ԱԺ դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արգելվել է դաշնակցական Ասլան Ասլանյանի մուտքը Հայաստան, որը հայրենիք է եկել ընտանիքով, ՀՄԸՄ համահայկական բանակումին մասնակցելիք որդու եւ մի քանի այլ սկաուտների հետ:
Aravot.am-ը կապվեց Ասլան Ասլանյանի հետ, որը դեռեւս օդանավակայանում է: Հարցրինք, թե ինչ պատճառաբանությամբ սահմանապահները թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան: Ասլան Ասլանյանն ասաց, որ որեւէ պատճառ չեն նշել, ընդամենն ասել են՝ մուտքդ փակ է. «Նույն անձերին, որոնք անձնագիրս վերցրին եւ ասացին՝ մուտքդ փակ է Հայաստան, հարցրեցի՝ պատճառը որն է: Ասացին, հիմա ուշ է, կարող ես վեր բարձրանալ, հանգստանալ, սուրճ խմել, մենք քեզ հետ կկապվենք, մինչեւ հիմա սպասում եմ…»:
Հարցրինք՝ իր կարծիքով որն է պատճառը, որ թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան: «Հոլանդիայում մասնակցել եմ Հայաստանի իշխանությունների դեմ ցույցերի, երեւի դա է պատճառը: Վերջին անգամ 2014-ին եմ Հայաստան եկել»,-ասաց Ասլան Ասլանյանը:
Նրանից տեղեկացանք, որ 19 օրով է եկել տիկնոջ, որդու եւ դստեր հետ՝ ոչ միան համաՀՄԸՄ-ական բանակումի առիթով, այլեւ Հայաստանում հանգստանալու նպատակով:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ իր հետ սկաուտական բանակումին մասնակցելու համար Հայաստան եկող անչափահաս երեխաներ կային, որոնք, իր զավակները եւ տիկինը հանգիստ մուտք են գործել Հայաստան, առանց որեւէ խնդրի 2 օր առաջ իր քույրն է Հայաստան մուտք գործել, մյուս քույրը 2 տարի է Հայաստանում է հաստատվել, նաեւ եղբայրն էր 3 շաբաթ առաջ Հայաստան եկել: Արգելել են միայն իրեն:
Դաշնակցական գործչից պարզեցինք, որ խնդրի մասին տեղեկացրել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին, եւ ստացել է պատասխան, որ հարցով զբաղվում են: Ինչ վերաբերվում է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին դիմելուն, ասաց, նրան չի դիմել, որովհետեւ կասկածներ ունի, որ իր խնդիրները Բալայանից են գալիս:
Մեր զրուցակիցը նաեւ հավելեց, որ շատ հոգնած է, երեկվանից օդանավակայանում է, ընտանիքն էլ անհանգստացած է, ու եթե հարցը չլուծվի, ստիպված պետք է վերադառնան Նիդերլանդներ:
Ի դեպ, Գեղամ Մանուկյանն իր էջում դիմել էր Տիգրան Բալայանին. «Հոլանդիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայան, դուրդ գալի՞ս է, թե հայրենի Արցախիցդ հրաժարված այս դավաճանական վարչախումբը ինչ է անում: Ասլան Ասլանյանի անունը դո՞ւ ես փոխանցել, որ արգելվի մուտքը Հայրենիք»:
Հավելենք, որ Ասլան Ասլանյանից բացի, այլ դաշնակցականներ եւս չեն կարողացել մուտք գործել հայրենիք:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ