վճռական գործողությունների և քայլերի: Այս փուլը Հայոց պատմության էջերում պետք է գրվի ոսկե տառերով, քանզի սա գիտակցված պայքար է ոչ միայն արցախցիների կյանքի, այլև՝ ողջ հայության ապագայի համար:
Եռակողմ հայտարարության 6-րդ կետի վերջին պարբերության համաձայն` Ադրբեջանը պարտավորվել է ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների երթևեկությունը և բեռնափոխադրումները երկկողմ (Արցախ-Հայաստան և հակառակ) ուղղություններով։
Հարկ է ամենժամյա ռեժիմով բարձրաձայնել, որ Հայտարարությունը ստորագրած երեք կողմերի ղեկավարները կրում են փաստաթղթի բոլոր պայմանների պատշաճ կատարման համար պատասխանատվություն։
Հայտարարության 5-րդ կետի իրավակարգավորման իմաստով` պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունների արդյունավետության ապահովման նպատակով Արցախում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբ։ Վերջինս առանձնահատուկ դերակատարություն պետք է ունենա Հայտարարության բոլոր կետերի կատարման ապահովման հարցում, առանց նրանց կողմից ներկայացվող անգործության տարաբնույթ պատճառաբանությունների:
Ընդհանրացնելով՝ պետք է արձանագրել հետևյալը. ամբողջ աշխարհի կողմից ուրացված և բախտի քմահաճույքին թողնված Արցախը պետք է իր գործնական քայլերով հասնի իր սուբյեկտայնության և ինքնորոշման իրավունքի իրացման՝ մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ն ունեցած կարգավիճակին: