Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնաթող» դատավոր Ալեքսեյ Սուքոյանը դիմել էր Սահմանադրական դատարան

Հուլիս 21,2023 14:00

Դատավորի պաշտոնի դադարեցումը ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում խախտում է

Սահմանադրական դատարանն օրերս նախկին դատավորի գործով որոշում էր կայացրել, ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ դիմողն իր դիմումի խնդրամասում չի նշել, սակայն հիմնավորումների հատվածում նաեւ անդրադարձել է վիճարկվող դրույթների՝ Սահմանադրության 162 եւ 164-րդ հոդվածներին հակասությանը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրել էր հետեւյալը. «Ինչպես պաշտոնաթող, այնպես էլ ներկայում պաշտոնավարող դատավորները Սահմանադրական դատարանին ներկայացվող անհատական դիմումների շրջանակում հանդես են գալիս որպես ֆիզիկական անձ, հետեւաբար, կաշկանդված են Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված՝ իրենց որեւէ հիմնական իրավունքի եւ (կամ) ազատության ենթադրյալ խախտման հարց բարձրացնելու պահանջով: Ուստի՝ անհատական դիմումների շրջանակում չեն կարող բարձրացվել եւ քննարկման առարկա դառնալ Սահմանադրության 162 եւ 164-րդ հոդվածներով սահմանված՝ արդարադատության իրականացմանը եւ դատավորի կարգավիճակին, այդ թվում՝ անկախությանը վերաբերող հարցեր»:

Դեռ այս տարվա փետրվարին տեղեկացրել էի, որ հունվարի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները: Անդրադարձել էի նաեւ այդ որոշման որոշ մանրամասներին, որոնք լույս են սփռում կարգապահական այս գործի վրա:

ԲԴԽ որոշման մեջ առկա էր դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ: Վարույթը հարուցվել էր արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա: Ըստ այդ միջնորդության՝ «Երեխային որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական պայմանների բացակայությամբ, միաժամանակ չհիմնավորված եւ չպատճառաբանված վճռի կայացմամբ, վճռով ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից որդեգրված երեխայի հոր ազգանունը, ըստ որդեգրել ցանկացող անձի կամարտահայտության գրառմամբ, թույլ տված խախտումները հանգեցրել են ՀՀ քաղդատօրենսգրքի, դատավորի վարքագծի կանոնների խախտման» («Դատավորն ասել է՝ երկու տարի մանկատանը գտնված երեխային որդեգրելու մասին դիմումի անտեսում չի եղել», «Առավոտ», փետրվարի 16):

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանն այս տարվա հունիսի 16-ին դիմել էր Սահմանադրական դատարան: Նա խնդրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, փոխկապակցված նույն օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հետ, ճանաչել Սահմանադրության 4-րդ, 6-րդ, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 81-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ եւ 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը ճանաչել Սահմանադրության 49-րդ հոդվածին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր: Նաեւ՝ «Աշխատանքային օրենսգրքի» 114-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, Խորհրդի կողմից իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, այնքանով, որքանով չի ապահովում դատավորների լիազորության դադարեցման արգելքը ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, ճանաչել Սահմանադրության 28-րդ, 29-րդ եւ 49-րդ հոդվածներին հակասող:

Ըստ դիմողի. «Գործադիր իշխանությանը, տվյալ դեպքում, արդարադատության նախարարին վերահսկողական իրավասության վերապահումը հակասահմանադրական է նաեւ Սահմանադրության 162-րդ եւ 164-րդ հոդվածների համատեքստում՝ հանդիսանալով արդարադատության իրականացման միջամտություն, քանի որ նման իրավասության բովանդակությունը ըստ էության դատավորի կողմից իրականացված արդարադատության վերահսկողություն է, մյուս կողմից էլ՝ չի ապահովում դատավորի՝ գործադիր իշխանությունից անկախ գործելու սահմանադրական դրույթների իրացման պայմաններ»:

Ընդսմին, վիճարկվող կարգավորումների պարագայում արդարադատության նախարարին անվերապահ հնարավորություն եւ հայեցողություն է տրված դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, ինչպիսի պայմաններում բացակայում են արդյունավետ եւ պատշաճ կարգավորումներ՝ զերծ պահելու ցանկացած կամայականությունից, խտրական մոտեցումից, որը խախտում է անձի արդար դատաքննության իրավունքը:

Դիմողը անդրադարձել էր իրավական որոշակիությունից զուրկ հասկացություններին, ԲԴԽ որոշման անորոշ ձեւակերպումներին, որի պայմաններում՝ «հնարավոր չէ տարբերակել, թե ո՞ր դեպքում դատական սխալը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, իսկ ո՞ր դեպքում դատավորի կողմից կայացված դատական ակտի վերադաս ատյանում վերանայման»:

Դիմող դատավորը, որի կենսաթոշակի անցնելուն մնացել էր երկու ամիս ժամանակ, անդրադառնալով «Աշխատանքային օրենսգրքի» 114-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությանը՝ նշել էր, որ դատավորի պաշտոնի դադարեցումը ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում խախտում է Սահմանադրությամբ երաշխավորված հանրային ծառայության անցնելու, ներառյալ՝ կամայական հիմքերով պաշտոնից չազատվելու իրավունքը, հետեւաբար, Բարձրագույն դատական խորհրդի կողմից տվյալ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն այնքանով, որքանով այդ նորմը կիրառելի չի համարվում դատավորների նկատմամբ, հանգեցնում է Սահմանադրության 49-րդ հոդվածի խախտման:

Ալեքսեյ Սուքոյանը նշել էր. «Խորհրդի կողմից «Աշխատանքային օրենսգրքի» 114-րդ հոդվածի 1-ին մասը չկիրառելու նման պրակտիկան իրավաչափ չի կարող համարվել, անգամ եթե հաշվի առնենք հանրային ծառայողի եւ դատավորի տարբեր կարգավիճակ ունենալը կամ հանրային պաշտոնի առանձնահատկությունները եւ հանրային ծառայության տեսակը (ՍԴՈ-1488), քանի որ նման տարբերակումը չի կարող արդարացնել՝ ինչու հանրային ծառայողները հանրային ծառայության իրավունքի սահմանափակման դեպքում պետք է լրացուցիչ երաշխիք ունենան, իսկ դատավորները՝ ոչ, առավել եւս՝ եթե դատավորի կարգավիճակը ենթադրում է պաշտպանության ավելի բարձր մակարդակ»: Արդյունքում՝ Աշխատանքային օրենսգրքի նման մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 28-րդ եւ 29-րդ հոդվածներին:

Հիշեցնեմ, որ Սուքոյանը 2023 թվականի հունվարի 19-ից մինչեւ հունվարի 31-ը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ, իսկ փետրվարի 1-ին ներկայացել է աշխատանքի եւ տեղեկացել, որ հունվարի 30-ին Խորհրդում տեղի է ունեցել հերթական դատական նիստը՝ առանց իր մասնակցության, որի արդյունքում դադարեցվել են իր լիազորությունները:

Ըստ Սահմանադրական դատարանի, նախկին դատավորի անհատական դիմումն անհիմն է, քանի որ դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ, այն հիմնավորելու համար: Ապա դատարանը դատավորին բացատրում է, որ. «Անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ եւ արդյունավետ իրացումը՝ դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից եւ դրանց հետեւանքով Սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց»:

Սահմանադրական դատարանի որոշման արձանագրության համաձայն. «Դիմողը սահմանափակվել է Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի «GRECO-ի», Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ միջազգային այլ մարմինների դիրքորոշումների վկայակոչմամբ»:

Սահմանադրական դատարանը մերժելով դիմումը՝ եզրահանգել է. «Սույն անհատական դիմումով դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների «իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության» սահմանադրականության գնահատում, այլ Բարձրագույն դատական խորհրդի գործողությունների «կայացրած որոշման» իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից»: ՍԴ գնահատմամբ, դիմողի կողմից որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ԲԴԽ որոշումների իրավաչափությանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31