Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սեխ կանտալուպի դրական ազդեցությունն առողջության վրա

Հուլիս 20,2023 09:30

Ասում են, որ սեխի այս տեսակն այնքան է դուր եկել Հռոմի պապին, որ նա հրամայել է այն աճեցնել Կանտալուպայի իր հողերում, որտեղից էլ այս հյութեղ, քաղցրահամ պտուղը ստացել է իր անվանումը՝ կանտալուպ։ Ինչպես և սեխի այլ տեսակները, գծավոր կեղևով և նարնջագույն պտղամսով կանտալուպը բջջանյութի, վիտամինների, հանքանյութերի ու բուսական պոլիֆենոլների հարուստ աղբյուր է, որն ունի մի շարք առավելություններ առողջության համար։

Ինչ ազդեցություն ունի կանտալուպն առողջության վրա

Լավացնում է տեսողությունը․ կանտալուպի կանոնավոր օգտագործումը բարենպաստ ազդեցություն ունի աչքերի առողջության վրա։ Պարունակելով վիտամին C, զեաքսանտին և կարոտինոիդներ՝ այն բարելավում է տեսողությունն ու նվազեցնում կատարակտի և մակուլոդեգեներացիայի (հիվանդություն, որը կարող է հանգեցնել պղտորված տեսողության կամ տեսադաշտի կենտրոնում տեսողության կորստի) վտանգը:

Կարգավորում է օրգանիզմում հեղուկի և էլեկտրոլիտների հավասարակշռությունը և կանխում ջրազրկումը․ 90 տոկոսով կազմված լինելով ջրից՝ ամռան շոգին կանտալուպն օրգանիզմը ջրազրկումից պաշտպանող համեղ միջոց է։

Ունի գլիկեմիկ ցածր ցուցանիշ․ կանտալուպը, իհարկե չափավոր քանակությամբ, կարող են ուտել դիաբետ ունեցող մարդիկ, քանի որ այս պտուղը թեև քաղցր է, բայց լինելով հարուստ բջջանյութով՝ դանդաղ է յուրացվում օրգանիզմի կողմից, ինչի շնորհիվ արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումներ տեղի չեն ունենում։

Կարգավորում է զարկերակային ճնշումը․ կանտալուպը հարուստ է կալիումով, իսկ կալիումն, ինչպես հայտնի է, նպաստում է արյունատար անոթների թուլացմանն ու զարկերակային ճնշման նվազեցմանը։

Կանխարգելում է փորկապությունը․ սննդային մանրաթելերը բարելավում ու կանոնակարգում են մարսողական համակարգի աշխատանքը՝ կանխելով այնպիսի խնդիրները, ինչպիսին փորկապությունն է։

Ամրացնում է իմունիտետը․ կանտալուպը հարուստ է բուսական միացություններով, որոնք, ունենալով հակաբորբոքային ազդեցություն, օգնում են պայքարել հիվանդությունների դեմ։

Օգտակար է պտղի զարգացման համար․ կանտալուպի կազմում առկա ֆոլաթթուն հղիության ընթացքում անհրաժեշտ ամենակարևոր սննդանյութերից մեկն է, որը կանխում է պտղի բնածին արատների զարգացումը, ինչպես նաև օգնում ձևավորել էրիթրոցիտներն օրգանիզմում՝ ընդհանուր բարենպաստ ազդեցություն գործելով մոր ու մանկան առողջության վրա։

Ունի հակաքաղցկեղային ազդեցություն․ հետազոտությունները ցույց են տվել, որ ֆոլաթթուն կարևոր դեր ունի քաղցկեղի կանխարգելման հարցում, սակայն այդ սննդանյութը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ քաղցկեղի ուշ փուլերում կիրառվելու դեպքում։

Դրական է ազդում մաշկի որակի վրա և նվազեցնում է մազաթափությունը․ կանտալուպի կազմում պարունակվող վիտամինները սնուցում են մաշկն ու պաշտպանում այն տոքսիններից։ Հանքանյութերն ու վիտամինները խթանում են մազերի աճը՝ միաժամանակ նվազեցնելով մազաթափությունը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31