Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգինալ մտածողությունը՝ որպես ռեժիմի հիմք

Հուլիս 20,2023 10:00

Երեւանում հասարակական տարբեր խմբեր եւ անհատներ բողոքում են Արցախի շրջափակման դեմ, մտահոգություն են հայտնում պաշարման մեջ գտնվող իրենց հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ: Հազարավոր մարդիկ, որոնք նստած են տանը, ոչ միայն չեն կիսում այդ մտահոգությունները, այլեւ սոցցանցերում բազմապիսի դատողություններ են անում այդ նախաձեռնությունների մասին:

Ոմանք գտնում են, որ Արցախում հումանիտար աղետը կանխելու ճիգերը հենց այն թեման է, որը հնարավորություն է տալիս դրսեւորելու սեփական անսահման սրամտությունը: Ոմանք կարծում են, որ այդ հարցին պետք է մոտենալ աշխարհաքաղաքական կողմնորոշումների տեսանկյունից՝ «Ինչո՞ւ եք ՄԱԿ-ի մոտ նստել, գնացեք ՌԴ դեսպանատան մոտ նստեք», «Ինչո՞ւ եք Ռուսաստանի դեսպանատան մոտ, պետք է ցույց անել ԵՄ ներկայացուցչության մոտ», «Ո՛չ, ցույց անելու տեղը պետք է լինի միայն ՀՀ կառավարությունը»: Առավել «խորաթափանցները» բացատրում են այդ նախաձեռնությունների դավադիր բնույթը եւ մատնանշում են այն կենտրոնները, որտեղից դրանք ղեկավարվում են:

Ինձ թվում է, այդ բոլոր խոսակցությունները մեզ՝ հայերիս, պատիվ չեն բերում: Եթե 20 տարեկան աղջիկը վերցնում է թուղթը, վրան գրում է՝ «Փրկեք Արցախի երեխաներին» եւ դուրս է գալիս փողոց, ապա նա գուցե անմիջապես այդ երեխաներին չի փրկում: Բայց նա փրկում է ինքն իրեն եւ, մեծ հաշվով, մեր հասարակությունը: Փրկում է ցինիզմից, անհավատությունից, իրար կասկածելու, իրար չսիրելու, համերաշխ չլինելու ախտից: Իսկ այդ ախտի պահպանումն ու տարածումն, իհարկե, ձեռնտու է իշխանություններին: «Ամեն ինչ թատրոն է, ամեն ինչ դերասանություն է, սաղ փողի համար է արվում»՝ այսպիսի մարգինալ մտածողությունն է ցանկացած ավտորիտար ռեժիմի հիմքը:

Եթե մարդն ասում է, որ Արցախը չպիտի լինի Ադրբեջանի կազմում եւ պատրաստ է դրա համար կատարել որեւէ, թեկուզ խորհրդանշական քայլ, ինձ համար բացարձակապես կարեւոր չէ՝ նա ՔՊ-ական է, դաշնակցական, թե ՀՀԿ-ական: Այդպիսի մարդկանց առկայությունը հույս է ներշնչում, որ մեր հասարակությունը կարող է առողջանալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ես քրմապետության կողմնակից եմ, երբ քրմերն են ամենախելոքները, ամենաոգեղենը, ամենահոգեւորը, ամենահարուստը եւ ամենաուժեղը եւ նրանք են հասկանում Արարչի կամքն ու փոխանցում քրմապետության ժողովրդին: Մեր մեջ հաստատ կլինեն այդ տեսակի մարդիկ, նրանք կարող է նույնիսկ երեխա լինել կամ ծերունի, հնարավոր է, որ բոլորիս մեջ դա կա, միայն քնած վիճակում է:

  2. Հ. Շ. says:

    հետեւեալ առաջարկս՝
    https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0f6QBBzVqStnpvMsy7RGP6xebbbMRemSVSCFPLYYU9rXauqbt65RLRBeMWe5dKZV8l&id=100063953917374
    որեւէ տեղ չհասնելէն ետք

    փորձեցի հետեւեալը՝
    https://chng.it/BMFsS4KLkq
    զորս ստորագրած են՝ 19 հայեր. ներառեալ ես ու կինս

    Փաշինյանը, շատ ճիշդ բաներ է ասում…
    անհանդուրժելին այն է սակայն, որ ի՛նք է այդ բաները ասում…

    • Հ. Շ. says:

      Յ.Գ. 15 ամառներ շարունակաբար, ընտանեօք, Շուշի էինք: Ճամբար կը բանայինք ու կը վարէինք այդտեղ:
      https://www.facebook.com/AramManoukianJampar/

      Մեր բոլոր ծանօթներէն, բարեկամներէն, ազգականներէն, հազիւ 1% (մէկ տոկոս), ոչ ի՛սկ, եկան այդտեղ մեզ այցելելու:

      Ներառեալ շատերը, որոնք մինչդեռ նոյն ժամանակաշրջանին կը գտնուէին Երեւան:

      Դեռ ուրիշ շա՜տ բաներ կը բացայայտեմ, որպէս ուղղակի վկայութիւն, այս նիւթով: Մանրամասն եւ մանրակրկիտ կերպով:

      Գնա մեռի՜ր, եկուր սիրեմ…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31