Արցախից Դիանա Սարկիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արցախը գուցե և ապրում է, իսկ մարդի՞կ.
Մարդիկ ապրում են՝
- գրաֆիկով կամ էլ գրաֆիկներով
- հերթերի մեջ
- անվերջ քաոսի ու անորոշության մեջ
- հոգեբանական բռնություն
- ուժասպառ են
- սոված,
- նյարդային
և որ ամենակարևորն է, մարդիկ հոգնել են…
Կարդացեք նաև
Հոգնել են այն ամենից ինչ շրջապատում է մեզ, բայց մեր հողից էլ հեռանալ չենք ուզում։
Երբեմն ուզում ենք լիաթոք ծիծաղել , հետո հիշում ենք , որ հազարավոր երեխաներ զրկված են ամեն ինչից, բժշկությունից մինչև կերակուր։
Հիշում ենք , որ հղիները հնարավորություն չունեն հետազոտվել այնպես, ինչպես կարգն է…
Ուշադիր նայեք նկարին, տրանսպորտի մեջ անգամ մրջյունի համար ազատ տեղ չկա… բոլորը փորձել են իրար տեղ տալ։
Մեկ անգամ ևս նայեք, տեսնու՞մ եք, կին է վատացել է։
Նրան օգնում են բոլորը, չեղածից օգնում ու փորձում են ոտքի կանգնեցնել , նախ հղի կնոջը ապա նաև Արցախը»:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը կիսվել է վերոնշյալ գրառմամբ` գրելով.
«Արցախում գտնվող սիրելի՛ հայրենակիցներ, շատ են ասում, որ ՀՀ-ում հանրությունը տեղեկացված չէ, թե ինչպիսի իրավիճակ է Արցախում, կարծես թե մենք Արցախում ենք միայն հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ և հասարակության մի փոքր հատված Հայաստանում և Սփյուռքում։
Սոցիալական ցանցերի արցախցի բոլոր օգտատերե՛ր և իրավիճակին իրազեկ սիրելի՛ հայրենակիցներ, սոցիալական բոլոր ցանցերում գրեք իրավիճակի մասին, ինչպես Դիանան է արել՝ նշելով ձեր ընկերներին։
Միգուցե առաջարկս միանշանակ չընդունվի, բայց էլ չգիտեմ՝ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է»։