Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին

Հուլիս 21,2023 13:00

Սկիզբը՝ այստեղ:

9.Սյուռքը եւԱրեւմտյան Հայաստանը

Դժվարությունները ետեւում են մնացել: Լուսանկարները կկախենք, սփյուռքահայերն անտարբեր չեն մնա իրենց նախնիների, Արեւմտյան Հայաստանի նկատմամբ, կգան, լուսանկարներում, մանավանդ խմբանկարներում կփնտրեն հարազատ դեմքեր, կկապվեն նրանց հետ, նրանց հայացքներում կփորձեն հասկանալ, թե ինչ են ուզում ասել սերունդներին…

Ժամը վեցին տարեց մարդիկ՝ սրճարանի մշտական այցելուները, դարպասների բացմանն էին սպասում: Քսան րոպե ուշացումով բացեցին դռները:

Սոնան դժգոհ էր, քանի որ կպչուկները սխալ էի տեղադրում: Երկու թել ձգեցի պատերին, որ ճիշտ շարքերով տեղադրվեն լուսանկարները: Սոնան ասաց, որ բացմանը իր ընկերուհու հայրը՝ Սեդրակ Սեդրակյանն էլ է գալու:

– Սեդրակ Սեդրակյա՞ն ասացիր, -դիմեցի Սոնային, -նա Արցախի Հանրապետության առաջին նախարարներից էր, փայլուն, սակայն չգնահատված տնտեսագետ: Իսկ ես միշտ մտածում եմ, թե ո՞ւր անհայտացավ նա:

Պարի խմբի ելույթը

Երեկոյան պարի խումբ հայտնվեց սրահում: Աղջնակները սկսեցին թռչկոտել, պատրաստվել ելույթի: Միջոցառման կազմակերպիչը՝ Գարեգին Քարազյանը, առաջարկեց Եկեղեցու բակ դուրս գալ, որտեղ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմանը նվիրված գործողություններն են տեղի ունենում:

Գարեգին Քարազյանը

Սբ. Աստվածածին եկեղեցուն մոտ կտավներ, գրաֆիկ նկարներ էին ցուցադրվում:

ՀՅԴ միջոցառում Սբ. Աստվածածին եկեղեցու բակում

 

7-ամյա Չարենցը

Մանածագործները: Հեղ. Փ. Թերլեմեզյան

Հեղինակները դրանք առաջարկում էին այցելուներին: Ինչպես երեւում է, ստեղծագործական բնագավառը եւս այլեւս հարգի չէ: Հիշեցի Ուինսթոն Չերչիլի հանդիմանական խոսքերը պաշտպանության նախարարին, որը դժգոհել էր, թե ինչո՞ւ են մշակույթին այդքան մեծ տեղ տալիս: Մեծ Բրիտանիայի վարչապետը բացատրել էր, որ բանակը պատերազմում է իրենց մշակույթը պահպանելու համար, ուստի մշակույթի անվտանգությունը շատ կարեւոր է:

Երգիչ Նշան Ջաղացպանյան

-Նախ. շնորհակալ եմ սրահը ցուցահանդեսին տրամադրելու համար, -ՀՅԴ գլենդելյան բաժանմունքի ատենապետ Գարեգին Քարազյանին դիմեցի ես, -մի քանի անգամ գրել եմ, որ ՀՅԴ կուսակցությունը պետք է վերաձեւավորվի որպես համահայկական կառույց, միավորի բոլոր ուժերը, իր հետեւից տանի ողջ ազգը, դառնա ազգ-պետություն: Նման ուժ դառնալով նա կարող է պահպանել Հայաստան պետության կայունությունը, անվտանգությունը, համաքայլ ընթանալ աշխարհի ուժեղների հետ, թույլ չտալ, որ քանդեն երկիրը ներսից:

– Ես էլ եմ կողմ դրան, -պատասխանեց Գարեգինը, -սակայն մենք ներսից ենք տարաբաժանվում: Երեւանի հետ Սփյուռքի կառույցը տարաբաժանվում է: Այն, ինչ տեղի է ունենում Երեւանում. երկիրը կեղեքող նախկին ղեկավարներին իրենց թիկունք դարձնելը, երբ ժողովուրդն արդեն չի ընդունում նրանց, անպայման մեծ համախմբման գործընթացին դեմ է: Դրանով է բացատրվում անհաջողությունը երկիրը կործանման տանող նոր ուժերի դեմ պայքարոմ:

– Ձեր կուսակցությունը շարունակում է «հեղափոխական» կոչվել: Դա այսօրվա պահանջներին չի՞ խոչընդոտում:

– Հասկանալի է հարցը, հեղափոխություն ասելով չպետք է հասկանալ զուտ 1917 թ. Ռուսաստանի իրադարձությունը: Այն ավելի ընդարձակ, լայն հասկացություն է: Մարդու ինքնագիտակցության, մտածելակերպի վերափոխման իմաստով: Կոմունիստական ռեժիմը Հայաստանում զարգացած, կրթված մարդ ստեղծեց, որը լավ հիմք էր նոր պետություն ստեղծելու համար, իսկ ահա այս վերջին 35 տարիները ջնջեցին ամենը, մարդկանց մղեցին դեպի խավար, անտարբերություն, անհանդուրժողականություն իրար նկատմամբ:

– Այստեղ Սփյուռք կար…

– Նոր եկած հայերն ամեն ինչ կործանեցին: Մարդկանց մտածելակերպն է փոխվել: Ահա դու քո ցուցահանդեսով եկել ես արմատներով արեւմտահայերին հուշելու իրենց նախահայրենիքի մասին, սակայն ցավով ենք տեսնում, որ դա արդեն մարդկանց չի հետաքրքրում: Մեր ուսումնասիրման արդյունքների մասին ասեմ. նոր եկած հայ 10 երիտասարդներից 9 ամուսնանում են օտար ազգի աղջիկների հետ, իսկ Հին Սփյուռքի երիտասարդներն ավելի ավանդապաշտ են, 10-ից 9-ն անպայման պսակվում է հայ աղջիկների հետ: Նոր եկածների ընտանիքները հեշտությամբ ձուլվում են…

– Ռուսաստանում էլ են հեշտությամբ ձուլվում տեղի միջավայրին, ռուսանում…

– Ահա այս իմաստով էլ է մեզ անհրաժեշտ հեղափոխությունը: Մենք վտանգավոր իրավիճակում ենք հայտնվել, ու ներքին ինքնահեղափոխությունը կարող է փրկել կործանումից:

– Չինաստանի հետ մրցակցությունը պակաս վտանգ չի ներկայացնում:

– Ամերիկյան սուզանավերը ատոմային մարտագլխիկներով շրջապատել են Չինաստանը: Հենց թպրտան՝ կհարվածեն: Եվրոպան ու Ռուսաստանն արդեն վտանգ չեն ներկայացնում:

Լուսանկարները պատերին տեղադրելուց հետո մնացած մասերում կախեցի Ազատագրված տարածքների՝ Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանների նորահայտ ամրոցներին նվիրված պաստառները:

Ինչքան մոտենում էր ժամանակը, այնքան անհայտ էր մնում, թե ինչպե՞ս կընթանա ցուցահանդեսի բացումը:

Սովորաբար իմ այս տարիքում եզակի եմ հանդիպում ինձնից տարիքով ավելի ավագ մարդկանց, սակայն ցուցահանդեսի առաջին այցելուն հաստատ ինձնից բավականին մեծ էր թվում: Նա ներկայացավ՝ լուսանկարիչ Ռաֆայել Համբարձումյան: Բացատրեցի աշխարհի հայության մասին հավաքած յոթ հազար հին լուսանկարների մասին, որոնցից ներկայացնում եմ Արեւմտյան Հայաստանի մասը:

– Մինչեւ 1915 թվակա՞նն ես նկարել սրանք…

– Չէ, ես արխիվներից հավաքել, պատճենել եմ դրանք, ներկայացրել հանրությանը:

– Իսկ որտեղի՞ց ես դու:

– Ես արցախցի եմ:

– Հա՜, ես Կարեն Դեմիրճյանի խորհրդով Արցախ էի գնացել: Սակայն Արցախի ղեկավար Բորիս Կեւորկովը դժգոհ էր իմ այցելությունից եւ փող չտվեց ալբոմ տպելու համար: Նա դավաճան էր:

– Իսկ Արցախում ի՞նչ ունես նկարած:

– Ոչինչ, եթե Կեւորկովը ֆինանսավորեր՝ կնկարեի ու կտպեի…:

Որոշ ժամանակ անց նա մի հաստափոր ու ծանր ալբոմ բերեց ու նվիրեց ինձ, որտեղ շուրջ հազար լուսանկար կար Հայաստանի ու Լոս Անջելեսի մասին, սակայն Արցախի ու Ջավախքի մասին՝ ոչինչ:

Հաջորդ անակնկալը Արցախի Մարտունիից ազատամարտիկ, Մոնթե Մելքոնյանի զինակից Սարիբեկ Մարտիրոսյանի դուստրն էր: Անժելան մանրամասներ պատմեց Մոնթեի, Սարիբեկի ու Կարինեի զովելու մասին: Մոնթեն ազատագրված Միրզալու գյուղ գնալիս Սարիբեկին հետը չէր վերցրել, ու վերջինս համառել էր ու նստել մեքենան: Թուրքերի զրահամեքենան սխալմամբ եւս այդ գյուղում է հայտնվում: Մոնթեն զինակիցների հետ մտածելով, որ հայերի զրահամեքենա է, ոգեւորված դուրս են գալիս ու գոչում՝ «Հաղթեցի՜նք, հաղթեցի՜նք…»: Զրահամեքենայից թուրքը կրակում է: Բեկորը պատից անդրադարձով հարվածում է Մոնթեի գլխին: Մոնթեն մահացու վիրավորվում է: Թուրքերը ձգտում էին մոտենալ ու կտրել Մոնթեի գլուխը, որի համար ադրբեջանական հրամանատարությունը մեծ գումար էր նշանակել: Սարիբեկը համառորեն կրակում էր ու թույլ չէր տալիս թուրքերին մոտենալ: Սարիբեկը ծանր վիրավորվում է: Երբ հասցնում են հոսպիտալ, արդեն ուշ է լինում: Բժիշկն ասում է, որ եթե տասը րոպե շուտ հասցնեին՝ կփրկվեր:

Հիշեցի Մոնթեի հետ իմ վերջին հանդիպումը.

– Ավո, կռիվը վերջանում է, ի՞նչ ես անելու:

– Բակուր, իմ կռիվը հոս չի վերջանում, տեղեր կան, որտեղ իմ կռվի շարունակությունն են կազմում:

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31