Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության ինքնախոստովանությունն ու ընդդիմության «խորիմաստ» լռությունը

Հուլիս 21,2023 12:00

Հայաստանի իշխանությունը խոստովանեց, որ ընդունել է Արցախը Ադրբեջանի կազմ մտցնելու Բաքվի ծրագիրը

Օրերս ՀՀ Անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը Aravot.am-ի հետ զրույցում սկանդալային բացահայտում էր արել, նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստել են Արցախի հանրապետությունը եւ նրա ժողովրդին ամբողջապես Ադրբեջանի կազմ ինտեգրելու ծրագիր: Նրա տեղեկություններով` այն նախատեսում է ինտեգրման գործընթացի չորս փուլ. Փաստաթղթերի, այդ թվում, առաջին հերթին անձնագրերի փոխարինում ադրբեջանական անձնագրերով, ԼՂ-ում Ադրբեջանական մանաթի ներդրում, Արցախի ՊԲ-ի ամբողջական զինաթափում եւ կազմալուծում, իշխանության ամբողջական հանձնում ադրբեջանական իշխանությանը։ Բացի այդ, ծրագիր-ճանապարհային քարտեզի գործողության համար նախատեսված է ժամկետ՝ 12 ամիս. 3 ամիս յուրաքանչյուր փուլի համար:

Պաշտոնական Երեւանը ոչ միայն չի հերքել, այլեւ Դավիթ Շահնազարյանի հայտնածին անգամ հավելել է: Սա Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի պատասխանն է Aravot.am-ին. «Բանակցային գործընթացի վերաբերյալ պաշտոնական անդրադարձ եղել է եւ այս պահին հավելյալ ասելիք չկա»։

Այսինքն, վարչապետի խոսնակը ոչինչ չասելով` ոչ միայն փաստացի հաստատել է Դավիթ Շահնազարյանի բացահայտումը, այլեւ գործածել է «բանակցային գործընթաց» ձեւակերպումը, որն այլ դիտանկյունից է լույս սփռում Դավիթ Շահնազարյանի բացահայտման վրա: Բանն այն է, որ Շահնազարյանը չէր նշել, որ իր կողմից տրամադրված ճանապարհային քարտեզ-ծրագիրը Հայաստանի իշխանությունները բանակցել են, նա չէր գործածել «բանակցային գործընթաց» ձեւակերպումը: Սակայն վարչապետի խոսնակը հենց «բանակցային գործընթացն» է օգտագործել, հետեւաբար, մնում է անել հետեւյալ հետեւությունը, որ Հայաստանի իշխանությունները խոստովանել են, որ իսկապես, բանակցել են այդ ծրագիրը ադրբեջանական կողմի հետ:

Հիշեցնենք, Դավիթ Շահնազարյանը նաեւ նշել էր, որ համաձայն իր տեղեկությունների` Ադրբեջանի իշխանությունները այս ծրագիրը փոխանցել են Հայաստանի իշխանություններին, նաեւ հավելել էր, որ տեղյակ է, որ ՀՀ իշխանություններն այդ փաստաթուղթը պետք է փոխանցեին Արցախի Հանրապետության իշխանություններին: Շահնազարյանը նույնիսկ իշխանությանը «հուշել» էր, թե ինչպես կարելի է այդ փաստաթուղթը «մոռացության մատնել», նշելով. «Հուսով եմ, ՀՀ իշխանությունները կհայտարարեն, որ նման փաստաթուղթ չեն ստացել եւ ընդհանրապես ոչ մի տեղեկություն չունեն նման փաստաթղթի մասին»:

Հիմա, ինչ է ստացվում, իշխանությունը չհերքեց Շահնազարյանի բացահայտածը, եւ այս փաստը պետք է որ հայաստանյան քաղաքական դաշտում թոհուբոհ առաջացրած լիներ: Իշխանությունն առաջնորդվեց` ինչքան քիչ ծավալվենք, այնքան լավ, ընդհանրական մեկ նախադասություն ասենք` փակենք թեման:

Իսկ հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունն ի՞նչ է մտածում այս ամենի մասին: Թե՞ նրանց նման «մանր-մունր» թեմաները չե՞ն հետաքրքրում:

Թե՞ նրանց Արցախը հետաքրքրում է բացառապես այս դիտանկյուններից` ինչպես անել, որպեսզի միայն Հայաստանը մնա 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթին հավատարիմ, ինչպես ծածկել ու պաշտպանել Արցախում Ռուսաստանի ցանկացած բացթողում ու գործողություն, եւ ինչպես Ռուսաստանի պարտավորությունները հավասարեցնել Արեւմուտքից ակնկալիքների հետ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 20.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31