Վարչական դատարանում 2023 թվականին ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության 552 հայցադիմում կա: Բաց հրաձգարանի գործարկման լիցենզիա հայցվորին տրամադրելուն պարտավորեցնելու պահանջից մինչեւ իրենց բնակարաններից վտարելուն ուղղված գործողություններ կատարելուց ոստիկանների ձեռնպահ մնալու պահանջի մասին հայցերից սկսած:
Գերակշիռ մաս են կազմում ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցերը: Դրանք, որպես կանոն, գրավոր ընթացակարգով են, վարույթ ընդունելուն պես դատարանը հայտնում է որոշման հրապարակման օրը: Որքանով նկատեցինք, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մայիսին վարույթ ընդունված գործերով որոշումների հրապարակման օր է նշանակվել այս տարվա հոկտեմբերից հետո ժամանակահատվածը: Հետո գալիս են դիմումատու ԱՁ-ները՝ անհատ ձեռնարկատերերը, դրանք երեքն էին:
Հայցվոր հասարակական կազմակերպությունից մեկը՝ ռազմակրթական հասարակական կազմակերպություն էր, մեկը կրոնական՝ «ԱՍՏԾՈ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԱՄԲՈՂՋ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ» կազմակերպությունը:
Հայցվորներից մեկը՝ ՍՊ ընկերություն է:
Կարդացեք նաև
Տեղաշարժման իրավունքի հետ կապված պահանջ ներկայացնողները օտարերկրացիներ են:
Վարչական դատարանում ունենք օտարերկրացիների՝ ուշադրություն այս՝ «դատարան կրկին ներկայացրած» ձեւակերպումներով հայցադիմումներ, որոնցով խնդրում են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ՆԳՆ ոստիկանության գործողությունները՝ հայցվորի նկատմամբ կիրառված տեղաշարժման իրավունքի սահմանափակումների մասով եւ պարտավորեցնել վերացնել նշված սահմանափակումները: Չգիտեմ, ինչ տրամաբանությամբ, նրանց գործերը նշանակվել են հիմնականում գալիք տարվա՝ 2024թ.-ի կեսերին:
Վարչական դատարանում կա անձ, որին նրա երկրի իրավապահ մարմինների կողմից հանձնելու պահանջ կամ միջնորդություն չի ներկայացվել, սակայն ՀՀ ոստիկանության կողմից կիրառվում է սահմանային տեղաշարժի արգելք, որի պատճառով հայցվորը չի կարողանում մեկնել Հայաստանից եւ վերադառնալ իր ընտանիքին, լինել անչափահաս երեխաների կողքին, հետեւաբար ըստ հայցի՝ «շարունակում եմ իմ կամքին հակառակ, ստիպողաբար բնակվել ՀՀ-ում, արդյունքում խախտվում են ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները»:
Տարօրինակ ազգանունով մի օտարերկրացի վարչական դատարանում միայն այս տարի ընդդեմ ՆԳՆ-ի 14 հայցապահանջ է ներկայացրել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.07.2023