Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացեք կյանքի ճանապարհը կամ փակեք ձեր գրասենյակը»․ բողոքի ցույց՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Հուլիս 20,2023 15:04

Արցախի ապաշրջափակման պահանջով այսօր բողոքի ցույց տեղի ունեցավ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ։ Մասնակիցները նաեւ հայտարարեցին, որ սատարում են ՄԱԿ-ի գրասենյակի մոտ «Կանայք հանուն Արցախի» խորագրով հացադուլի մասնակիցներին։

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ այսօր արցախահայությունը պաշտպանում է համայն հայության պատիվն ու արժանապատվությունը։ «Թող բոլորն իմանան, որ այսօր նրանք սովի են մատնված ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլ լուռ ու մունջ նայող միջազգային հանրության բոլոր ինստիտուտների կողմից։ Արցախում է մարդու իրավունքների ու արժանապատվության ուղղակի մարմնավորումը։ Այդ մարդիկ իրենց կյանքով ու զրկանքներով ապացուցում են, որ ոչինչ չկա ավելի բարձր, քան մարդու արժանապատվությունը, որն այդքան մեծ ոգեւորությամբ ուզում են նսեմացնել եվրոպական չինովնիկները։ Դիմելով ձեզ՝ մենք ունենք միայն մեկ խնդրանք՝ ապահովեք կամ ցամաքային կամ օդային ճանապարհը։ Մենք ձեզանից չենք ուզում սնունդ, սնունդը մենք ինքներս ենք բերելու։ Պահանջում են՝ ապահովեք ճանապարհը, ամոթ է մատնել սովի 120 հազար հայերի, այդ թվում՝ 30 հազար մանուկների»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։


Նա նշեց, որ ՄԱԿ-ը կարող է, բայց քայլեր չի ձեռնարկում։ Նա հարցադրում արեց՝ հակառակ դեպքում, ինչո՞ւ է այդ կառույցը գրասենյակներ բացում տարբեր երկրներում։ «Բացեք կյանքի ճանապարհը կամ փակեք ձեր գրասենյակը»,- ասաց Ալավերդյանը։


«Դիզակ Արտ» մշակութային կենտրոնի համահիմնադիր Լիանա Պետրոսյանը հայտարարեց․ «Մեր պահանջը մեկն է՝ կամ աջակցում եք բացել կյանքի ճանապարհը, կամ աջակցեք, որ մեր կողմից հավաքված պարենը հասնի Արցախ հասցեատերերին»։


Ռեժիսոր Սեդա Գրիգորյանը հիշեցրեց, որ արդեն երկրորդ օրն է՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ սնունդ ու անհրաժեշտ պարագաներ են հավաքվում՝ Արցախ ուղարկելու համար։ «Եկեք բոլորս հավաքվենք, խելք խելքի տանք, կարողանանք որոշակի քայլերի հերթականությամբ ու համատեղ ուժերով հասնել մեր նպատակին։ Մեր նպատակն է ազատագրել մեր հայրենակիցներին Արցախում եւ հնարավոր դարձնել պարենի մատակարարումը Արցախ»,- ասաց նա։

Սեդա Գրիգորյանն ընթերցեց Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի դրույթները՝ նշելով, որ ՄԱԿ-ին ուզում է հիշեցնել իրենց իսկ կազմակերպության ընդունած փաստաթղթի մասին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31