«12-րդ ՀՄԸՄ համահայկական բանակումը սկիզբ է առնում շատ շուտով: Հուլիսի 21-ին տեղի կունենա պաշտոնական բացման արարողությունը՝ Բյուրականի «Գառնիկ Մկրտիչյան» բանակավայրում»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՄԸՄ- ՀԱՍԿ-ի ատենապետուհի Սանդրա Վարդանյանը: Նա տեղեկացրեց, որ սկաուտներն արդեն իսկ ժամանում են , ՀՄԸՄ- ՀԱՍԿ-ի ներկայացուցիչները զբաղված են նրանց դիմավորման աշխատանքներով:
«Ամենածավալուն նախապատրաստական աշխատանքները շինարարական աշխատանքներն էին, որոնք իրականացվել են բանակավայրը ավելի հարմարավետ ու հասանելի դարձնելու համար: ՀՄԸՄ- ՀԱՍԿ-ը ինչպես միշտ պատրաստ է հյուրընկալելու մեր սիրելի քույրերին ու եղբայրներին… Մենք միշտ մեծ սիրով սպասում ենք համահոմենընթմենական տարբեր միջոցառումներին, որոնք իրականացվում են Հայաստանում, մենք էլ համարվում ենք հյուրընկալ կողմ»,-նշեց Սանդրա Վարդանյանը:
Հավելեց, որ այս պահի դրությամբ արդեն բանակավայրում են գտնվում որոշակի թվով սկաուտներ, եւ բանակումը որոշակիորեն ընթացքի մեջ է:
Նա տեղեկացրեց, որ իրենց օժանդակում են տեղի ոստիկանությունը եւ շտապ օգնության ծառայությունը, նաեւ բանակումի այն մասնակիցները, որոնք բժշկական կրթություն ունեն, կլինեն բժիշկների կողքին:
Կարդացեք նաև
Բանակումի խմբապետ (ՀՄԸՄ-Ֆրանսիա) Պողոս Մահպուպյանի խոսքով, բանակումին մասնակցելու է 750 սկաուտ՝ 50 շրջաններից: Նա ընդգծեց, որ այս բանակումի նշանաբանն է՝ «Խրոխտ, խիզախ, մի՛շտ պատրաստ»։ Բանակում նունի իր խորհրդանշանը (հեղինակ՝ Հովիկ Փամփալյան, Սիրիայից) եւ քայլերգը (խոսք եւ երաժշտություն՝ Ակուստին Անալյանի, Հարավային Ամերիկայից)։
Հիշեցնենք, որ 1994թ.-ից յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ Հայաստանում կայանում է ՀամաՀՄԸՄ-ական սկաուտական բանակում, ՀՄԸՄ-ի տարբեր շրջանների սկաուտական խմբերի մասնակցությամբ և ՀՄԸՄ- ՀԱՍԿ-ի հյուրընկալությամբ, նպատակ ունենալով աշխարհասփյուռ հայորդիներին համախմբելու հայրենիքում։
Այս տարի հուլիսի 21-ից 30-ը տեղի է ունենալու 12-րդ հերթական բանակումը՝ 24 երկրից շուրջ 750 սկաուտների և պատասխանատուների մասնակցությամբ։ Բանակումի բացման արարողության ավարտին, հուլիս 22-ին երեկոյան ժամը 20։30 նախատեսվում է մասնակիցների այցելությունը Ցեղասպանության հուշահամալիր, հոգեհանգստյան արարողություն և ծաղիկների խոնարհում զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Բանակումի ընթացքում իրականացվելու են մի շարք այլ ծրագրեր՝ այցելություն Եռաբլուր, այցելություն Գյումրի և Սևան, Արագած լեռան վերելք, հանրային աշխատանքի իրականացում, խոհարարական և տաղանդների մրցույթ, ազգային մշակույթի օր և այլն։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ