Լրահոս
Օրվա լրահոսը

Բագարան և Երվանդաշատ գյուղերում 2088 հա հողամասերում նուշի ինտենսիվ այգի և խոշոր ֆերմերային տնտեսություն կհիմնվի

Հուլիս 20,2023 12:24

«ՅՈՒ ԷՄ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ներդրումային ծրագրով՝ Արմավիրի մարզի Բագարան և Երվանդաշատ գյուղերում 2088 հա հողամասերում նուշի ինտենսիվ այգի և խոշոր ֆերմերային տնտեսություն կհիմնվի: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով, դեռևս 2022-ի օգոստոսին կառավարությունն ընդունել է որոշում, ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց ծրագիրը հաստատելու մասին, որի համաձայն՝ այն ներդրողները, որոնք իրենց ներդրումներն անելուց կարիք կունենան որոշակի ենթակառուցվածքների, կկարողանան այդ ենթակառուցվածքային օժանդակությունը ստանալ կառավարությունից, եթե պայմաններին համապատասխանում է:

«Այսօր երկու ծրագիր մենք հաստատում ենք: Դրանցից մեկը «ՅՈՒ ԷՄ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ներդրումային ծրագիրն է, որով Արմավիրի մարզի Բագարան և Երվանդաշատ գյուղերում 2088 հա հողամասերում նուշի ինտենսիվ այգի և խոշոր ֆերմերային տնտեսություն է հիմնվում: Դա 257,4 մլն դրամի ենթակառուցվածքային օժանդակության ծրագիրն է, որի ներքո կառավարությունը կտրամադրի ոռոգման ջրագիծ և պոմպակայան: Այս ծրագրի 1-ին փուլի արժեքը 3,1 մլրդ դրամ է: Նախատեսվում է առաջին 300 հա-ի ներդրումը կատարել: Բնականաբար, որոշ ժամանակ անց ընկերությունը կներկայացնի 1788 հա-ի ներդրումները»,-տեղեկացրեց Քերոբյանը;

Նա միաժամանակ ներկայացրեց մյուս ծրագիրը, որն ընդգրկված էր նիստի չզեկուցվող հարցերի շարքում, նախատեսվում է «Ագրոպրո» ընկերության կողմից Արագածոտնի մարզում 90 հա հողատարածքի վրա ինտենսիվ այգի հիմնել: Այս ծրագրով պետությունը 1,5 կմ ճանապարհի ասֆալտապատման օժանդակություն է տրամադրում, նաև ինտերնետ կապի, բջջային կապի, ոռոգման ջրագծի, խմելու ջրագծի, էլեկտրամատակարարման տրամադրում: Ծրագրի արժեքն է 383,1 մլն դրամ:

Ծրագրով նախատեսվում է նուշի այգիների հիմնման արդյունքում առաջին փուլում իրականացնել 1.5 մլրդ ՀՀ դրամի ներդրում, իսկ հաջորդ փուլերի ընթացքում՝ ևս 500 մլն ՀՀ դրամի ներդրում։ Ծրագրի իրականացման առաջին տարում ստեղծվելու են 15 հիմնական և 20 սեզոնային աշխատատեղեր։ Ծրագրի իրականացման հինգերորդ տարում նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել 35 հիմնական և 40 սեզոնային աշխատողի՝ նպաստելով համայնքների զարգացմանը և զբաղվածության ապահովմանը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31