Ֆրանսիան կարող է կարևոր քայլ կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար՝ հյուպատոսական ներկայացուցչություն բացելով Սյունիքում, մարզային մայրաքաղաք Կապանում կամ Գորիս քաղաքում, ինչպես արդեն արել են այլ երկրներ։ Դա ուժեղ քայլ կլինի՝ ի նպաստ տարածաշրջանի կայունության, ինչպես նաև կհանդիսանա արժեքավոր ֆորպոստ Ֆրանսիայի ու Հայաստանի միջև համագործակցության զարգացման առումով։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս առաջարկությամբ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննային պաշտոնական նամակով դիմել են Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լոուրենս Պետելը և Սենատում համանուն խմբի նախագահ Ժիլբերտ Լյուկ Դեվինազը։
Ֆրանսիացի օրենսդիրների դիտարկմամբ՝ թեև Հայաստանի Հանրապետության հարավում գտնվող Սյունիքի մարզն ամենաքիչ բնակեցված լեռնային շրջանն է, այդուհանդերձ, չնայած իր աշխարհագրական մեկուսացմանը, 4500 ք/կմ տարածքով կենտրոնական տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հարցերում՝ նախևառաջ իր ընդերքում առկա օգտակար հանածոների հարստության պատճառով, որոնց շահագործումը Հայաստանի տնտեսության էական մասն է կազմում։
«Սյունիքը թեև կապված է Երևանի հետ միայն մեկ լեռնային ճանապարհով, այնուամենայնիվ հանդիսանում է էական միջանցք՝ Իրանի հետ սահմանով արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու համար։ Ընդամենը 35 կմ երկարությամբ հայ-իրանական սահմանը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։ 2020 թվականի աշնանը այն նաև միակն էր, որ բաց մնաց քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում՝ պաշտպանելով Հայաստանին լիակատար շնչահեղձությունից»,- նշված է Ֆրանսիայի արտգործնախարարին ուղղված նամակում։