Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եվրամիություն, որտե՞ղ են ձեր աչքերն ու ականջները, դուք եկել եք դիտարկելու ցեղասպանությո՞ւնը»․ Արցախի ապաշրջափակման պահանջով բողոքի ցույց՝ ԵՄ գրասենյակի առջեւ

Հուլիս 20,2023 15:19

«Շառլ Միշելի հայտարարությունը, որով առաջարկվում է Լաչինի միջանցքի փոխարեն Աղդամով սնունդ տանել Արցախ, դատապարտելի է բոլորի կողմից, որովհետեւ կծնի նոր ցեղասպանություն»,- այսօր Արցախի ապաշրջափակման պահանջով Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի դիմաց բողոքի ցույցի ժամանակ ասաց մասնակից Ալվարդ Զաքարյանը։ «Լաչինի միջանցքն այլընտրանք չունի, Եվրոպա, կանխիր ցեղասպանությունն Արցախում»,- ասաց նա։

«Եվրամիություն, որտե՞ղ են ձեր աչքերն ու ականջները»,- վանկարկեցին ցույցի մասնակիցները։

Հավաքի մասնակիցները դիմեցին Եվրոպական միության երկրներին ու Եվրամիության գրասենյակի ղեկավարությանը՝ կոչ անելով գործուն քայլեր ձեռնարկել Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ։ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց՝ ամոթ բոլոր նրանց, ովքեր մինչեւ այժմ չեն հասկացել, որ Արցախում ոչ թե լուծվում է զուտ 120 հազար մարդկանց, այդ թվում՝ 30 հազար երեխաների ճակատագիրը, այլ այս օրերին լուծվում է համայն հայության, այդ թվում՝ ՀՀ բոլոր բնակիչների ճակատագիրը։

«Ես հիշեցնեմ, որ բոլորը, մանավանդ պաշտոնական վարչակազմը հիանում են նրանով, որ Եվրամիությունը Հայաստան է ուղարկել դիտորդներ։ Հարգարժան Եվրամիություն, դուք եկել եք դիտարկելու ցեղասպանությո՞ւնը, դուք եկել եք դիտարկելու, թե ինչպե՞ս են երեխաները մահանում, որովհետեւ մայրը չի կարողանում ժամանակին սնունդ գտնել իրենց։ Դուք եկել եք դիտարկելու, թե ինչպե՞ս են 30 հազար երեխաներ կիսաքաղց ապրում։ Ինչո՞ւ եք ուզում, որ ձեզ շրջափակեն այստեղ, որ չկարողանաք սնունդ ստանալ, ինչո՞ւ չեք ուզում մասնակցել ցեղասպանությունից փրկելու գործին, որն իրականացնում է Ադրբեջանը՝ ունենալով մեջքին ոչ միայն Թուրքիայի աջակցությունը, այլ ձեր ամոթալի լռությունը։ Ո՞ւր է ձեր ձայնը, ու՞ր են ձեր գործողությունները, այդքան դժվա՞ր է պատժամիջոց ընդունել Ադրբեջանի նկատմամբ։ 2020 թվականին տեղի է ունեցել ցեղասպանական ագրեսիա՝ մասնակցությամբ Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչության, ո՞ւր են ձեր պատժամիջոցները, ո՞ւր է այսօր ձեր արձագանքը։ Ամոթ բոլոր նրանց, ումից մենք սովորել ենք մարդու իրավունքներ։ Ձեր վեհ գաղափարները դուք վաճառել եք մի քիչ տաքանալու համար, որովհետեւ Ադրբեջանից ստանում եք նավթ ու գազ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նա հավելեց, որ ցույցի մասնակիցները պահանջում են հանդիպում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ։ «Մենք պահանջում ենք ընդունել որոշակի թվով մարդկանց, արցախցիներին ու լսել նրանք պահանջը։ Եթե դուք չեք կանխում այս ցեղասպանության փորձը, դուք աջակցում եք։ Եվ դուք էլ եք ժամանակին կանգնելու միջազգային դատարանի առաջ, ինչպես պետք է կանգնեն Ադրբեջանն ու Թուրքիան»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։

Մասնակիցներն անգլերեն ուղերձով դիմեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։ Նրանք հանդիպում պահանջեցին, սակայն ԵՄ պատվիրակությունից ոչ ոք չընդունեց հավաքի մասնակիցներին։


«Հանդիպում պահանջելու մեր ջանքերն արդյունք չունեցան, սակայն նրանք վերցրեցին մեր փոխանցած նամակը։ Մեր պահանջը անփոփոխ է, նրանք պետք է լուծում առաջարկեն մեզ՝ ինչպես բացել կյանքի ճանապարհը։ Այդ պատճառով մենք ԵՄ պատվիրակությանը խոստանում ենք, որ նրանց հանգիստ չենք տալու»,- հայտարարեց «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնի համահիմնադիր Լիանա Պետրոսյանը։

Հավաքի մասնակիցները նաեւ հայտարարեցին, որ ԵՄ գրասենյակի ներկայացուցչին փոխանցել են, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը՝ Բաքվի կողմից Արցախին օգնություն ուղարկելու մասին, արցախցիների համար անընդունելի է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31