ՀՀ զինված ուժերում հունիսից արդեն մեկնարկել է ատեստավորման գործընթացը. կամավոր ատեստավորմանն արդեն մասնակցել է շուրջ հազար զինծառայող, առաջին հայտ ներկայացրել են 4 հազարը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը բանակային խաղերի անցկացման մասին հարցից սահուն անցում կատարեց դեպի կամավոր ատեստավորման հարց:
«Ունենք և՛ ատեստավորվածներ, և՛ իհարկե, մարդիկ, որոնք չեն կարողացել հաղթահարել՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, խոսքը վերաբերում է պատրաստվածության մակարդակին»,- ասաց Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ այն ստորաբաժանումները, այն զինծառայողները, որոնք հավուր պատշաճի պատրաստվել են, կարողանում են հաղթահարել ատեստավորման շեմը, ավելին՝ արձանագրում են նաև շատ լավ արդյունքներ։
«Կա ընկալում առ այն, որ պատրաստվածության մակարդակը պետք է ամենօրյա ռեժիմով բարձրացնել ու ստանալ ատեստավորման նոր հնարավորություններ նաև նրանց պարագայում, որոնք թերացել են։ Գործընթացը բավականին առողջ է, ունենք դժվարություններ, արձանագրվում են թերություններ, որոնց մասին գիտեինք, բայց արդեն փաստացի արձանագրում ենք, սրա մասով պետք է շատ արագ ու գործնական քայլեր կատարենք»,- նշեց Պապիկյանը:
Կարդացեք նաև
Նա վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի ուղղորդումը, թե օգոստոսի 1-ից Զինված ուժերում կլինեն զինծառայողներ, որոնց աշխատավարձը կկրկնապատկվի։
«Մենք ունենք զինծառայողներ, որոնք արդեն իսկ հաղթահարել են գերազանցի նշաձողը, նրանց պարագայում ոչ միայն կրկնակի, այլև կրկնակիից ավելի է աշխատավարձը բարձրացել»,- նշեց նա։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ