Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 20-ի հերթական նիստում ընդունած որոշմամբ փոփոխություն կատարեց «Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը, ներկայացված տեղեկությունների ցանկի և հայտի ձևերը սահմանելու մասին» որոշման մեջ։
Ըստ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում առաջին անգամ բաշխվելու են նաև կանգառասրահներում և վերելակներում գտնվող վահանակները։ Գործընթացը էլեկտրոնային եղանակով իրականացնելու նպատակով ԿԸՀ մասնագետները մշակել և կիրարկել են հատուկ համակարգ։
Համակարգը վահանակ տիրապետող կազմակերպություններին հնարավորություն կտա ԿԸՀ համացանցային կայքում ունենալ անհատական օգտահաշիվ, որով նրանք կկարողանան իրենց հայտերը ներկայացնել օնլայն։ Օգտահաշիվները կլինեն մշտական՝ տվյալները թարմացնելու հնարավորությամբ։ Յուրաքանչյուր ընտրությունից առաջ այդ կազմակերպությունները տասնօրյա ժամկետում իրենց հայտերը կներկայացնեն հանձնաժողով։
Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ հուլիսի 21-ին, ժամը 11։00-ին ԿԸՀ շենքում վահանակ տիրապետող կազմակերպությունների հետ կլինի քննարկում, և ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության վերլուծության աշխատակիցները մանրամասն կներկայացնեն համակարգը։
Կարդացեք նաև
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ հավելեց, որ հաջորդ շաբաթ կուսակցությունների համար ևս իրազեկման հանդիպումներ կլինեն ԿԸՀ շենքում, որպեսզի մինչ Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները նրանք ևս տիրապետեն ԿԸՀ էլեկտրոնային համակարգերին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողով