Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՌԴ քաղաքացի Մարիա Ռոուզին արտահանձնելու պահանջը մերժվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից. ՀՔԱՎ

Հուլիս 20,2023 18:09

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2023թ. մայիսի 30-ին ահազանգ է ստացել այն մասին, որ նույն օրը երեկոյան, Մարիա Ռոուզը իր բնակության վայրից, առանց համարժեք բացատրությունների, անչափահաս յոթամյա երեխայի հետ բերման է ենթարկվել ՀՀ Ոստիկանության Մալաթիայի բաժանմունք, որտեղ նրանց պահել են առավել քան 6 ժամ և ազատ արձակել 23։00-ի սահմաններում։ Ոստիկանության բաժանմունքում ձերբակալման առաջին իսկ պահից Մ․ Ռոուզին իրավական աջակցություն է տրամադրել Կազմակերպության փաստաբան Սամսոն Գալստյանը։ Անազատության մեջ գտնվելու ընթացքում Ռոուզին տեղեկացրել են, որ քննարկվում է իրեն ՁՊՎ տեղափոխելու, ապա ՌԴ արտահանձնելու, իսկ երեխային «Զատիկ» խնամքի կենտրոն հանձնելու հարցը։ Ոստիկանության աշխատակիցներն այս ամենը հիմնավորել են դատախազի ցուցումով։ Տեղում տրամադրված իրավական աջակցության և արագ արձագանքման նպատակով փաստաբանը ՄԻՊ և ՀՀ գլխավոր դատախազություն ահազանգեր է կատարել, ներկայացրել է իրավական պահանջ՝ ապօրինի ճանաչել ձերբակալումը։Մ․ Ռոուզը և անչափահաս երեխան ազատ են արձակվել ուշ երեկոյան։

Կազմակերպության իրավական աջակցության շրջանակներում տարբեր գրություններ են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ ներքին գործերի նախարարություն և ՀՀ արդարադատության նախարարություն։

2023 թ․ հունիսի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունից պատասխան նամակով հայտնել են, որ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Մարիա Ռոուզին ՌԴ մարմիններին արտահանձնելու մասին միջնորդություն է ստացվել Դատախազությունում, որը գործող կարգի համաձայն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն։

Միջնորդության մասին տեղեկանալուց հետո Մ․ Ռոուզը կազմակերպության փաստաբանի ուղեկցությամբ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունում ՀՀ-ում ապաստան ստանալու համար դիմում է ներկայացրել, մասնակցել հարցազրույցին։

Կազմակերպության կողմից գրություն է ներկայացվել ՀՀ Արդարադատության նախարարություն՝ արտահանձնման գործընթացը կասեցնելու և այն իսպառ բացառելու պահանջով, քանզի հետ վերադարձման կամ արտահանձնման դեպքում Մարիա Ռոուզը ՌԴում անխուսափելիորեն կենթարկվեր խոշտանգման, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի, ինչն արգելված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ և ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ ՀՀ կողմից վավերացրած միջազգային բոլոր պայմանագրերով և կոնվենցիաներով։

Միաժամանակ Կազմակերպության իրավաբանների կողմից ՄԻԵԴ կանոնագրքի 39-րդ կանոնի համատեքստում հրատապ միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝՝ «Զերծ մնալ ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կապված են Դիմումատուին Ռուսաստանի Դաշնություն արտահանձնելու (էքստրադիցիայի) հետ»:

Ի պատասխան Կազմակերպության դիմումի ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նախարարի 06.07.2023թ որոշմամբ Մարիա Ռոուզի արտահանձնումը Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին մերժվել է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված հանձումը բացառող հանգամանքի առկայությունը:

ՀՀ արդարադատության նախարարության որոշումը՝ բացառել էքստրադիցիան, հաշվի առնելով ՀՀ կոնվենցիոն պարտավորությունները, այն էլ ռազմավարական դաշնակից համարվող պետության ապօրինի պահանջը չկատարելով, իրապես նախադեպային նշանակություն ունեցող և ողջունելի մոտեցում է։ 

ՀՀ արդարադատության նախարարությունը, ըստ էության, իր որոշմամբ արձանագրել է, որ Մ․ Ռոուզին ՌԴ արտահանձնելու դեպքում կխախտվեն վերջինիս կոնվենցիայով երաշխավորված վատ վերաբերմունքից զերծ մնալու, ինչպես նաև կյանքի իրավունքը, այսինքն՝ ՌԴ-ում կխախտվեն նրա հիմնարար իրավունքները։

Այսպիսով, ևս մեկ անգամ փաստում ենք, որ ՀՀ-ն իր ներկայացուցիչների միջոցով պարտավոր է հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները՝ իր կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի իմպերատիվ պահանջով։

Հիշեցնենք, որ Մարիա Ռոուզի նկատմամբ հետապնդումը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31