«Վաղը կիմանաք»,-Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը (լուսանկարում):
Խոսքը վաղը կայանալիք Արցախի խորհրդարանի արտահերթ նիստում ընդունվելիք հայտարարության մասին է: Հայտարարության հիմնական սկզբունքներն այսօր քննարկվել են արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ արժանացել հանձնաժողովականների հավանությանը: Aravot.am-ի աղբյուրները խոստանում են, որ վաղը կայանալիք խորհրդարանի արտահերթ նիստը հետաքրքիր է լինելու. շատ մանրամասներ չեն գաղտնազերծվում, միայն հայտնի է, որ վաղը՝ այդ նիստով եւ այդ հայտարարությամբ, որոշակի շրջադարձային զարգացումներ են ակնկալվում: Արցախում քաղաքական գործընթացին իբրեւ նոր թափ է հաղորդվելու:
Վահրամ Բալայանն էլ շատ մանրամասներ չգաղտնազերծեց, ասաց, որ գործընթացը նոր չէ, 2022 թվականի նոյեմբերի 10-ից հետո էլ Արցախի խորհրդարանը 31 ուղերձ, հայտարարություն եւ կոչ է հղել. «Կարմիր գծերը, մեր նպատակները, լինելու են նաեւ վաղվա հայտարարության մեջ: Անկախ համաժողովրդական շարժման ակտիվացումից, Վերածննդի հրապարակում ընթացող բողոքի ցույցերից, կա որոշակի գիծ, որի վրա խորհրդարանն, ինչպես ասում են, կանգնած է»:
-Պարոն Բալայան, շատ քննադատվեց Արցախի նախագահի, ԱԺ նախագահի՝ նստացույցին միանալու քայլը: Քննադատությունների առանցքն այն է, որ դա հուսահատության քայլ է, մինչդեռ այժմ քաղաքական քայլեր են հարկավոր եւ կան այդ քայլերը: Դո՞ւք ինչպես եք վերաբերվում դրան:
Կարդացեք նաև
-Երբ կա գործընթաց եւ ինչ-որ քայլ է կատարվել, հետո սկսենք ասել՝ այս մեկը լավ է, մյուսը՝ վատ… այդ ժամանակները չեն: Պահը չէ, որ մենք մտնենք նման բաների մեջ: Քայլ է կատարվել եւ մենք պետք է փորձենք եղածից հնարավորիս ինչ-որ շահ ստանալ՝ իրավիճակի կարգավորման առումով: Հիմա կարելի է շատ բան ասել. եւ ճիշտը, եւ սխալը, կարելի է հիմնավորել… մոտեցում է, համենայնդեպս:
-Հիմնական մտահոգությունն այն է, որ պետական կառավարման համակարգն անգործության է մատնվում, պետական ինստիտուտների գործունեությունը փաստորեն պարալիզացվում է:
-Ոչ: Պետք է հասկանալ, որ դա ակցիա է եւ դա չի նշանակում, որ ինչ-որ գործընթացներ են սկսվում եւ նախագահն առավոտից-իրիկուն իր նստավայրում պետք է նստած մնա: Ակցիա է՝ ինչ-որ ուշադրություն հրավիրելու, հանրությանը համերաշխություն հայտնելու… քայլ է: Բայց կառավարման իմաստով, եթե նայում ես կառավարության վերջին օրերի աշխատանքին, էական տարբերություն չկա նախկինի հետ, որ ասենք՝ այդ նստացույցի պատճառով այս ինչ բանը ձախողվեց, կամ այնինչ բանը չարվեց:
–Արայիկ Հարությունյանը՝ նստացույցից առաջ ասաց, որ եթե իր քայլից հետո, Արցախի կյանքը բնականոն հուն չմտնի, կոշտ քայլեր կլինեն: Բավականին օրեր են անցել եւ տեսանելի չէ, որ Արցախի կյանքը բնականոն հուն մտնելու միտում ունի: Դուք տեղյա՞կ եք, ի՞նչ կոշտ քայլերի մասին էր խոսում Արայիկ Հարությունյանը:
-Ոչ : Վստահ չեմ կարող ասել, թե ի՞նչ նկատի ուներ, իրենից պետք է հարցնել: Բայց, մյուս կողմից էլ, կան գործընթացներ, որոնց մի մասը տեսանելի չէ, չի երեւում եւ պետք է սպասենք: Հեշտ գործընթացներ չեն, որ անմիջապես լուծումների սպասենք, բայց, համոզված եմ, որ հետեւողական լինելու պարագայում դրական արդյունքի կարելի է հասնել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ