Գորիսի պետական համալսարանի (ԳՊՀ) խորհրդի կազմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կատարվել են փոփոխություններ։ Մասնավորապես, առաջին փոփոխությամբ՝ խորհրդի անդամի պարտականություններից ազատվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը։
Հիշեցնենք, վերջինս նաեւ Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահն էր։ Ղուկասյանը ԳՊՀ խորհրդի նախագահ էր ընտրվել 2021 թվականի հունվարի 12-ին, երբ կենսաթոշակային տարիքի պատճառով ազատվեց ԳՊՀ ռեկտորի պաշտոնից։ Արտուշ Ղուկասյանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար Վահրամ Դումանյանի մտերիմ ընկերն է, ու ռեկտորի պաշտոնը թողնելուց հետո նշանակվել էր նրա խորհրդական։ Արտուշ Ղուկասյանի նշանակումը միանշանակ չէր ընդունվել․ Գորիսում՝ նրա աշխատանքից դժգոհություններ կային, նույնիսկ նամակ-դիմումով երկրի ղեկավարությունից խնդրել էին՝ Արտուշ Ղուկասյանին «չկարգել խորհրդի նախագահ»։ ԳՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Համլետ Հովսեփյանը իր նամակում խնդրել էր՝ «Սյունիքի մայր բուհը չդարձնել դժգույն ու դժբախտ»։
Խորհրդի նախագահ ընտրվելուց հետո, հետո, Aravot.am-ի հետ զրույցում Ղուկասյանը նշել էր, որ եթե չկարողանա աշխատել՝ հրաժարական կտա։ « Կաշխատեմ, եթե զգամ, որ չի ստացվում իմ մոտ, որ չեմ կարողանում օգտակար լինեմ այս պաշտոնում, որ զգամ լիազորություններս չի ներում համալսարան բերեմ նորարական ծրագրեր, ապա ես չեմ աշխատի որպես խորհրդի նախագահ»,-նշել էր Արտուշ Ղուկասյանը։
Ստացվեց այնպես՝ որ մինչեւ Ղուկասյանը համոզվեր՝ լա՞վ է աշխատում թե՞ չէ՝ նրան փոխարինեցին այլ անդամով։ Գորիսի պետական համալսարանի խորհրդի կազմում՝ լիազոր մարմնի կողմից Արտուշ Ղուկասյանի փոխարեն, վարչապետի որոշմամբ նշանակվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը։
Կարդացեք նաև
Երկրորդ փոփոխությունը կապված է հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամի հետ․ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Անետա Բաբայանին փոխարինել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական վարչության մասնագիտական կրթության եւ ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը։
Ինչպես մեզ տեղեկացրին Գորիսի պետական համալսարանից՝ ԳՊՀ խորհուրդն առաջիկա նիստում իր կազմից կընտրի նոր նախագահ։ Նշենք, որ խորհուրդը 20 անդամ ունի։ ԳՊՀ խորհրդի անդամ է նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ