Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ համալսարանում ստեղծվել է Ռուսագիտության կենտրոն, որի նպատակն է ձևավորել տարածաշրջանային և միջազգային գիտահետազոտական, կրթական և կազմակերպամեթոդական հարթակ՝ ռուսաց լեզվի հանրահռչակման, դասավանդման և հետազոտական ծրագրերի իրականացման, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև գիտամշակութային կապերի համակողմանի զարգացման համար:
«Մեր համալսարանի Ռուսագիտության կենտրոնի գործունեության առանցքային ուղղություններից առանձնակի նշանակություն ունեն «Ռուսաց լեզուն Հայաստանում» գիտահետազոտական նախագիծը, Հայաստանում ռուսաց լեզվի համալիր ուսումնասիրությունները, բառարանագրական աշխատությունների ստեղծումը, այդ թվում՝ ռուս-հայկական նեղ մասնագիտական կրթական բառարանների, «Ռուսաց լեզուն դարաշրջանների խաչմերուկում․ավանդույթները և նորարարությունները ռուսագիտության մեջ» ավանդական միջազգային գիտաժողովի և միջազգային առցանց ուսանողական համաժողովի անցկացումը և շատ այլ բաներ»,- նշել է ՀՌՀ-ի Ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի վարիչ Կարեն Հակոբյանը։
Վերոնշյալ նպատակին հասնելու համար կազմակերպվելու են գիտահետազոտական աշխատանքներ՝ Հայաստանում ռուսաց լեզվի գործունեության վերլուծության վերաբերյալ՝ աշխարհում դրա գործունեության համատեքստում, կիրականացվեն հետազոտություններ ռուսերենի` որպես ոչ մայրենիի և օտար լեզվի ուսուցման մեթոդների ոլորտում, կիրականացվեն լրացուցիչ մասնագիտական կրթությանը վերաբերող կրթական ծրագրեր, այդ թվում՝ ռուսաց լեզվի դասընթացները որպես օտար լեզու, ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ և ՀՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչների և բուհերի դասախոսների վերապատրաստման դասընթացներ:
Բացի այդ՝ նախատեսվում է նաև անցկացնել միջազգային գիտական և գիտագործնական համաժողովներ, այդ թվում՝ ուսանողական սեմինարներ, վեբինարներ և այլն՝ ՌԴ գործընկեր բուհերի և այլ օտարերկրյա բուհերի հետ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու համար, ինչպես նաև լուսավորչական միջոցառումների անցկացում՝ ռուսաց լեզվի և մշակույթի առաջ մղման ու հանրահռչակման նպատակով։
Կարդացեք նաև
Նշենք, որ Կենտրոնն իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է ՀՌՀ-ի նորմատիվային իրավական ակտերով և Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության օրենսդրություններով:
ՀՌՀ մամուլի ծառայություն