«Փաստինֆո». Բաքուն Երևանից պահանջել է դադարեցնել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Երասխում, կառուցվող մետալուրգիական գործարանի շինարարությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ APA գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության ղեկավար Մուխթար Բաբաևի անունից, ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին ուղղված նամակում ասվել է, որ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիայի համատեքստում, Հայաստանը պարտավոր է Ադրբեջանին ծանուցել շրջակա միջավայրի վրա գործարանի հնարավոր ազդեցության մասին, ինչն, իրենց պնդմամբ, չի արվել։
Այս հարցի վերաբերյալ Բաքուն ծանուցում է ուղղել նաև ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին։
Ավելի վաղ, սակայն, Երասխի տարածքում կառուցվող գործարանի սեփականատեր՝ ամերիկյան «Վիրտուալ ֆոնդինգ» և «ՍԻԷՍԻ գլոբալ ինվեսթմենթս» ՍՊ ընկերությունները հայտարարել են, որ Կեղծ են պնդումները, որ Երասխում կառուցվող գործարանը էկոլոգիական խնդիր է ստեղծելու Ադրբեջանի համար: Մեր գործարանը ոչ թե մետալուրգիական է, որտեղ հանքաքարից մետաղ են արտազատում, այլ մետաղաձուլարան է, որտեղ պատրաստի մետաղները, ձուլելու արդյունքում, վերածվում են ամրանների: Այս պարագայում, չկան վնասակար արտանետումներ ո՛չ դեպի մթնոլորտ, ո՛չ դեպի շրջակա միջավայր ու պոչամբար: Թափոններ նույնպես չկան: Նմանատիպ գործարան այժմ աշխատում է նաև Ադրբեջանի մայրաքաղաքում՝ «Բաքու սթիլ քոմփանի» անվամբ, որը տարեկան 4 անգամ ավել երկաթ է ձուլում, քան նախատեսվում է ձուլել մեր գործարանում և գտնվում է բնակելի տներից 400 մետր հեռավորության վրա:
«Մեր այս հայտարարությունն անտեսելու և անզեն բանվորերի ուղղությամբ կրկին կրակահերթ արձակելու պարագայում, մենք դա կդիտենք ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ, որը ոչ թե բնապահպանական շարժառիթ ունի, այլ զուտ քաղաքական որոշում է»,- հայտարարել էին գործարանի սեփականատերերը՝ նշելով, որ չենք խնայի որևէ միջոց և միջազգային հարթակներում պահանջելու են կատարված ներդրումների, կրած վնասների և չստացված օգուտների հատուցում, եթե Ադրբեջանը շարունակի թիրախավորել գործարանը։