«Կանայք հանուն Արցախի» խորագրով մեկօրյա հացադուլը ՄԱԿ-ի գրասենյակի մետ շարունակվում է։ Այսօր հացադուլին միացել են ռեժիսոր Սեդա Գրիգորյանը եւ արցախցի Անգելինա Մանուկյանը։
«Արցախի շրջափակման հենց հաջորդ օրը, մենք տեսանք, որ գործընթացներ սկսվեցին Ստեփանակերտում։ Այնտեղ գործընթացներն ընթանում էին ամիսներով, մենք հետեւում էինք երիտասարդների գործողություններին։ Եվ ես տեսա, որ արդեն հայտարարում են, որ ինչ-որ պահի արցախցիները պետք է դուրս գան ու քայլեն դեպի Հակարիի կամուրջ։ Եվ դա ինձ համար շատ կարեւոր ազդակ էր, որ մենք այստեղ չենք կարող նստել ու սպասել։ Դա ծայրահեղ իրավիճակի ցուցիչ է եւ նշանակում է, որ մենք էլ այստեղ պետք է կարողանանք համախմբվել, կոնսոլիդացիա պետք է տեղի ունենա տարբեր խմբերի միջեւ։ Մեր հիմնական ասելիքն է՝ մենք Արցախի հետ ենք եւ պետք է կարողանանք սատարել ինչով հնարավոր է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Սեդա Գրիգորյանը։
Նա նշեց, որ զուգահեռ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ պարեն է հավաքվում, եւ նախաձեռնողները պահանջում են, որ ՄԱԿ-ն օգնի այն հասցնել Արցախ։
Կարդացեք նաև
«Այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում Արցախում՝ Ադրբեջանի բռնապետ Ալիեւի ղեկավարությամբ, իսկապես ցեղասպանական գործընթաց է գնում։ Արցախում մենք ունենք պերինատալ մահացությունների եռապատկում։ Սա նշանակում է, որ եկող սերնդի կանխումը, այն, ինչ նպատակադրել է Ալիեւը, արդեն տեղի է ունենում։ Սա ողբերգություն է եւ վերաբերում է ամբողջ աշխարհին, քանի որ նաեւ հումանիտար խնդիր է։ Այս առումով հացադուլը եւս կարեւոր իրազեկման գործիք է։ Ես միացել եմ հացադուլին, սա շղթայական հացադուլ է, կանայք միմյանց են փոխանցում, եւ այս մեկ օրը մեծ զրկանք չէ, որպեսզի զգանք այն, ինչ զգում են մեր հայրենակիցներն Արցախում»,- հավելեց Սեդա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ հայ հասարակությունը պետք է հավատա, որ հնարավոր է իրավիճակ փոխել։ «Պատերազմի խոսույթը, գործընթացները պարզապես մարդկանց մեջ սպանել են այդ հավատը։ Ես ցանկանում եմ, որ առաջին հերթին արթնանա այդ հավատը, հավատը միմյանց ուժերի նկատմամբ։ Մենք դադարել ենք լսել իրար, դադարել ենք հավատալ։ Առաջին հերթին սա պետք է կոտրենք։ Երկրորդ, պետք է համախմբվենք, լուծումներ կան միշտ, սցենարը փոխելու լուծումներ կան, եթե մենք համախմբված ու կուռ լինենք, եթե Ստեփանակերտում ու Երեւանում գործընթացները զուգահեռ ընթանան։ Մեկ անգամ արդեն տեսել ենք, որ այս համախմբումը կարող է բեկում մտցնել համաշխարհային գործընթացներում։ Եվ ես հավատում եմ, որ դա կարող է կրկնվել։ Առնվազն մեր տարածաշրջանում մեր միասնականությունը կարող է իրավիճակ փոխել»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ