Նշված գործի հետ կապված տեղեկություն չունենք, նախաքննության փուլում է, ԱԱԾ-ի վարույթում է Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով խոշոր չափերով «կոկաին» տեսակի թմրամիջոցների բացահայտումներին:
«Դրանից հետո Սյունիքում հայտնաբերված վերջին դեպքերը, որքան որ ես եմ տեղյակ, բոլոր խոշոր դեպքերը անցել են ոչ թե սահմանային անցման կետով, այլ գետի վրայով, նետումներով և այլ եղանակներով: Դրանց մասին ևս տեղեկություն չունենք: Իսկ ՊԵԿ-ի կողմից հայտնաբերվածները, թե՛ ֆենտանիլի հետ կապված, թե՛ մետամֆետամինի հետ կապված, հայտնաբերումներ ունենք, որի մասին հենց հրապարակման փուլը գալիս է, մենք անպայման ասում ենք»,-ասաց նա:
ՊԵԿ նախագահը նշեց, որ թմրանյութերը ներկրվում են տարբեր մարդկանց կողմից:
«Մետամֆետամինի վերջին դեպքը, օրինակ, եղել է Իրանի հետ սահմանին, անցակետով է անցել, բավական բարդ եղանակով թաքցված, սկանավորման միջոցով կասկած է առաջացել, բացվել է պայուսակը, և այնտեղ հայտնաբերվել մետամֆետամին, և հետո այդ նույն շղթայով այլ դեպքեր են հայտնաբերվել»,- ասաց Բադասյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով «Financial Times»–ի հրապարակմանը՝ Բադասյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ է, գործընկերների հետ բաց ու պարզ եղանակով են աշխատում և համագործակցում։
Հիշեցնենք, որ ըստ՝ «Financial Times»–ի` Հայաստանից ՌԴ ավտոմեքենաների արտահանումը միայն 2023 թվականի հունվարին 2022 թ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 200 անգամ՝ կազմելով 180 մլն դոլար։ Եվ այս ամենը պարբերականը դիտարկել է ՌԴ–ի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների ֆոնին։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ