Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք, որ Հայաստանի կառավարությունը րոպե առաջ Արցախի հարցով դիմի միջազգային կազմակերպություններին»․ բողոքի ցույց՝ Ազատության հրապարակում

Հուլիս 20,2023 22:10

ԲԱՑՈւՄ քաղաքացիական շարժումն Ազատության հրապարակում Արցախի ապաշրջափակման պահանջով բողոքի ցույց անցկացրեց։ Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը հայտարարեց, որ նախաձեռնությունը երեք հիմնական նպատակ է հետապնդում՝ բացել Բերձորի միջանցքը, մարդկանց ու բեռների անժամկետ, անխոչընդոտ եւ անվտանգ տեղափոխում իրականացնել։

«Երրորդ նպատակը, որը սահմանել ենք, հումանիտար աղետի հետեւանքների վերացումն է։ Դրա հետ կապված նախաձեռնություն են սկսել, ՄԱԿ-ի գրասենյակի առաջ հավաքագրում ենք անհրաժեշտ պարեն՝ Արցախ տեղափոխելու համար։ Մենք հավաքագրելու ենք այդ պարենը եւ դիմելու ենք ՄԱԿ-ի գրասենյակին, որպեսզի փոխանցեն իրենց գլխամասին եւ իրենց փոխադրամիջոցներով պարենը Լաչինի միջանցքով տեղափոխեն Արցախ»,- ասաց Նարեկ Այվազյանը։ Նա հավելեց, որ այս հավաքները պետք է տեղի ունենային դեռ 6-7 ամիս առաջ, այսօր ուշացած է, բայց պետք է վճռական քայլեր իրականացնել։

Ռեժիսոր Սեդա Գրիգորյանն ասաց․ «Մենք կարող ենք համախմբվել եւ բոլորով ոտքի կանգնել, ցույց տալ, որ հայ հանրությունը հաշտ չէ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Արցախում, այն ցեղասպան գործողությունների հետ, որոնք իրականացնում է Ադրբեջանը՝ Արցախում հսկողություն իրականացնող ռուսների ներկայությամբ։ Մենք արդեն ընթերցել ենք ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի դրույթները։ Եվ, ցավոք սրտի, այն, ինչ տեղի է ունենում Արցախում, լիովին տեղավորվում է այդ դրույթների շրջանակում»։

Սեդա Գրիգորյանը նշեց, որ որեւէ միջազգային կառույց իրավասու չէ մեր անունից որեւէ գործողություն անել, եթե այդ հարցով իրենց չի դիմել Հայաստանի կառավարությունը։ «Հետեւաբար, մենք պահանջում ենք, որ Հայաստանի կառավարությունը րոպե առաջ իրականացնի այդ քայլերը եւ դիմի միջազգային կազմակերպություններին, որպեսզի քաղաքացիները տեսնեն, որ պետությունը եւս քայլեր ձեռնարկում է»,- հավելեց նա։

Ցույցի մասնակիցները երթով գնացին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ հայտարարելով, որ ՄԱԿ-ի վրա ճնշում գործադրելու միջոցով պետք է հասնել նրան, որ հավաքագրված բեռները ՄԱԿ-ի հովանու ներքո մտնեն Արցախ, Լաչինի միջանցքը բացվի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31