Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«…Չճանաչված երկրի չճանաչված դիրիժորի, օկուպանտի, դիվերսանտի, իրեն մաեստրո հռչակած ինչ-որ մեկի խոսքն է, որը չգիտես որտեղից է հայտնվել Ղարաբաղում»

Հուլիս 20,2023 13:00

Հարցազրույց Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Գեւորգ Մուրադյանի հետ

– Մաեստրո, ձեզ հետ մեր վերջին հանդիպումը 2017-ին էր, երբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում նշվեց ձեր ծննդյան 70-ամյակը, դուք էլ ղեկավարում էիք ձեր հարազատ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը, որի դիրիժորն եք հանդիսացել 1991 թվականից մինչեւ 95-ը։ Մինչ այդ էլ՝ 1970-90-ը Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էիք, 1995-ից՝ ֆիլհարմոնիկ երգչախմբի ղեկավարը, զուգահեռ աշխատել եք՝ դասավանդելով Երեւանի կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում, եղել եք Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի առաջին դիրիժորներից, ունեցել եք բազում հյուրախաղեր եւ այլն։ Իսկ 2004-ից նշանակվել եք Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, հյուրախաղերով հանդես եք եկել նաեւ արտասահմանյան երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ եւ եվրոպական երկրներ։  Այսօր աշխարհին է հայտնի Արցախում տիրող օրհասական վիճակը, որին արցախցին դիմակայում է ավելի քան 7 ամիս…

– Կներեք ընդհատելու համար, ես ոչ թե ակնկալում, այլ վստահ եմ, որ առաջին հարցը լինելու է՝ ինչո՞ւ եմ Երեւանում, ի՞նչ եմ անում այստեղ։ Ֆրանսիա եւ Բելգիա հյուրախաղերից հետո անցյալ տարվա դեկտեմբերի 8-ին Ստեփանակերտում մեր հերթական համերգն էր։ Հաջորդ օրը տիկնոջս հետ եկանք Երեւան՝ եղբորս մահվան տարելիցի կապակցությամբ։ Իսկ հետո արդեն գիտեք մեզ պատուհասած չարաբաստիկ իրադարձությունների մասին… Արցախցին համառ է, տոկուն, բայց ինչու միայն արցախցին, մենք՝ աշխարհով մեկ սփռված հայերս ենք այդպիսին։ Չկարծեք միամիտ բան եմ ասում. հավատում եմ, եւ ոչ միայն ես, որ ի վերջո արդարությունը կհաղթի, բայց միայն ազգովի համախմբվելուց հետո։

– Մինչ Արցախի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելը, գիտենք, որ առաջարկ եք ունեցել ղեկավարելու Միչիգանի համալսարանի նվագախումբը…

– Այո, նախաձեռնությունը Դետրոյթի հայկական եկեղեցունն էր, բայց դրան հետեւեց Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Արցախի կառավարության կողմից հրավերը՝ Ստեփանակերտում հիմնել կամերային նվագախումբ։ Դա ղարաբաղյան զարթոնքի տարիների իմ երազանքն էր… Արցախյան առաջին պատերազմում հերոսացած տղաների թվում էին նաեւ իմ լավագույն ընկերներից… Կարճ ասած՝ իսկապես ոգեւորությամբ եմ ընդունել առաջարկը։ Իսկ հետոն՝ գիտեք. 12 երաժիշտների հետ մեկնեցինք Արցախ, այնտեղ միացան եւս 10-ը։ Այսպես հիմնվեց Արցախի պետական կամերայինը։ Իհարկե, տարիների ընթացքում Հայաստանից մեկնածներից Արցախում մնացին երկու երաժիշտ՝ ալտահար Մարգարիտ Հախնազարյանը եւ ջութակահար, նվագախմբի կոնցերտմայստեր Իրինա Սոկրատյանը։ Մի խոսքով՝ նվագախումբը համալրվեց տեղի կադրերով, եւ դա իմ ռազմավարությունն էր, որ այնտեղ ստեղծվեն հնարավորություններ, պայմաններ, կադրեր, որպեսզի Արցախի կամերայինը աշխարհին ներկայանա արցախցի երաժիշտներով։

– Հավանաբար հիշում եք նվագախմբի առաջին համերգը։

– Իհարկե, այն էլ ինչպես։ Մոտ 20 օրվա կոլեկտիվ էինք, երբ հոկտեմբերին կայացավ մեր առաջին բեմելը, Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ, որն առայսօր սատարում է մեզ։ Նշեմ նաեւ, որ ժամանակին Արցախի մշակույթի նախարարության աջակցությամբ ստեղծվել ու գործում է նվագախմբին կից ստուդիա։ Իսկ գիտե՞ք ի՜նչ հանդիսատես ունենք Արցախում. առանց չափազանցության կարող եմ ասել՝ խստապահանջ, դասական արվեստը գնահատող հանդիսատես ունենք։

– Եվ այս ամիսների ընթացքում, բնականաբար, նրանք զրկված են նաեւ հոգեւոր սննդից։

– Տեղեկացնեմ, որ շրջափակման պայմաններում, բնականաբար՝ ոչ հաճախ, Արցախի պետական կոլեկտիվները, այդ թվում՝ կամերայինը, ելույթներ են ունենում։ Դե, ես էլ, ստեղծված իրավիճակից ելնելով, ամեն օր հեռակապի միջոցով եմ շփվում նրանց հետ, խորհուրդներ տալիս եւ այլն։ Կարծում եմ՝ պարզ է,  թե ինչի մասին կամ ավելի ճիշտ՝ ինչ թեմայով են մեր հեռակա զրույցները, շփումները… Երկարատեւ զրույցների ընթացքում երաժիշտներս կարոտով են հիշում, մտաբերում նվագախմբի ելույթները Արցախի տարբեր շրջաններում, զորամասերում…

– Մաեստրո, ընդամենը երկու արվեստագետ է արժանացել Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման՝ դուք եւ դերասան Քաջիկ Հարությունյանը…

– Հասկանալի է, Հայաստանում կոչումները վերացրել են… Բայց այսօր կոչումների մասին խոսելու ժամանակը չէ…

– Այս պահին էլ՝ զրույցի ընթացքում, տեսնում ենք, որ մտքերով Արցախում եք։ Կխնդրեինք վերջին հարցին պատասխանել. մեր տեղեկություններով՝ դուք էլ անմասն չեք մնացել ադրբեջանական մեդիայի «ուշադրությունից»։

– Դա Արցախում հաստատվելու իմ առաջին օրերին էր, երբ արտգործնախարարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ընդամենն ասել էի, որ երջանիկ եմ Արցախ աշխարհում ստեղծագործելու հնարավորության համար։ Չանցած մեկ ժամ Ադրբեջանը արձագանքել էր, թե դա չճանաչված երկրի չճանաչված դիրիժորի, օկուպանտի, դիվերսանտի, իրեն մաեստրո հռչակած ինչ-որ մեկի խոսքն է, որը չգիտես որտեղից է հայտնվել Ղարաբաղում եւ հարցազրույց է տալիս մեր Խանքենդի քաղաքում։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31