Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ի ջանքերով «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված փախստականն ազատ է արձակվել

Հուլիս 20,2023 18:30

Ինչպես արդեն հրապարակել ենք՝ սույն թվականի հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ՀՀ ոստիկանության ԵՔՎ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ-ի ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Վ․-ի կողմից, ՀՀ Քրեական դատավարության նախկին օրենսգրքի այլևս չգործող հոդվածների վկայակոչմամբ, «Զվարթնոց» օդանավակայանում, ուշ գիշերը, մի քանի ժամ տևած գործողությունների արդյունքում կայացվել էր որոշում՝ ՈՒՀ փախստական, ազգությամբ ռուս Իրինա Բելաչեուին (ծնված՝ 28․03․1968թ․) ձերբակալելու վերաբերյալ։

Ժամը 02։00-ի սահմաններում ավարտված քննչական գործողություններին մասնակցել և Իրինա Բելաչեուի իրավունքների համալիր պաշտպանությունը տեղում ապահովել է ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանը։ Այնուհետ, ձերբակալումից ժամեր անց, ՀՔԱՎ գրասենյակի իրավաբանական թիմի կողմից ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների և ձերբակալման որոշման բողոքարկման արդյունքում, հուլիսի 19-ին, ժամը 16։20-ին, վարույթն իրականացնողի կողմից կայացվել է որոշում՝ ՌԴ-ի կողմից հետախուզվող Իրինա Բելաչեուին ազատ արձակելու վերաբերյալ՝ վերջինիս անազատության մեջ պահելու հիմքերի բացակայությամբ։ Բողոքարկման և ձեռնարկված համալիր իրավապաշտպանական միջոցառումների արդյունքում կայացված որոշումը անձամբ տրամադրվել է անհապաղ կերպով ազատ արձակված Իրինա Բելաչեուին, ում շահերի և իրավունքների հետագա պաշտպանությունը ՀՔԱՎ գրասենյակի կողմից շարունակվելու է։

Հիշեցնենք, որ ներկայացված՝ ձերբակալման որոշման բողոքով ՀՔԱՎ գրասենյակը շեշտել էր՝

🔘 Ձերբակալման որոշման իրավաչափության բացակայությունը ՀՀ գործող Քրեական դատավարության օրենսգրքի համատեքստում,

🔘 ՌԴ-ի կողմից հարուցված քրեական գործով Իրինա Բելաչեուին առաջադրված արարքի հանցակազմի բացակայությունը՝ ՀՀ Քրեական օրենսգրքում,

🔘 Իրինա Բելաչեուի նկատմամբ հարուցված քրեական վարույթի քաղաքական հետապնդման բնույթ ունենալն ու ըստ դրա՝ Իրինա Բելաչեուին ՌԴ-ին արտահանձնելու անթույլատրելիությունը՝ ՀՀ-ի կողմից ստանձնած ներպետական և միջազգային պարտավորությունների իմպերատիվ ուժով։

Ամփոփելով՝ հերթական անգամ արձանագրում ենք, որ ՀՀ-ն՝ հանձին համապատասխան իրավասու մարմինների, պարտավո՛ր է որդեգրել մարդու իրավունքների պաշտպանության միատեսակ և համակարգային պրակտիկա և չկատարել միջազգայնորեն ոչ իրավական ճանաչված պետության անօրինական պահանջները։

* Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնում է, որ բոլոր այն օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր իրենց ունեցած համոզմունքների պատճառով իրենց երկրում ենթարկվել են հետապնդումների և այժմ գտնվում են ՀՀ-ի կողմից իրենց արտահանձնելու իրավական խնդրի առաջ, կարող են դիմել Կազմակերպությանը՝ համապատասխան իրավական աջակցություն ստանալու համար։

***

 

ՀՀ-ն հերթական անգամ կատարում է ոչ իրավական պետության պահանջները

Երեկ ուշ երեկոյան ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել, որ ժամը 18։55-ին Թբիլիսի Երևան ինքնաթիռով ՀՀ է ժամանել ազգությամբ ռուս Իրինա Ալեքսանդրի Բելաչեուն, ով անմիջապես ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել հատուկ տարածք։ Կազմակերպություն զանգահարած կնոջ աղջիկը հայտնել է, որ մայրը ՌԴ իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ դեռևս 2020 թ․-ից ՌԴ քրեական օրենսգրքի 360–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ միջազգային պաշտպանության տակ գտնվող կազմակերպությունների կամ անձանց վրա հարձակում կամ դրա իրականացման սպառնալիք, որը կատարվել է պատերազմ հրահրելու կամ միջազգային հարաբերությունները բարդացնելու նպատակով։

Ի սկզբանե արձանագրենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքում նման հանցակազմ պարունակող հոդված առկա չէ։ Բացի այդ, առկա չեն եղել նաև ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված՝ ձերբակալման հիմքերը։  Մինչդեռ, ՀՀ իրավապահ մարմինները, անտեսելով բոլոր այս կարևոր հանգամանքներն ու ուղղակիորեն ոտնահարելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և ներպետական պարտավորությունները, կայացրել են 55-ամյա կնոջ ձերբակալման որոշում, հաշվի չառնելով անգամ այն հանգամանքը, որ նման ծանր սանկցիա պարունակող հոդվածի առաջադրման իրական պատճառն այն է, որ 2016թ․-ին  Բելաչեուն Կիև քաղաքում մասնակցել է բողոքի ակցիայի, որի ընթացքում ձվով հարվածել է Կիևում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան երկաթյա ճաղավանդակին և որի համար առ այսօր ենթարկվում է քրեական հետապնդման։ Այսինքն՝ քաղաքական հայացքների, ինչպես նաև հավաքների և միավորման ազատության իրավունքի իրացման պատճառով Իրինա Բելաչեուն ենթարկվում է քրեական հետապնդման և այս պահին ապօրինի պահվում է անազատության մեջ։

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ  բողոքի ակցիան տեղի է ունեցել դեռևս 2016 թվականին Կիևում և Ռուսաստանի Դաշնությունը առանց կնոջ ներկայության, նրա լսված լինելու իրավունքի ապահովման կամ ապացույցների առկայության, հարուցել է քրեական հետապնդում, ինչի արդյունքում վերջինիս  ՌԴ-ում սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում։

Հերթական անգամ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի ներկայացուցիչները կատարում են ոչ իրավական պետության ապօրինի պահանջները, որի արդյունքում այս անգամ, առանց իրավական հիմքերի առկայության, անձին 72 ժամով զրկեցին ազատությունից։

Ըստ էության արձանագրում ենք նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում ՀՀ-ն չունի համակարգային մոտեցում։ Կազմակերությունը վերջին ամիսների ընթացքում հաճախ է ահազանգեր ստանում ՌԴ քաղաքացիներից իրենց ունեցած հետապնդումների հիմքով ՀՀ իրավապահների կողմից իրականացվող ձերբակալումների մասին, որոնք գրեթե բոլորը ավարտվել են ձերբակալումից ազատելու մասին որոշում կայացնելով՝ ձերբակալումից մի քանի ժամ (հիմնականում մինչև 6 ժամ) հետո՝ անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը վերացած լինելու հիմքով։

Հատկանշական է այն հանգամանքը, որ 2023 թ․ հուլիսի 6-ին ՀՀ արդարադատության նախարարությունը կայացրեց որոշում Մարիա Ռոուզի վերաբերյալ՝ ՌԴ-ի կողմից ներկայացված հանձնելու միջնորդությունը մերժելու մասին, մինչդեռ կնոջ իրավունքների պաշտպանության շրջանակներում մեր կողմից նախաձեռնված բոլոր ջանքերը և ահազանգերը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ գլխավոր դատախազություն ապարդյուն էին։

Ամփոփելով՝ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված և անազատության մեջ գտնվող Իրինա Ալեքսանդրի Բելաչուին։

Միաժամանակ՝ հայտարարում, որ ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ՀՀ են եկել՝ իրենց քաղաքացիության կամ բնակության պետությունում իրենց քաղաքական հայացքներով կամ  համոզմունքներով պայմանավորված հետապնդումների պատճառով, նրանց պետությունում կան իրենց դեմ հարուցված քրեական գործեր, միաժամանակ կա իրական վտանգ և սպառնալիք, որ իրենց պետություն հետ վերադառնալու դեպքում կենթարկվեն ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի, խոշտանգումների կամ մահապատժի։

Ուստի ՀՀ-ն՝ հանձին համապատասխան իրավասու մարմինների, պարտավո՛ր է ձեռնպահ մնալ այդ անձանց պահանջող երկրին արտահանձնելու գործընթացի կազմակերպումից։

Համաձայն ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և ՀՀ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների՝ ոչ ոք չի կարող հանձնվել օտարերկրյա պետությանը (անգամ եթե դա անձի քաղաքացիության պետությունն է), եթե լուրջ հիմքեր կան կասկածելու, որ այդ պետությունում անձը կարող է ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի:

* Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը միաժամանակ հայտնում է, որ բոլոր այն օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր իրենց ունեցած համոզմունքների պատճառով իրենց երկրում ենթարկվել են հետապնդումների և այժմ գտնվում են ՀՀ-ի կողմից իրենց արտահանձնելու իրավական խնդրի առաջ, կարող են դիմել Կազմակերպությանը՝ համապատասխան իրավական աջակցություն ստանալու համար։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31