Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոգական իրավունքը» Հարրի Փոթերի մոտիվներով կներկայացնի դասական իրավահասկացություններ

Հուլիս 21,2023 12:30

Երիտասարդ իրավաբան Նորայր Բաղդասարյանը պատասխանում է «Առավոտի» հարցերին

– Նորայր, դու աշխատում ես Լիբերալ քաղաքականության ինստիտուտում եւ պարբերաբար իրականացվող ծրագրերի մաս ես կազմում։ Հիմնական շեշտը ինչի՞ վրա է դրված, ի՞նչ խնդիրներ եք նկատել Հայաստանում եւ ի՞նչ լուծումներ եք առաջարկում։

– Լիբերալ քաղաքականության ինստիտուտում գործունեությունս սկսել եմ դեռեւս 2021 թվականին եւ այդ ժամանակաշրջանից ի վեր ակտիվորեն ներգրավված եմ ինստիտուտի ծրագրերում։ Լիբերալ քաղաքականության ինստիտուտը ուղեղային կենտրոն է (թինք թենք), որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, փորձագիտական աշխատանքներ, հետազոտություններ, մշակում փաստահենք ռազմավարություններ՝ ուղղված կոնկրետ ոլորտների բարելավմանն ու իրական փոփոխությունների հանգեցմանը։ Ինստիտուտի շրջանակներում մենք աշխատում ենք բազմաթիվ ուղղություններով, որոնցից կառանձնացնեմ ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, ատելության խոսքի եւ վատ վերաբերմունքի դեմ պայքարը, մեդիաանվտանգությունը, կանանց առաջնորդական հմտությունների զարգացումը։ Վերջին շրջանում առավելապես աշխատում ենք հայաստանյան հասարակությունում ատելության խոսքի զանազան դրսեւորումների նվազեցման ուղղությամբ եւ բազմաբովանդակ ծրագրային քայլերով ցանկանում ենք հասնել հանդուրժող, բազմակարծիք եւ ներդաշնակ հասարակության ձեւավորման։ Մեր գործընկերների հետ գործակցությամբ մենք արդեն իսկ իրականացրել ենք դասընթացներ Հայաստանի բոլոր մարզերում՝ տարբեր թիրախային խմբերի համար, վերապատրաստել ենք տարբեր մասնագիտական խմբերի, այդ թվում՝ լրագրողների, իրավաբանների, քաղաքական գործիչների։ Տարբեր ծրագրերի շրջանակներում մենք ավանդաբար իրականացնում ենք հանրային կարծիքի ուսումնասիրություններ, որոնք համատեղելով փորձագիտական կարծիքի հետ, կարողանում ենք լուծումներ գտնել հանրային հետաքրքրություն ներկայացնող զանազան հարցերի շուրջ։

– Ոչ ֆորմալ կրթությունը կարելի՞ է դիտարկել որպես հակադրություն ֆորմալ կրթությանը։

– Չեռնպահ մնալով ֆորմալ կրթության դերի որեւէ արժեզրկումից՝ պետք է, սակայն, նշեմ, որ առանց ոչ ֆորմալ կրթության 21-րդ դարի մարդու համար մեծ բարդություն կլինի նույնիսկ մեզ շրջանապատող աշխարհը ճանաչելը։ Ֆորմալ կրթությունը շատ կարեւոր է, սակայն այն չի տալիս մի շարք հարցերի պատասխաններ եւ շատ դեպքերում կաղապարված է որոշ «հանրաճանաչ փաստերի շրջանակով»։ Ֆորմալ կրթությունը մեզ տալիս է բազային հիմք, ծանոթացնում մասնագիտությունների բազմաթիվությանը եւ հնարավորություն տալիս այդ բազմաթիվության մեջ գնալ մեր նախընտրությանն ընդառաջ, սակայն մեր ամենօրյա կենսագործունեության համար մի շարք կարեւորագույն հմտություններ մենք կարող ենք ձեռք բերել բացառապես ոչ ֆորմալ կրթական միջավայրում։ Եթե ընդհանրացնեմ ասածս, ապա պետք է փաստեմ, որ ինչպես մեզ նախորդող հազարամյակներում, այնպես էլ այսօր, ոչ ֆորմալ կրթությունը չի կորցրել իր կարեւորությունը, սակայն ֆորմալ կրթության բացերը լրացնելու համար օգնում է ոչ ֆորմալ կրթությունը։ Ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթությունը գտնվում են ոչ թե հակադրության կամ հակազեցության, այլ՝ փոխպայմանավորվածության եւ փոխներգործության հարաբերությունների՝ սիմբիոզի մեջ։

– Տարեցտարի նոր մասնագիտություններ են ի հայտ գալիս, եւ կարծես անհրաժեշտություն է դառնում, որ բուհերն իրենց գործունեությունը  համապատասխանեցնեն ժամանակի պահանջին։ Դու լինելով իրավաբան, կասե՞ս՝ այսօր այդ մասնագիտական կրթությունն ի՞նչ մակարդակում է մեր երկրում։

– Այո, ես մասնագիտությամբ իրավաբան եմ եւ ամենայն պատասխանատվությամբ պետք է նշեմ, որ իրավաբանի մասնագիտությունը մեր երկրում ունի մեծ պահանջարկ եւ կարեւորագույն սոցիալական նշանակություն։ Խոսելով իրավաբանական կրթության որակից, անարդարացի կլինի ասել, թե խնդիրներ չկան, սակայն հպարտորեն կարող եմ նաեւ արձանագրել, որ հայաստանյան իրավաբանների մասնագիտական համայնքը տարածաշրջանային մակարդակում առաջատարներից մեկն է եւ մի շարք հայ իրավաբաններ իրենց իրավամտածողությամբ եւ մասնագիտական որակներով չեն զիջում քաղաքակիրթ աշխարհի նշանավոր մայրաքաղաքներում գործունեություն ծավալող իրենց գործընկերներին։ Խոսելով նաեւ խնդիրներից՝ կարձանագրեմ մի բան, որի մասին շատ է խոսվում, սակայն նույնիսկ այդ համատեքստում այն չի դառնում նվազ կարեւոր։ Համալսարանական կրթությունը շատ հաճախ պատրաստում է լավ տեսաբան-իրավագետներ, որոնք շուկայական հարաբերությունների եւ աշխատանքային մրցակցության պայմաններում մեծ հաշվով չունեն շատ բան առաջարկելու՝ հաշվի առնելով գործնական հմտությունների սակավությունը։ Բացի այդ, սխալ է շատերի ընկալումը իրավաբանական կրթության վերաբերյալ՝ թե իրավաբանները ոչ այլ ինչ են, քան «օրենք անգիր անող մարդիկ»։ Ամենօրյա փոփոխման ռիսկի ներքո գտնվող օրենքների մեխանիկական վերարտադրությունը պետք է բացառել մեր կրթական համակարգից, քանի որ փորձառու իրավաբանը առաջին հերթին պետք է հասկանա իրավունքի գործողության տրամաբանությունը եւ իրավական կարգավորման գործընթացը համակարգային ամբողջության մեջ։ Մեկ այլ բան, որ կցանկանայի առանձնացնել, դա ֆորմալությամբ ողողված իրավաբանական կրթությունն է, որը առավել ստեղծարար ու նորարար լուծումների խիստ անհրաժեշտություն ունի։ Հենց այս հրամայականից ելնելով՝ ինձ մոտ ծագեց իմ առաջին խոշոր գիտական ստեղծագործությունը հեղինակելու նախաձեռնությունը, որը կոչվում է «Մոգական իրավունք» եւ նպատակ է հետապնդում Հարրի Փոթերի հանրահայտ վիպաշարի մոտիվներով ներկայացնել այնպիսի դասական իրավահասկացություններ, ինչպիսիք են հանցագործությունը, կալանքը, խափանման միջոցը, պայմանագիրը, կտակը, մտավոր սեփականությունը եւ այլն։ Ի դեպ, գրքի շնորհանդեսը Հայաստանում նախատեսվում է մինչ այս տարվա ավարտ։

– Նորայր, աշխարհի գիտատեխնիկական նվաճումներից հետ չմնալու առումով զարգացման եւ առաջընթացի ի՞նչ նախադրյալներ ես տեսնում Հայաստանում…

– Հայաստանն ինձ համար ամենամեծ հնարավորությունների երկիրն է։ Հայաստանը այն երկիրն է, որտեղ քո կատարած ցանկացած ներդրում քեզ վերադարձվում է եռապատկված, որտեղ բազմաթիվ բացերի մեջ յուրաքանչյուր գաղափար կարող է լինել նորություն եւ տարածվել ինովացիային բնորոշ կայծակնային արագությամբ։ Ուստի ես մեր երկրում տեսնում եմ ահռելի պոտենցիալ եւ հսկայական տարածություն աշխատանքի համար։

Հայաստանը բավականին բարձր ցուցանիշներ ունի մարդկային զարգացվածության միջազգային ցուցանիշներով, ինչը ուղղակիորեն խոսում է նաեւ մարդկանց զարգացվածության եւ կյանքի որակի մասին։ Վերջին տարիներին Հայաստանում զգալի տեմպերով զարգանում է ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտը եւ մայրաքաղաք Երեւանը շարունակում է իր տեսադաշտում ունենալ ռեգիոնալ IT հաբ դառնալու հեռանկարը։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք է առավել շատ ուշադրություն հատկացվի առաջնահերթություն համարվող գիտության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին՝ որպես վճռական քայլ առավել զարգացած երկիր ունենալու ուղղությամբ։

– Եթե երբեւէ գրելու լինես երիտասարդների հաջողության ճանապարհի կանոնագիրք, ի՞նչ կետեր կկարեւորես։

– Կարծում եմ՝ ցանկացած անհատի համար սա բավականին անհատական է եւ առանձնահատուկ, բայց եւ ձեռնպահ չեմ մնա նշելուց, որ հետաքրքրասիրությունը միշտ անգնահատելի դերակատարություն ունի ցանկացած հաջողակ պատմության մեջ։ Համամարդկային արժեքների, մարդկության պատմության, մեզ շրջապատող բնական, սոցիալական երեւույթների եւ ժամանակակից աշխարհակարգի նկատմամբ իմ «մոլեգին» հետաքրքրությունը դեռ մանկուց ինձ համար նոր դռներ է բացում։ Այսպիսով, ես ամեն բան կապում եմ անձի հետաքրքրասիրության հետ եւ իրապես հավատում, որ հետաքրքրասեր մադրիկ չեն կարող սահմանափակվել այն ամենով, ինչ ունեն եւ չձգտեն դեպի նոր հորիզոններ։

Զրուցեց

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31