Լրահոս
Օրվա լրահոսը

Դրոնները պահանջարկ ունեն քրեակատարողական հիմնարկներում

Հուլիս 20,2023 14:00

Լիստ.ամ-ում վերջին շրջանում գերակշիռ մաս են կազմում «կգնեմ դրոն» կամ «վաճառում եմ դրոն» հայտարարությունները: Մատչելի է ոչ միայն դրոնը, այլ անգամ՝ առաքումը: Առաջարկվում է դրոն, օրինակ. «Շատ ամուր է, դիմանում է տարբեր տեսակի հարվածներին: Չափսեր` 39x29x8 սմ: Վահանակ՝ 2,4 Հ: Լիցքավորվող: Թռիչքի ժամանակը 12-17 րոպե: Կառավարման հեռավորությունը` 150-200 մ, արագությունը 2 մակարդակ: Երեւանում առաքումը 1000 դրամ, մարզերում` Հայփոստի միջոցով»:

Տեսանկարահանման համար նախատեսված ծալովի մինի դրոնների արժեքը սկսվում է 21 000 դրամից: Նույն հայտարությունների ցանկում փնտրվում են եւ վաճառվում «Ուղղաթիռ դրոն հեռակառավարմամբ իր պայուսակով, տեսախցիկով», որն արժե ընդամենը 35 հազար դրամ»:

Էլ E88 Drone, էլ Dji Dron, հազարումի հեռակառավարվող սարքեր են պահանջվում ամենուր:

Դրոնագիտությանս պրպտումների արդյունքում տեղեկացա, բացի այն, որ ռազմական նպատակներով օգտագործվող հետախուզական սարք է, լրագրողների, վավերագրողների համար անփոխարինելի տեսանկարահանող սարք է, երեխաների համար նախընտրելի խաղալիք է, այն ունի նաեւ «առաքիչ» առաքելություն:

Ըստ հայկական Վիքիպեդիայի, ԱԹՍ-ների կոմերցիոն առաջին փորձերը, որոնք իրականացվել են Tacocopter ընկերության կողմից՝ սննդամթերք առաքելու նպատակով, արգելափակվել են Ավիացիայի դաշնային վարչության կարգավորումներով: 2015 թվականի դրությամբ ԱԹՍ-ներով տուփերի առաքումն ԱՄՆ-ում արգելված է. «ԱԹՍ-ները կարող են դեղորայք եւ պատվաստանյութ տեղափոխել, ինչպես նաեւ հեռավոր եւ անմատչելի տարածաշրջաններում բժշկական նշուշներ ստանալ: Ընդ որում, բժշկական դրոնները կարող են շտապ դեֆիբրիլյատորներ տեղ հասցնել վճռորոշ ժամանակահատվածում՝ սրտի կանգնումից անմիջապես րոպեներ անց, ինչպես նաեւ հնարավորություն ունեն հոսքերի փոխանակում (livestream communication) կատարել, ինչը թույլ է տալիս պարամեդիկներին հեռահար կերպով հետազոտել եւ կողմնորոշել տեղում գտնվողներին դեֆիբրիլյատորների օգտագործման եղանակի վերաբերյալ»:

Բայց այս մասին չեմ ուզում խոսել, դա մեկ այլ քննարկման առարկա կարող է դառնալ, երբ հայերիս նախասիրությունների գագաթը դառնա տան նկուղում մի քանի դրոն մոդային տուրք տալով ուղղակի պահելը:

Այս տարվա հունվարից հետեւում եմ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում «Ներնետումների» ընթացքին: Ուշադրությունս գրավեց այն, որ քրեակատարողական հիմնարկներ որոշակի իրեր են նետվում դրոնների միջոցով:

Մասնավորապես, ասածս հիմնավորեմ պաշտոնական հաղորդագրություններից հղումներ կատարելով: Հուլիսի 17-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները, դիտաշտարակներում ծառայություն իրականացնելիս, նկատել էին «անօդաչու թռչող սարք» եւ արգելված իրերի հնարավոր ներնետման մասին ահազանգել հիմնարկի համապատասխան բաժին: Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տեղանքի զննություն, ինչի արդյունքում ժամը 00:45-ի սահմաններում արգելագոտու խոտածածկին հայտնաբերվել է կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որին ամրացված է եղել կրակայրիչի լուսարձակ: Փաթեթում առկա է եղել սպունգով փաթաթված բջջային հեռախոս: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս տարվա մայիսին Կոտայքի մարզի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց «դռոնի գործով» քրեական վարույթ: «Սեւան» քրեակատարողական հիմնարկում, մայիսի 17-ին՝ ժամը 21:25-ի սահմաններում, դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի աշխատակցից ահազանգ էր ստացվել, որ անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով փորձ է կատարվել հնարավոր ներնետում հիմնարկի տարածք: Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տարածքի զննություն, որի արդյունքում պատժախցերի մասնաշենքի տանիքի վրայից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված փաթեթ՝ մետաղյա կախիչով: Փաթեթում առկա են եղել լիրիկա տեսակի 50 դեղապատիճ, 23,9 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, 11 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, 6,7 գրամ թափանցիկ եւ 5,7 գրամ դեղնավուն բյուրեղանման զանգվածներ, 8,3 գրամ քաշով սեւ կպչուն զանգված, ինչպես նաեւ 2 ներարկիչ՝ յուրաքանչյուրում՝ 4,5մգ սուր հոտով անգույն հեղուկ, 3 բջջային հեռախոս, USB լար եւ դատարկ, ապակյա ծխամորճ: Բավական «ջոմարդ» դրոն:

Նկատենք, որ ներնետման դեպք փետրվարին նույնպես գրանցվել էր, դարձյալ «Սեւան» քրեակատարողական հիմնարկում: Փետրվարի 13-ին մթանը, հիմնարկի բաղնիքի «ձնածածկույթին» հայտնաբերվել էր փաթեթ: Իսկ «Սեւանում» ներնետման «շնորհանդեսը» սկսվեց հունվարի 4-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, երբ հիմնարկի դիտաշտարակներից երկուսի միջնամասում հայտնաբերվեց ներնետված փաթեթ, որում առկա էին «շագանակագույն եւ բյուրեղանման կասկածելի զանգվածներ, 4 բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ եւ USB լար»:

Դրոնի միջոցով այս տարի կատարված ներնետումների քանակով, իմ կարծիքով, առաջին «պատվավոր» տեղը զբաղեցնում է «Սեւան» քրեակատարողական հիմնարկը:

Հիշողությունս, եթե չի դավաճանում, երեք տարի առաջ փետրվարի 8-ին «Արթիկ» քրեակատողական հիմնարկում առաջին անգամ նման բան փորձարկվեց: Նետվել էր դրոնի միջոցով պլաստմասսե թափանցիկ տարա, որի մեջ հայտնաբերվել էր փաթեթավորված «Kinder» ձվիկ: Բացել էին ձվիկը, այնտեղ հայտնաբերել էին թմրամիջոց:

Իրավապահների տարեկան հաշվետվություններում, առհասարակ, որեւէ տեղ դեռ չեմ հանդիպել դրոնների միջոցով կատարված հանցագործությունների բացահայտման, պատասխանատվության ենթարկելու դեպքերի մասին: Դատարկ վարույթներ են ընդամենը, դատարկ վիճակագրություն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր, երբ պաշտոնական հաղորդագրություն ստացվեց «Սեւան» քրեակատարողական հիմնարկում ներնետման հերթական դեպքի մասին. . հուլիսի 18-ին դարձյալ բաղնիքի խոտածածկույթին նետված փաթեթ է: Եթե հիշում եք, ձմեռը նույն ՔԿՀ-ի նույն բաղնիքի ձյունածածկույթին էին նախընտրել նետել…

«Առավոտ» օրաթերթ
19.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31