Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլ Ռուսաստանն այլեւս զսպող գործոն չէ Էրդողանի համար

Հուլիս 20,2023 12:00

Մոսկվայի գործուն ջանքերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կողմ դարձած Թուրքիան առաջինը հիշեցրեց, որ ռուս խաղաղապահները պետք է լքեն Արցախը

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելուց հետո արմատապես փոխվել են այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության դրությունը, հուլիսի 15-ին Բրյուսելում եռակողմ բանակցությունների մեկնարկին այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Պաշտոնական Մոսկվան միաժամանակ պնդեց՝ «այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է դրվի երրորդ երկրների վրա»։ «Անհրաժեշտ է անհապաղ սկսել Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը` հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա», – ընդգծեց ՌԴ ԱԳՆ-ն, հավելելով` այդ փաստաթղթի «անբաժանելի մասը պետք է դառնան Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության հուսալի եւ հստակ երաշխիքները, ինչպես նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եռակողմ պայմանագրերի ամբողջ փաթեթի անշեղ իրագործումը, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը եւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը»։

Մոսկվան միաժամանակ շեշտեց, թե նպատակադրված է ակտիվորեն նպաստել Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, իր հերթին ահազանգելով՝ «այսօր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով, հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է, տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից»։ «Պատրաստ ենք առաջիկայում արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպում կազմակերպել՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը, որին կհաջորդի ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողով Մոսկվայում՝ վերոնշյալ փաստաթուղթը ստորագրելու համար», – նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Այնուհետեւ, դիմելով Ադրբեջանի իշխանություններին, Ռուսաստանի ԱԳՆ-ն «խստորեն» կոչ արեց «շտապ միջոցներ ձեռնարկել՝ Լաչինի միջանցքն անհապաղ ապաշրջափակելու, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով վերսկսելու, ինչպես նաեւ էներգակիրներ մատակարարելու տարածաշրջանին»։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որոշակի «հավասարակշռության» պահպանման փորձի ցուցադրությամբ, Ռուսաստանի նպատակը, թերեւս, վերջնականապես պաշտոնական Երեւանին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատու կարգելն էր:

Հարկ է, սակայն, նշել, որ մինչեւ Փաշինյանի իշխանության կողմից «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելը» Ռուսաստանը շատ ավելի վաղուց է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս: Հայաստանի նախկին բոլոր ղեկավարների օրոք ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահներն իրենց հարցազրույցներում այդ դիրքորոշումը արտահայտել են բավական հստակ:

Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի նախորդ ղեկավարների օրոք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը, ինքնորոշման սկզբունքները եղել են բանակցություններում օրակարգային հարցեր, դրանք արձանագրվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություններում: Այլ հարց է, որ պաշտոնական Բաքուն մշտապես անթաքույց դեմ է եղել դրանց եւ հրապարակավ հնչեցրել է դիրքորոշումը, որ չի ընդունում այդ սկզբունքը:

Այնպես որ, ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած գնահատականը որպես «նորություն» մատուցելը, մեղմ ասած, ազնիվ մոտեցում չէ: Բացի այդ, հիշեցնենք, ի՞նչ էր ասում Ռուսաստանի նախագահ Պուտինը 2020թ. նոյեմբերին` եռակողմ հայտարարության ստորագրումից ընդամենը մի քանի օր անց… Պուտինի դիրքորոշումն այսպիսին էր` Ադրբեջանը վերադարձրել է այն, ինչ համարում էր, որ իրենն է եւ այդպես էր համարում նաեւ ողջ միջազգային հանրությունը:

Եւ, ի դեպ, հուլիսի 17-ին պաշտոնական Մոսկվան վերահաստատեց իր դիրքորոշումը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն Մոսկվայում հանդիպեց Ադրբեջանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։ Այս հանդիպմանը ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական եւ անհապաղ ապաշրջափակման, դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը, որը բխում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից եւ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունից: ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի ոչ կոռեկտ մեկնաբանությունների հետ կապված ընդգծվել է, որ «Ռուսաստանի Դաշնությունը միշտ հարգանքով է վերաբերվել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, հավատարիմ է դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի ոգուն եւ տառին»։

Հետեւաբար, ՌԴ ԱԳՆ-ի հուլիսի 15-ի հայտարարությունն առավելապես կարգադրություն-հրահանգ է հիշեցնում, որով Մոսկվան, կարծես, նախազգուշացնում է` այլեւս Արցախում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների մասին չխոսել ու «անհապաղ» խաղաղության պայմանագիր ստորագրել, հիմնվելով` Պուտինի հովանու ներքո կայացած պայմանավորվածությունների վրա:

Ամենաուշագրավը, սակայն, հուլիսի 15-ի հայտարարության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքն էր: Նույնիսկ Ռուսաստանի կողմից այսպիսի հայտարարության բովանդակությունը Ադրբեջանն անընդունելի համարեց, պնդելով, թե այն հակասում է «Ադրբեջանի ու Ռուսաստանի դաշնակցային փոխազդեցության մասին հռչակագրին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության մասին հայտարարություններին` ներառյալ Ղարաբաղի շրջանը»: «Անթույլատրելի է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը մեկնաբանի այն փաստի համատեքստում, թե Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս», – հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Ավելին, Բաքվից նշեցին, թե «Լաչինի ճանապարհով ապօրինի գործունեությունը` զենք-զինամթերքի ու զինված խմբավորումների տեղափոխումը չի կանխվել», «հայկական զինված ուժերի մնացորդները վերջնականապես դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից»: «Ճիշտ հակառակը` հայկական զինված ուժերը աջակցություն են ստանում ռուս խաղաղապահ առաքելության առաջնորդության ներքո»: Ապա պաշտոնական Բաքուն ընդգծեց` «Լաչինի ճանապարհին անցակետը տեղադրվել է Ադրբեջանի ներքին օրենսդրության, ինչպես նաեւ միջազգային կանոնների համաձայն` ապօրինի գործունեությունը կանխելու եւ թափանցիկություն երաշխավորելու համար»: Ադրբեջանը միաժամանակ անհիմն որակեց Ռուսաստանի պնդումները տարածաշրջանում խորացող մարդասիրական ճգնաժամի մասին, կրկին նշելով, թե «կան հնարավորություններ հայ բնակիչների հնարավոր կարիքները բավարարել Աղդամ-Խանկենդի ճանապարհով»:

Վերջին շաբաթներին պաշտոնական Անկարայի կողմից որոշ քայլեր, որոնք Ռուսաստանում անմիջապես` «դեպի Արեւմուտք մանեւրներ» որակեցին, այժմ էլ Ադրբեջանի ԱԳՆ-ի վերջին քննադատությունը փաստում են, թե որքան թույլ է Ռուսաստանը, եւ որ այն որպես գերտերություն այսօր նույնիսկ պաշտոնական Անկարայի ու Բաքվի համար ընկալելի չէ:

Այլապես ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ հենց Ռուսաստանի գործուն ջանքերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կողմ դարձած Թուրքիան առաջինը հիշեցրեց, որ ռուս խաղաղապահները պետք է լքեն Արցախը:

Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ավարտին կայացած ասուլիսում ոչ ավել, ոչ պակաս ասաց հետեւյալը. «Կնքված պայմանագրի համաձայն՝ ռուսաստանցի խաղաղապահները Ղարաբաղում նախանշված վայրերում պետք է մնան մինչեւ 2025 թվականը։ 2025 թվականին արդեն Ռուսաստանը կհեռանա այդ վայրերից։ Ես հավատում եմ, որ Մոսկվան կկատարի կնքված համաձայնագրի դրույթները։ Իմ եղբայր Իլհամ Ալիեւը եւս ուշի-ուշով հետեւում է տարածաշրջանում տիրող իրավիճակին»։

Արդեն անվիճելի փաստ է, որ թույլ Ռուսաստանն այլեւս զսպող գործոն չէ այսօրվա Թուրքիայի համար, եւ անգամ` Ադրբեջանի համար: Բանը հասել է նրան, որ Բաքվից Մոսկվային արդեն հրապարակավ կշտամբում են, թե ինչո՞ւ է խոչընդոտում, կամ շեղվում թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերից:

Ռուսաստան-Արեւմուտք առճակատմամբ պայմանավորված իրավիճակը, Ռուսաստանի հանդեպ գործող պատժամիջոցները, Ռուսաստանի մեկուսացումը, այս բոլոր գործոնների հետ միասին, այնուամենայնիվ, չպետք է անտեսել այն հանգամանքը, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերն ու ազդեցությունը թուլացնելու հարցում վճռորոշ դեր ունեցավ հենց թուրք-ադրբեջանական տանդեմը: Ռուսաստանում, հիմա պարզապես, առավել մոդայիկ խոսույթ է ամեն ինչում Արեւմուտքին մեղադրելը, ու դժվար է նույնիսկ կանխատեսել, թե մոտ ապագայում այս պարզ ճշմարտությունը Ռուսաստանում ի վիճակի կլինեն արձանագրել ու խոստովանել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 18.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31